copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 07-05-2024

Նիկոլ Փաշինյանի տունը հրդեհ ընկավ, ոչ ոք չհավատաց

Երբ իշխանությունը ծանր որոշումներ ընդունելու առաջ է կանգնում, այդ ժամանակ է հասկանում, թե ինչքան կարևոր է հանրային վստահությունը։ Եթե այսպիսի իրավիճակում ժողովուրդը վստահում է իշխանությանը, ապա միասին կարողանում են դուրս գալ դժվարին իրավիճակից։ Իսկ երբ ժողովուրդը չի վստահում իշխանություններին, ապա ծանր որոշումներ ընդունելը դառնում է ազգային ողբերգություն և հուսահատության պատճառ։

Այս առումով՝ Նիկոլ Փաշինյանի ընդունած ծանր որոշումները չէին ընկալվի որպես ազգային ողբերգություն և հուսահատության պատճառ չէին դառնա, եթե ժողովուրդը վստահեր նրան։ Ինչու՞ հանրության մի հատվածը չի վստահում Նիկոլ Փաշինյանին։ Եվ կարո՞ղ է նա վերականգնել այն վստահությունը, որը նվաճել էր 2018-ի հեղափոխության օրերին։

Նիկոլ Փաշինյանի վստահությունը փոշիացնելու հարցում էական ներդրում են ունեցել նրա քաղաքական մրցակիցները, այսպես կոչված՝ նախկինները, նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Նրանց թիմերի անխնա և թիրախային քննադատությունները ի ցույց են դրել Փաշինյանի բացերը, սխալները։ Ընդդիմախոսները մեղադրում են նրան խոստումները չկատարելու, ժողովրդի հետ անկեղծ, ազնիվ չլինելու, մարդկանց արհամարհելու մեջ, ժողովրդի հետևում հակաժողովրդական որոշումներ ընդունելու և բազմաթիվ այլ մեղքերի մեջ։

Վստահության պակասուրդի օբյեկտիվ պատճառներ են նախկինների նկատմամբ կատաղի հալածանքները, առաջին տարիներին ծայրահեղ ռուսամետ և արկածախնդիր քայլերը, համավարակի դեմ պայքարում ոչ համարժեք վարքը, 44-օրյա պատերազմում սխալ մարտավարությունը, պարտությունը, հազարավոր զոհերը, վիրավորները, տարածքային, նյութական կորուստները, Արցախի զավթումն ու հայաթափումը թշնամիների կողմից և այլն։ Իսկ վերջին շրջանում Տավուշի մարզի սահմազատումն է հանրային բողոքի պատճառ դարձել։

Հանրության, այդ թվում Տավուշի մարզի բնակիչների մի մասը կողմ են սահմանազատմանը Ալմաթիի հռչակագրի հիման վրա, 1991-ի քարտեզներով, եթե այդ ուղին երկրին խաղաղություն կբերի։ Սակայն խնդիրն այն է, որ ժողովրդի մի մասը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, նրա խոսքին չի հավատում։ Ու եթե այսօրվա ասուլիսում նա պարզ ճշմարտություն ասի, շատ հայանպաստ դիրքորոշում հայտնի, ապա հանրության մի հատվածը դարձյալ չի հավատա նրա անկեղծությանը, մարդիկ նույնիսկ պարզ բաների մեջ կգտնեն կեղծիքի շերտեր։

Օրինակ՝ եթե ասի, որ մայիսի 8-ին լուրջ և վճռորոշ զրույց է ունենալու ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փորձելու է հայանպաստ պայմանավորվածություն ձեռք բերել, ապա հանրության մի մասը կշտապի կարծել, թե ինչ-որ վատ բան է լինելու։ Ըստ ՌԴ նախագահի օգնականի՝ ՀՀ և ՌԴ նախագահները շատ հարցեր են քննարկելու։ Հավանաբար՝ քննարկվելու է ՀՀ-ի ՀԱՊԿ անդամության սառեցումը, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման հարցերը, սահմանազատման գործընթացում ՀՀ իշխանություններին աջակցելու հարցը և այլն։ Պարզ ասած՝հայ-ռուսական խաղաղ ապահարզանի վերաբերյալ հարցերն են քննարկվելու։ Եվ եթե Փաշինյանն ասի, որ մայիսի 15-ին սկսվելու է սահմանազատումը Արծվաշենի հատվածում, վերադարձվելու են հայկական 32 գյուղերի տարածքները, ապա դարձյալ մարդիկ կկասկածեն նրա խոսքին ու կկարծեն, թե մայիսի 15-ից հետո վատ բաներ են լինելու։ Անվստահությունն այնքան է խորացել ու արմատացել, որ նա հայտնվել է հայտնի ստախոսի մասին անեկդոտային իրավիճակում, երբ ստախոսը ասում է, որ իրենց տունը հրդեհվում է, սակայն մարդիկ նրան այլևս չեն հավատում։

Կարճ ասած՝ ՀՀ-ի դեմ առկա մարտահրավերների շարքում առաջին տեղերից մեկում է հայտնվել իշխանության և նրա ղեկավարի նկատմամբ վստահության պակասը։ Ինչպես 2018-ի հեղափոխությունից առաջ էին կարևորում իշխանության լեգիտիմության խնդիրը, ենթադրելով, թե ազատ, արդար ընտրություններով ձևավորված լեգիտիմ իշխանության պարագայում ՀՀ-ն կարող է զարգանալ, հզորանալ, առաջընթաց ապրել և այլն, նույն մտահոգությունն է տիրում նաև այսօր։ Մարդկանց մի մասը կարծում է, որ ներկայիս լուրջ սպառնալիքների ու մարտահրավերների պարագայում իշխանությունը կա՛մ պետք է վերանվաճի հանրային վստահությունը, կա՛մ արտահերթ ընտրություններով նոր, հանրային վստահություն վայելող իշխանություն պիտի ձևավորվի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:37 Արթուր Չախոյանին ծեծել են, ապա բերման ենթարկել․ Մարինա Խաչատրյանը մանրամասներ է հայտնում
20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
00:19 «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․ shamshyan.com
12:06 Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ․ հայտարարություն
22:46 Ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ Սրբազան
20:02 Արծվաշենը պետք է վերադարձվի Արծվաշենում ծնված սերունդների կենդանության օրոք․ Կարեն Հեքիմյան
19:40 Բագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
21:34 Բագրատ Սրբազանը կոչ ուղղեց Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը