Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 09:00 25-04-2024

Անփառունակների հեղափոխություն, կամ ինչու են թեժացնում կրքերը 

Քաղաքական համակարգի կառույցների, այդ թվում կուսակցությունների կայացումն ազգային անվտանգային մեծ նշանակություն ունի։ Այս առումով՝ կարևոր են ներդրումները քաղաքական գաղափարների, ծրագրերի և քաղաքական գործիչների դաբնոցների ձևավորման ու զարգացման գործում։ Իսկ հակաքաղաքական, հակապետական կամ արժեքամերժ մարդկանցով լցված կուսակցությունները իրական աղետ են պետության և ժողովորդի գլխին։ Ի՞նչ իրավիճակ է քաղաքական դաշտում, ովքե՞ր են իշխանության իրական ու կեղծ հավակնորդները, մասնավորապես՝ ո՞վ է սպառնում կրկին հեղափոխություն անել։

Աշխարհաքաղաքական իրադարձությունները և Հայաստանի վերջին պարտությունները ազդեցություն են թողել ՀՀ իշխանության վարած քաղաքականության վրա։ ՀՀ խորհրդարան անցած ուժերի ծրագրերը վերանայվել են։ Այն խոստումները, որոնցով նրանք շահել են ընտրողի վստահության քվեն, ժամանակավրեպ են դարձել։ Մեծացել է նաև նոր պատերազմի վտանգը, որի մասին կանխատեսումներ են արել բազմաթիվ ուսումնասիրողներ։ Այդ մասին ակնարկել է նաև Նիկոլ Փաշինյանը։ Չբարեկամները բացահայտ ագրեսիվ հռետորաբանություն են կիրառում։ Այս ամենն արձագանք է գտնում հայկական քաղաքական համայնքում։ Հերթական ընտրություններից 2 տարի առաջ արդեն ակտիվացել են քաղաքական ուժերը, որոնց մի մասը սպառնում է օր առաջ իշխանություն վերցնել հեղափոխական ճանապարհով։

Անվիճելի է, որ հեղափոխությունների մեծ մասը բերել է ավեր ու արյուն։ Որոշների առաջնորդները անփառունակ սրիկաներ են եղել։ Օրինակ՝ բոլշևիկյան հեղափոխության առաջնորդներ Լենինը, Ստալինը ու մյուս հակամարդկային ճիվաղները մեծ կորուստներ ու ողբերգություններ են պատճառել մարդկությանը, մասնավորապես՝ հայ ժողովրդին։ Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանն ու ժողովուրդը դեռ կորուստներն են հաշվում։ Եվ վերջը դեռ չի երևում։

Հիմա քաղաքական համակարգում հայտնվել են անփառունակ հեղափոխականներ, որոնք կրկին հեղափոխական կոչեր են անում, մարդկանց փողոց դուրս բերում, առանց որևէ քաղաքական ծրագրի։ Այս շարքում աչքի է ընկնում հետապնդումից խուսափած, ռուսաստաններում ծվարած, ԴԱՀԿ նախկին պետ, պանամական աղմկահարույց փաթեթներից ու օֆշորային սկանդալներից հայտնի, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որը հանրության մեծ մասին ծանոթ է որպես օլիգարխ, մոնոպոլիստ։ Անցյալ տարի նրա անվան հետ կապվեց նաև 1 տոննա կոկաինի ներկրման աղմկահարույց դեպքը։ Ճիշտ է՝ նա հերքեց իր առնչությունը այդ խոշոր հանցագործությանը, բայց մինչ օրս այդ գործի քննությունը նկատելի արդյունք չի տվել, հանրության համար պարզ չէ՝ Միհրան Պողոսյանի մասնակցությունը այդ գործին ապացուցվե՞ց, հերքվե՞ց, ովքե՞ր պատժվեցին այդ գործով, ի՞նչ անպատասխան հարցեր մնացին։

Եվ ահա Միհրան Պողոսյանը և նրա գլխավորած նորաստեղծ ուժը, որտեղ նմուշի համար մեկ քաղաքական գործիչ դեռ չկա, հավակնում է իշխանափոխություն իրականացնել։ Միհրան Պողոսյանը երկարատև պաշտոնավարման ընթացքում քաղաքական նախաձեռնութուններով հանդես չի եկել, քաղաքական գաղափարներ չի բարձրացրել, նախագծեր չի առաջարկել կամ իրականացրել։ Պատգամավոր Միհրան Պողոսյանի քաղաքական որևէ նախաձեռնության մասին հանրությանը հայտնի չէ։

Հարց է առաջանում՝ ի՞նչ իշխանափոխություն կամ հեղափոխություն է անելու Միհրան Պողոսյանի գլխավորած մեծադղորդ անվամբ ուժը, երբ ժողովրդականության և քաղաքական հեղինակության ակնհայտ դեֆիցիտ ունի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, նրան հաջողվի թավշյա հեղափոխություն անել, ապա ի՞նչ նոր կորուստներ կարող է պատճառել պետությանն ու ժողովրդին։

Պատմությունը փաստում է, որ հեղափոխությունները իրականացվում են արտաքին աջակցությամբ։ Օրինակ՝ բոլշևիկյան հեղափոխությունը կազմակերպել և սնուցել է Գերմանիան։ ԱԼՄ-ի Տիգրան Կարապետյանը զանգվածային միջոցառումներ էր կազմակերպում, ցույց տալիս, որ ՌԴ-ն իրեն աջակցում է։ Թե ինչ եղավ նրա հետ՝ բոլորին է հայտնի։ Նույնը սպասվում է նաև մերօրյա անփառունակ հեղափոխականներին։ Նույնիսկ եթե Մոսկվան Երևանում իշխանություն փոխելու մեծ ցանկություն ունենա, ապա չի կարող կրկնել 2018-ի Թավշյա հեղափոխության հաջողությունը; Այսօր դա չի կարող իրականացվել ուկրաինա-ռուսական պատերազմի լարվածության, աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության, Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի ուշադրության ավելացման պայմաններում։

Հետևաբար անփառունակ հեղափոխականները ենթադրաբար՝ ակտիվացել են այլ նպատակով։ Կա երկու վարկած։ Առաջինով ենթադրվում է, որ նրանց ակտիվութունը սնուցվում է Մոսկվայի կողմից ռուս-ադրբեջանական կանխատեսվող ագրեսիային աջակցելու նպատակով։ Եվ նրանց խնդիրն է՝ հրահրել ներքին լարվածություն, ՔՊ-ի հետ ձեռք ձեռքի վերջնական քայքայել հասարակական համերաշխությունը, որ հավանական ագրեսիայի ժամանակ ՀՀ բանակը չկարողանա համարժեք հակահարված տալ։ Երկրորդ վարկածով հեղափոխականները սնուցվում են ՔՊ-ի կողմից, նրա աջակցությամբ են փորձում զավթել ընդդիմադիր դաշտը, ՔՊ-ական իշխանությունների սխալների և հակաժողովրդական քայլերի քննադատությունը փոխարինել հիստերիկ, անբովանդակ, հեղափոխական դատարկախոսությամբ, որպեսզի ՔՊ-ն հետո նրանց հեշտ ջախջախի ու վերահաստատի իր իշխանությունը։

Կա նաև այս երկուսի միավորված վարկածն, ըստ որի՝ անփառունակ հեղափոխականներին աճեցնում ու սնուցում են ՔՊ-ն ու Մոսկվան միասին։ Եթե ՔՊ-ին ու Մոսկվային հաջողվեց 2021-ի ընտրություններում Փաշինյանի հիմնական մրցակիցը դարձնել Ռոբերտ Քոչարյանին, ապա ինչու՞ նրանց չի հաջողվի գալիք ընտրույթուններում իրենց մրցակիցը դարձնել քաղաքական առումով շատ ավելի թույլ, խոցելի ուժի, որին կարող են ջախջախել ընտրություններում։ Հաշվի առնելով տարածվող լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանը մտադիր է պասիվացնել իր մասնակցությունը ՀՀ քաղաքական կյանքին, ապա այս միավորված վարկածն առավել հավանական է թվում։

Կա նաև լավատեսական վարկած, ըստ որի՝ եթե առաջիկա ամիսներին ՀՀ-ի դեմ ագրեսիա չլինի, իսկ ՌԴ-ն պարտվի Ուկրաինային, ապա անփառունակ հեղափոխականները, այդ թվում՝ ներկայիս կառավարող ուժը, վայրկյանական կլքեն քաղաքական արենան, կանհետանան, և գալիք խորհրդարանում տեղ կունենան ռացիոնալ ուժերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
22:48 Հավերժ 19․ Ոսկե Գևն այսօր կդառնար 23 տարեկան
09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
18:50 Անգեղակոթում պայթյունից վիրավորված 14-ամյա տղայի վերջույթները վիրահատել են. մանրամասներ
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
16:00 Խանութ էր գնում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային վաղը կհուղարկավորեն
22:24 Վաղը Շիրակի մարզից պարեկային ծառայողների կտեղափոխեն Կիրանց
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան
22:30 Հանցագործություն․ ոստիկանները Կիրանցում մարդկանց տեղաշարժն ապօրինաբար են սահմանափակել
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ