«Ակադեմիական քաղաք» ծրագրի վերաբերյալ բուհերի մի մասի դիրքորոշումը դրական չէ, մի մասն ունեն վերապահումներ, մի մասը դեռ մտածում են կամ խուսափում կարծիք հայտնել, իսկ մի մասը հույս ունեն, որ կմնան Երևանում։
Oragir.News-ը կապ է հաստատել մի շարք պետական և ոչ պետական բուհերի հետ, պարզելու համար, արդյոք կո՞ղմ են մշակված ծրագրին և բուհերի տեղափոխմանը։ Ստորև ներկայացնում ենք բուհերի մեկնաբանությունները ակադեմիական քաղաքի մասին.
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ակադեմիական քաղաքի մասով մենք գտնվում ենք նախարարության հետ քննարկումների փուլում։
Պետք է կարողանանք այնքան համոզիչ լինել, որպեսզի մեր հարցում տարբեր մոտեցում լինի՝ չընդգրկվենք ընդհանուր կազմի մեջ։ Ցանկացած երկրի համար կարևոր է առանձին ստատուսով ունենալ կոնսերվատորիա, ոչ թե լինել կլաստերի մի մաս։ Մենք պատրաստ ենք այնտեղ ֆակուլտետ ունենալ, բայց այստեղ պահպանելով կոնսերվատորիան՝ իր դիրքով և ինքնավարությամբ։ Ամեն դեպքում ցանկանում ենք պահպանվել որպես առանձին հաստատություն»։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը ասաց․ «Մենք այս պահին քննարկումներ ենք ծավալում ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական կազմի հետ Ակադեմիական քաղաքի մասին։
Ռեկտորն այս պահին իր միանձնյա որոշումը չի արտահայտելու, որովհետև հանրագումարը լինելու է քննարկումներից հետո։ Այս շաբաթ նույնպես ունենք քննարկում։
Մեր ռազմավարական նպատակները հստակեցնելու և տեսլականը ներկայացնելու համար շարունակում ենք քննարկումներ։ Քննարկում ենք՝ արդյոք մենք կշահե՞նք Ակադեմիական քաղաքի կառուցման դեպքում, թե՞ կտուժենք։
Մեր միասնական տեսլականը լինելու է հստակ և հիմնավորված, առանց էմոցիոնալ ֆոնի։ Հանդես կգանք մեր միասնական տեսլականով վերլուծական աշխատանքներից հետո»։
Հայկական պետական մանկավարժական համալսարան
Մանկավարժական համալսարանի լրատվական կենտրոնի ղեկավարը Ակադեմիական քաղաքի մասին հարցին պատասխանեց այսպես․ «Մենք դեռ չենք մեկնաբանում այդ խնդիրները։ Երբ կհստակեցվի, ու տեսանելի կլինի ակադեմիական քաղաքի ապագան, կմեկնաբանենք։ Բուհի ղեկավարությունը դեռևս նպատակահարմար չի գտնում մեկնաբանել»։
Երևանի Հայբուսակ համալսարան
«Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ինչպե՞ս կարող եմ կողմ լինել նման անիմաստ բանի։ Աշխարհի ոչ մի երկրում նման բան չկա։
Բուհերին ինչ-որ բան պարտադրելը և կողմնորոշելը շատ սխալ բան է։ Պետք է թույլ տան, որ պրոֆեսորներն իրենք որոշեն՝ ինչպես աշխատել։ Նման մոտեցումը պարզապես զավեշտալի է։ Պետության կողմից Ակադեմիական քաղաքի մասին որոշման մասին ասեմ, որ պետական բուհերը ստեղծվել են պետության կողմից՝ ֆինանսավորողը պետությունն է, այդ պատճառով պետությունը ճիշտ, թե սխալ՝ ցանկացած որոշում կարող է կիրառել նրանց նկատմամբ։ Դա կոպիտ սխալ է, բայց ի վերջո ֆինանսավորողն իրենք են։ Մասնավոր բուհերի՝ մեզ համար, ուրիշ պատկեր է։ Ես տեսնում եմ, որ մեր բուհերի նկատմամբ կիրառվում է կազինոների մոտեցումը։ Ի՞նչ է նշանակում, որ Երևան քաղաքում չի կարելի բարձրագույն կրթությամբ զբաղվել, բա էլ ինչո՞վ է պետք զբաղվել։
Սա ոճրագործություն է, այնպես, ինչպես միասնական քննություններն են։ Սա կլինի մեծագույն չարիք և շատ նման է այն որոշմանը, որով արգելել են կազինոները քաղաքում։ Բուհերին վերաբերվում են կազինոների նման, այդ մոտեցումն ակնհայտ է։
Մենք պետությունից ոչինչ չենք ստացել, տանջվելով և կոպեկը կոպեկի վրա դնելով՝ անձնական թանկարժեք իրերը վաճառելով, կառուցել ենք համալսարանի շենքը, այդ շենքն ի՞նչ պետք է անենք»։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մամուլի խոսնակ Վահե Դավթյանը մեզ հայտնեց, որ «ռեկտորն ասել է՝ դիրքորոշում հայտնելու են առաջիկայում։ Փակ հանդիպումներ են եղել նվիրված ակադեմիական քաղաքին, սակայն հստակ դիրքորոշումը կհայտնեն առաջիկայում»։
Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանը Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում նշեց, որ պռոռեկտորներից մեկի հորդորով՝ հարցին կարող են պատասխանել գրավոր հարցման դեպքում։
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան
Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ մի քանի անգամ կապվեցինք, հարցը հնչեցնելուց հետո մեզ ասացին, որ ռեկտորի կարծիքը կհարցնեն այդ հարցի շուրջ և մեզ հետ կկապվեն ու կտեղեկացնեն այդ մասին։ Սակայն մեր հետագա զանգերը մնացին անպատասխան։
Հայաստանի Եվրոպական համալսարան
Եվրոպական համալսարանի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ պատասխանեցին, որ հարցը ընդհանուր քաղաքականության մաս է կազմում, ու այդ պատճառով պետք է խորհրդակցեն։ Այնուհետև՝ քննարկելուց հետո նոր կկարողանան մեզ պատասխանել։ Պատասխանի ժամկետն այնուամենայնիվ անորոշ էր։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Գեղարվեստի ակադեմիայի հետ կապվեցինք, ընդհանուր բաժնի աշխատակիցները հարցը լսեցին ու նշեցին, որ ավելի ուշ կարող են հարցին պատասխանել, քանի-որ ռեկտորը տեղում չէ։ Դրանից հետո ո՛չ մեզ հետ կապվեցին, ո՛չ էլ պատասխանեցին մեր զանգերին։
Նշենք, որ բազմաթիվ հեռախոսազանգերի արդյունքում չկարողացանք կապվել Երևանի Պետական Համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ, քանի-որ մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք, որ Կառավարության ծրագրով 2026-ից սկսվելու է կառուցվել Ակադեմիական քաղաքը։ Խոշորացնելով Հայաստանի պետական բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտները, դրանք միավորվելու են Տեխնոլոգիական, Արվեստների, Կրթական, Սպայական, Դասական և Բժշկական կլաստերներում։ 2030-ին բուհերը տեղահանվելու են Երևանից ու տեղավորելու այդ կլաստերներում։ Իսկ բուհերի շենքերը վաճառվելու են կամ վարձակալության են հանձնվելու։