Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 22-05-2024

ՀՆԱ-ն աճել է ոսկու վերաարտահանմամբ․ այն չի արտացոլում տնտեսության իրական վիճակը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Նախօրեին վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9․2%-ով: Հատկանշական է, որ առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի աճը զգալիորեն զիջում է նույն ժամանակահատվածում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշից, որը կազմել է 14․3%։

Տնտեսական աճը հիմնականում ապահովել են մշակող արդյունաբերությունը, որն աճել է 31․1%-ով, մեծածախ և մանրածախ առևտուրը` 25․1%-ով, ֆինանսական և ապահովագրական գործունեությունը` 17․2%-ով, շինարարությունը` 12․4%-ով, կացության և հանրային սննդի կազմակերպումը` 8․1%-ով:

Oragir.News-ի հետ զրույցում տնտեսագետ Աղասի Թավադյանը շեշտեց, որ Հայաստանում այս պահին արձանագրված ՀՆԱ-ի աճը տնտեսության իրական իրավիճակը չի արտացոլում։

«Եթե 2024 թվականի առաջին եռամսյակի արտահանման ցուցանիշները համեմատենք 2023 թվականի առաջին եռամսյակի արտահանման ցուցանիշների հետ, ապա արտահանումն իսկապես աճել է 2 անգամ, բայց այս պահին արտահանման 75%-ը կազմում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, որոնք գալիս են Ռուսաստանի Դաշնությունից և գնում Արաբական Միացյալ Էմիրություններ։ Իրական տնտեսության հատվածներն ու իրական արտահանումը ընկել են, ընդ որում ընկել են բավականին»,- կարծում է նա։

Տնտեսագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ անկում է ապրել նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը ցույց է տալիս տնտեսության իրական պատկերը։

Թավադյանը շեշտում է՝ կառավարությունը 2023 թվականի համար նախատեսում էր 7% տնտեսական աճ արձանագրել, սակայն տարին ամփոփվեց 8․7% աճով։ Նրա խոսքով՝ այս ցուցանիշը արձանագրվել է հիմնականում ոսկու վերաարտահանմամբ, որը մոտ 2 տոկոսային կետով ավելացրել է ՀՆԱ-ի ցուցանիշը։

«Հիմա եթե նայում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշին, որը 14․3% է, ապա հիմնականում այդ ակտիվությունն ապահովվել է արդյունաբերության հատվածի շնորհիվ, իսկ մնացած հատվածներում ցուցանիշները կա՛մ նույնն են, կա՛մ էլ իջել են։

Ինչ վերաբերում է արդյունաբերության հատվածին, ապա դեռևս 2023 թվականի աշնանը այնտեղ աճը զրոյական էր, բայց հաջորդող մի քանի ամիսներին արդյունաբերությունը մոտ 50%-ով աճել է։ Առաջին հայացքից սա լավ է, բայց եթե խորը նայենք, արդյունաբերության մեջ հիմնականում ոսկու արդյունաբերությունն է այդ 50% աճի 49․5%-ը ապահովել»,- կարծում է նա։

Աղասի Թավադյանը նկատում է, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես աճել է ոսկու վերաարտահանմամբ, որն այս պահին կազմում է Հայաստանից իրականացվող ողջ արտահանման 75%-ը։ Ըստ նրա՝ այս միտումը շատ վտանգավոր է, որովհետև նման արդյունքն արձանագրվել է արտաքին գործոնի հետևանքով, իսկ արտաքին տնտեսական իրադարձությունների զգալի փոփոխություններից այդ գործոնը կարող է չեզոքանալ, ինչը մեծ հարված կհասցնի ՀՀ-ի տնտեսական ցուցանիշներին։

«Մեր կառավարությունն այս տարվա համար նույնպես ակնկալում է 7%-անոց տնտեսական աճ, որը միայն կարող է գրանցվել այն պարագայում, եթե ոսկու արտահանումը շարունակվի։ Այս դեպքում տարեվերջին մենք ունենալու ենք մոտավորապես 16-18 միլիարդ դոլարի արտահանում, որը 2 և ավել անգամ գերազանցելու է 2023 թվականի ցուցանիշները, սակայն դրա 75-80% լինելու է թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի՝ ոսկու վերաարտահանումը և սա այն ֆոնին, որ իրական տնտեսությունը և մեր ավանդական արտահանումը իջնում է»,- կարծում է։

Աղասի Թավադյանը հավելեց՝ Հայաստանից ոսկու վերաարտահանումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով։

Դավիթ Գույումջյան





Դավիթ Գույումջյան