copy image url
Ներքին Արտաքին Միտք 3 օր առաջ - 18:00 25-06-2024

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. Ալիևին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմ հարկավոր չէ

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը Ադրբեջանին հանձնելուց հետո իշխանականները հանրությանը վստահեցնում էին, որ իրենք ոչ թե 4 գյուղ են հանձնել, այլ Ադրբեջանից վերցրել են ՀՀ-ի դեմ լեգիտիմ պատերազմ սանձազերծելու վերջին հնարավորությունը, սակայն, ինչպես ակնկալվում էր, թշնամին այսքանով չի սահմանափակվելու և նոր պահանջներ է ներկայացնելու։

Վերջին շաբաթներին Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարարություններ է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ։ Պաշտոնական Երևանը, ինչպես նաև ՀՀ-ում տեղակայված եվրոպացի դիտորդները կտրականապես հերքում են Բաքվի պնդումները, սակայն մեղադրանքների և ապատեղեկատվության տեղատարափը։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի և փորձում է քարոզչական դաշտում այդ պատերազմի համար լեգիտիմություն ձևավորել։

Հնարավոր պատերազմի ռիսկն օրերս ընդունել էր նաև արտաքին գործերի նախարարությունը, որն այս անգամ հիշել էր, որ իր խնդիրն իրականում ոչ Նիկոլ Փաշինյանի օրակարգերի, այլ Հայաստանի Հանրապետության շահերի սպասարկումն է: «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար»,- նշվում էր ԱԳՆ-ի հայտարարությունում։

Այս ամենին զուգահեռ գործող իշխանությունները չեն հրաժարվում Ադրբեջանի բոլոր պահանջները կատարելու գնով խաղաղություն հաստատելու քաղաքական կուրսից, որը, շատերի գնահատմամբ, դատապարված է տապալման։ Տավուշի ոչ անկալավային գյուղերը թշնամուն հանձնելուց հետո այժմ օրակարգ է եղել նաև 4 անկլավները հանձելու հարցը, որին Նիկոլ Փաշինյանը կարծես թե դեմ չէ։

Իշխանությունների շրջանում նման մտադրության առկայության մասին են վկայում Նիկոլ Փաշինյանի մարզային այցերն ու բերադրված տեսարանները, նրա վերջին հայտարարություններն ու հատկապես նոր Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ խոսակցությունները։ Օրերս կառավարության ղեկավարը Բաքվից հնչող հայտարարությունների ֆոնին հանձնարարեց նոր Սահմանադրության նախագիծ մշակել ու մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը այն հաստատել, ինչը շատերի գնահատմամբ հենց 4 անկլավները Ադրբեջանին հանձնելու գործընթացի նախատրաստումն է, քանի որ այդ գյուղերն ընդգրկված են ՀՀ ինքնիշխան տարածքի կազմում և առանց հանրաքվեի դրական արդյունքի Փաշինյանը չի կարող հանձնել դրանք։

Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն Ադրբեջանին առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումը.

«Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը:

Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության և ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում՝ Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»։

Պաշտոնական Բաքուն դեռևս չի արձագանքել Երևանի այս առաջարկին, չնայած դրանից արդեն 3 օր է անցել։ Դատելով անցյալի փորձից՝ կարծում ենք, որ ադրբեջանական կողմն այս առաջարկին կա՛մ որևէ պատճառաբանությամբ մերժելու է այս առաջարկը, կա՛մ էլ առհասարակ չի արձագանքելու դրան։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայկական կողմի առաջարկը ողջունելի էր համարել, առավել հավանական է, որ Բաքուն կարձագանքի, սակայն կմերժի այն։

Երևանի առաջարկը մերժելու համար որպես հարմար պատրվակ Բաքուն կարող է օգտագործել հայ-ադրբեջանական սահմանին եվրոպացի դիտորդների առկայությունը՝ պնդելով, որ վերջիններս հակաադրբեջանական գործունեություն են ծավալում։ Նման կերպ Ալիևը կձգտի հաճոյանալ նաև Մոսկվային և Թեհրանին, որոնցից առաջինը ամեն առիթով հայտարարում է, որ եվրոպացի դիտորդները ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի դեմ հետախուզական տվյալներ են հավաքագրում, իսկ երկրորդը մշտապես նշել է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունն իր համար անընդունելի է։

Իրականում, ինչպես ՀՀ ԱԳՆ-ն էր զգուշացրել, Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ նոյեմբերից հետո նոր պատերազմ սանձազերծել, ուստի այս փուլում իրատեսական չէ ակնկալել, որ վերջինս կհամաձայնի մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումը։ Եթե անգամ Բաքուն համաձայնի այս առաջարկին, ինչն այս փուլում իրատեսական չի թվում, ապա դրանով վերջինս փորձելու է իմիտացիա ստեղծել, սակայն երբ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ժամանակը գա, վերջինս որևէ պատրվակով հրաժարվելու է դրանցից։

Ստեղծված իրակվիճակում Հայաստանի Հանրապետության կենսական տեսանկյունից անհրաժեշտություն է, որ գործող իշխանությունները նախևառաջ հրաժարվեն Ադրբեջանի պահանջները կատարելու քաղաքականությունից, քանի որ հերթական անգամ համոզվում ենք, որ անգամ այդ ճանապարհով հնարավոր չէ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել։ Չափազանց կարևոր է, որ հայկական կողմ ակտիվ աշխատանք կատարի միջազգային դերակատարների հետ, որպեսզի թույլ չտա, որ որևէ պարագայում Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հարձակման հարցում վերջիններիս շրջանում կոնսենսուսի հասնի, ինչպես նաև իրապես բարձրացնի հայկական զինված ուժերի մարտունակությունը, այլ ոչ թե բավարարվի միայն դրա իմիտացիայով։

Դավիթ Գույումջյան

Ձեզ գուցե հետաքրքրի