Երևան +11°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 26-04-2024

Փողոցային ցույցերը կարո՞ղ են հեղափոխության վերաճել  

Տավուշում, Երևանում և մարզերում շարունակվում են բողոքի ցույցերը միակողմանի սահմանազատման դեմ։ Սակայն դրանք չեն ազդում սկսված սահմանազատման գործընթացի վրա։ Հայ-ադրբեջանական սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն, երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Ալեն Սիմոնյանը ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ չգիտի, թե հաջորդը սահմանի ո՞ր հատվածում են սահմանազատում իրականացնելու։ Սա նշանակում է, որ Տավուշում տեղի ունեցողը հատվածական սահմանազատում է, պիլոտային ծրագիր, կարող է շարունակություն չունենալ, չհասնել Արծվաշենին կամ ՀՀ մյուս զավթված տարածքներին։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։

Ենթադրելի է, որ նիստի մասնակիցների հարցերը վերաբերվել են ոչ թե միակողմանի և անարդար սահմանազատմանն, այլ դրա դեմ բողոքի ցույցերին, որոնք գնալով ծավալվում ու զանգվածային են դառնում։ Շատերն են այս ցույցերը նմանեցնում 2018-ի բողոքի զանգվածային ցույցերին, որոնց հաջորդեց իշխանության հանձնում-ընդունումը։ Այս անալոգիան, ենթադրաբար, ոգևորել է բազմաթիվ ընդդիմադիր գործիչների և ցուցարարների, որոնց թվում է, թե կարող են կրկնել Նիկոլ Փաշինյանի «թռիչքը»։ Համեմատությունները, երևի՝ վախեցրել են նաև ՔՊ-ականներին, որոնց մի մասը հիվանդագին կապվածություն են ձեռք բերել իշխանության աթոռներին։

Նիստին մասնակցած ՔՊ-ականները, հավանաբար, հետաքրքրվել են՝ Նիկոլ Փաշինյանը կզիջի՞ իշխանությունը, ինչպես Սերժ Սարգսյանը, թե՞ ատամներով կպահի։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, վստահեցրել է, որ իշխանությունը ոչ ոքի չի տալու։ Այս վարկածը արժանահավատ է։ Նա կարողացել է իշխանությունը պահել 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո, երբ ՔՊ-ականների մեծ մասը վախից թաքնվում էին ժողովրդից, արտաքին որևէ աջակցություն չկար, բացի ԵՄ-ի 2,6 միլիարդ եվրոյի հատկացումը։ Ի դեպ՝ այդ փողից 500 միլիոնն արդեն ստացել են, ներկայացնելով հասարակական ծրագրեր։ Իսկ Հարավ-հյուսիս միջազգային կարևոր ճանապարհի կառուցման համար նախատեսված 2,1 միլիարդից մի ցենտ չի ստացել ՀՀ-ն։ Իշխանությունը չի իրականացնում այդ կապիտալ ծրագիրը, ցույց տալով, որ ՀՀ ազգային շահերին հակասող քայլեր անելուց զատ՝ կարող է նաև միջազգային ծրագրերը վիժեցնել, եթե դրանք ռուսական շահերին դեմ են, ինչպես Հարավ-հյուսիս ճանապարհը, որը տարեկան ՀՀ-ին կարող է բերել միլիարդ տրանզիտ եվրո։ Այս ինքնազոհ անգործությունը բավարար է, որ ՌԴ-ն լուրջ չաջակցի Նիկոլ Փաշինյանի դեմ փողոցային ցույցերի կազմակերպիչերին։

Ալիևն օրեր առաջ Մոսկվայում Պուտինի հետ բանակցելուց, պայմանավորվելուց հետո կրկին խոսեց Ադրբեջան-Նախիջևան ճանապարհի մասին, որը տրամադրելու մասին է նոյեմբերի 9-ի եռակողմի 9-րդ կետը։ Նկատենք, որ այն ռուսամետ գործիչները, որոնք հանդիմանում էին Նիկոլ Փաշինյանին այդ կետը չկատարելու, ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամներին միջանցք չտալու հարցում, այս ցույցերին չեն մասնակցում։ Ուստի՝ կարելի է ենթադրել, որ ՌԴ-ն ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնելու պլաններ չունի։

Հարկ է նկատել նաև, որ ի տարբերություն 2018-ի, ներկայում ուժային կառույցները վերադասի հրամանով ակտիվորեն ճնշում են ցույցերը։ Եվ իրավիճակն ամբողջովին վերահսկվում է իշխանությունների կողմից։ Նույնիսկ չի բացառվում, որ նրանք հայտարարեն, որ հանուն ներքին խաղաղության ժամանակավոր դադարեցնում են սահմանազտման գործընթացը մինչև հանդարտվեն հասարակական կրքերը։ Սա ցույցերի կազմակերպիչների կողմից կարող է ներկայացվել, որպես ձեռքբերում, որ թեև հեղափոխություն անել չկարողացան, բայց կասեցրին մյուս մարզերից տասնյակ գյուղեր հանձնելու գործընթացը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի