ԱԺ-ն երեկվա նիստում ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը․ ՀԷՑ-ը վերադարձվում է պետությանը։ Փաստի առնչությամբ համացանցը հեղեղված է ՔՊ-ականների ոգևորությամբ։ Ի՞նչ է տալու դա Հայաստանին, ի՞նչ է շահելու կամ օգտվելու հայ սպառողը։
Oragir․News-ը թեմայի հետ կապված զրուցել է Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։
«ՀԷՑ-ի պետականացումը այնքան էլ արագ ընթացող գործընթաց չէ։ Արդեն հայտնի է, որ «Տաշիր գրուպը» դիմել է միջազգային արբիտրաժային դատարան, հետևաբար՝ ազգայանցումը կամ ՀԷՑ-ը գողանալու փորձը, որ հիմա կատարվում է, բավականին երկար ժամանակ կխլի, ինչն էլ, անկասկած, տնտեսական հետևանքներ կունենա։
Առաջին հերթին այդ գործընթացը ներդրումային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար, քանի որ միայն վերջին 10 տարում մոտ 680 մլն դոլարի ներդրում է արել այդ կառույցը։ Դրանից հետո, պարզ է, չէ՞, խոշոր ներդրողները և, ընդհանարպես, ներդնողներն արդեն երկու անգամ կմտածեն՝ արժե՞ գալ Հայաստան՝ ներդրումներ անելու , թե՞ ոչ»,-մեզ հետ զրույցում ասաց փորձագետն ու հավելեց՝ՀԷՑ-ի շուրջ ծավալվող քաոսը բավականին խարխլում է մեր ներդրումային միջավայրը։
«Վտանգավոր, ռիսկային քայլ է։ Այն ներդրումները, որոնք արդեն իրականացվել են՝ կգնան դուրս, ինչը շատ վատ է առանց այն էլ խնդիրների մեջ գտնվող մեր տնտեսության համար»,- նկատեց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- «Երկրորդ հարցը՝ էներգետիկ անվտանգության թեման է։ Այս տեսանկյունից ՀԷՑ-ը մեր անվտանգության կարևորագույն մասն է, և դա խլելու կամ գողանալու փորձը լրջագույն ռիսկեր է ստեղծում։ ՀԷՑ-ը, առանձնապես, եկամուտ չբերող, բայց մեծ ներդրումներ պահանջող համակարգ է։ Այսինքն՝ եթե դու ուզում ես նմանատիպ համակարգ ունենալ, պարբերաբար պետք է ներդրում անես, ինչը շատ արագ մաշվում է»։
Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, իշխանություններին հաջողվի իրականացնել ՀԷՑ-ի հետ կապված պլանները, ի՞նչ է սպասվում, արդյոք սակագները կբարձրանա՞ն, թե՞ կմնան նույնը, Մանվելյանը պատասպանեց.
«Միանշանակ կբարձրանա, որովհետև ՀԷՑ-ում ամեն տարի անհրաժեշտ է ահռելի ներդրումներ անել։ Հիմա հարց է՝ ներդրումները որտեղից են գալու։ Կա՛մ պետությունը պետք է գնա արտաքին պարտքի մեծացմանը, կա՛մ, ինչպես իրենք են ասում, կփորձեն վաճառել։ Վաճառել չեն կարող, որովհետև, ինչպես նշեցի, «Տաշիր գրուպը» արդեն հայտարարել է՝ արբիտրաժային դատարան է մտնելու։ Դա նշանակում է՝ մինչև դատարանի որոշումը ոչ ոք չի կարող գնել այն։ Ներդրումների հարցը լուրջ է, քանի որ այն ապահովելու համար ստիպված են լինելու սակագները բարձրացնել։ Ստացվում է՝ բնակչության համար գները կբարձրանան: Դա կազդի ոչ միայն սպառողների, այլև՝ արտադրողների և մյուս բոլոր ընկերությունների վրա․․․ Հայաստանում ամեն ինչ կթանկանա»։
Ըստ նրա՝ վերոնշյալ կառույցի շուրջ ընթացող գործընթացներն ավելի շատ քաղաքական նկրտումներ ունեն, տնտեսական հիմնավորում չկա։ Իշխանավորների այն պնդումները, թե առկա է տնտեսական հիմնավորում, կեղծ են և սուտ։
«Հանրային կառավարման պետական մարմինը, որն անցյալ տարի հաշվետվություն է ներկայացրել ՀԷՑ-ի վերաբերյալ, նշել է, որ ՀԷՑ-ի աշխատանքը 2024-ին բարելավվել է 2023-ի համեմատ։ Հետևաբար՝ եթե պետական կառույցն է հիմնավորել, որ ամեն ինչ նորմալ է, ապա հասկանալի է, որ ՀԷՑ-ի ազգայնացումը զուտ քաղաքական ենթատեքստ ունի և պայմանվորված է Սամվել Կարապետյանի գործոնով, ինչը հակասում է տնտեսական և ազգային շահերին»,-նշեց մեր զրուցակիցը՝ շարունակելով,- «Կարող են գնալ բացահայտ գողության, այսպես ասած՝ զոռով կմտնեն, կառավարումն իրենց ձեռքը կվերցնեն։ Բայց սա միայն վիճակն ավելի է վատթարացնելու։ Էներգետիկ անվտանգությունն ավելի է նվազելու, եթե ոչ հիմա, ապա ձմռան ամիսներին էներգետիկ վիճակն ավելի է վատանալու»։
Հիշեցնենք՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց հետո։