Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 13-03-2024

Փաշինյանը շարունակում է մնալ աղետի գլխավոր պատասխանատուն  

Փաշինյանը սխալվում է, ասելով, թե Արցախի հարցը լուծված էր վաղուց։ Եթե ՔՊ-ական իշխանությունը սխալ քաղաքականություն չվարեր, ապա հնարավոր էր ոչ միայն Արցախը հայկական պահել, այլև իրացնել ինքնորոշման իրավունքը։ Եվ այս հետադարձ ենթադրությունը հիմնավորվում է նույն Փաշինյանի գաղտնազերծած փաստերով։

Ինչպե՞ս են թշնամիներն արդարացրել ՀՀ-ի դեմ նախընթաց տարիներին սանձազերծած ագրեսիաները։ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հրավիրված ասուլիսում պարզ ասաց, որ երբ արևմտյան գործընկերները հարցրել են ադրբեջանցիներին, թե ինչու են հարձակվում Հայաստանի վրա, նրանք ասել են, թե հարձակվում են Ռուսաստանի դաշնակցի վրա։ Այսինքն՝ ՀՀ-ի վրա հարձակվում են, քանի որ ՀՀ իշխանությունը ռուսամետ կուրս է վարում։ Եվ դրանից հետո Փաշինյանն, իբր՝ հասկացել է, որ ռուսամետ կուրսը շարունակելն աղետալի է, կարող է հանգեցնել նոր ագրեսիայի։ Ավելին՝ հասկացել է, որ ՌԴ-ն ոչ միայն ՀՀ դաշնակիցը չի, այլև մտադիր է ոտնձգություն կատարել ՀՀ անկախության դեմ։

Փաշինյանի ասածից ենթադրելի է, որ եթե ՀՀ-ն 2018-2020-ին խորը և համապարփակ ռուսամետ կուրս չվարեր, ապա թուրք-ադրբեջանական ագրեսորները չէին կարող 2020-ին պատերազմ սանձազերծել, չէին կարող զավթել Արցախը։ Նույն տրամաբանությամբ՝ եթե ռուս խաղաղապահներ չտեղակայվեին, ապա Արցախը չէր հայաթափվի։

Փաշինյանը չի թաքցնում, որ Արցախը զավթվել ու հայաթափվել է իր սխալ քաղաքականության հետևանքով, որն արմատներ ունի։ Նույնիսկ հիշում է Լիսաբոնի գագաթաժողովի բանաձևն ու հայկական վետոն։ Սակայն չի նշում, թե ինչու է միջազգային հանրությունը 1996-ին Լիսաբոնում հակահայկական բանաձև քննարկել։ Ի՞նչ ճակատարգրական սխալ էր արել ՀՀ իշխանությունը, որին հաջորդել էր այդպիսի միջազգային արձագանքը։

Բոլորը գիտեն, որ 1994-ի Արցախյան զինադադարի բանակցություններում ձեռք էր բերվել բազմակողմ միջազգային պայմանավորվածություն, որ զինադարարից հետո ՀՀ-ից, Արցախից և Ադրբեջանից պետք է դուրս բերվեին ռուսական զորքերը։ Արցախից ռուսները ելան, Ադրբեջանից ելան, մնաց միայն Գաբալան, որի համար ՌԴ-ն Ադրբեջանին միլիոնավոր դոլարներ էր վճարում։ Իսկ ՀՀ իշխանությունն արեց հակառակը՝ 1995-ի մարտի 16-ի խորհրդանշական օրը ստորագրեց հայ-ռուսական պայմանագիր ՀՀ-ում ռուսական ռազմակայան տեղակայելու մասին։ ՌԴ սահմանապահ զորքերը մնացին հայ-թուրքական սահմանին, հայ-իրանական սահմանին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Այսպես ՀՀ իշխանությունն աշխարհին հղեց աներկբա ուղերձ, որ ինքը ռուսամետ կուրս է վարում։ Եվ Լիսաբոնի բանաձևն այս դիրքորոշման միջազգային արձագանքն էր։

Այսինքն՝ եթե ՀՀ-իշխանությունը ռուսամետ կուրս չընտրեր 1995-ին, չէր լինի Լիսաբոնի գագաթաժողովը, աշխարհը կճանաչեր Արցախի ինքնորոշման իրավունքը ճիշտ այնպես, ինչպես ճանաչեց Կոսովոյի ինքնորոշման իրավունքը։ Իսկ Ադրբեջանը չէր կարող մտածել Արցախը զավթելու մասին, չէր էլ կարող Արցախի մասին խոսել միջազգային ամբիոններից, քանի որ աշխարհի երկրների մեծ մասը կճանաչեին Արցախի ինքնորոշման իրավունքը։

Փաշինյանը 2018-ին կարող էր անել այն քայլերը, որոնք անում է ներկայում։ Ենթադրելի է, որ եթե 2018-ին միանար Հռոմի ստատուտին, ԱԱԾ աշխատողի օրը դեկտեմբերի 20-ից տեղափոխեր հունվարի 8-ին, «Զվարթնոց» օդանավակայանից ռուսներին սիրով, շնորհակալություն ասելով դուրս հրավիրեր 2018-ի օգոստոսի 1-ին, ակնարկեր մինչև Նոր տարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, ապա աղետ չէր լինի, Արցախը չէր զավթվի ու հայաթափվի, ՀՀ-ից հատվածներ չէին զավթվի, հայ ժողովուրդը մարդկային անդառնալի կորուստներ չէր կրի, Փաշինյանին ոչ ոք իրավունք չէր ունենա դավաճանության մեջ մեղադրել։

Պարզ ասած՝ մարտի 12-ի ասուլիսը լիարժեք հիմքեր է տալիս ենթադրելու, որ Արցախը զավթվել ու հայաթափվել է, ՀՀ-ից հատվածներ են զավթվել, ՀՀ անկախության դեմ սպառնալիքներ են հասունացել Նիկոլ Փաշինյանի վարած ռուսամետ, աղետաբեր քաղաքականության պատճառով։ Հետևաբար՝ նա շարունակում է մնալ հայ ժողովրդի կրած անդառնալի կորուստների, արցախյան աղետի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման գլխավոր պատասխանատուն։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն
19:00 ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
19:14 «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ, ինչի հետևանքով հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan Rogue»-ի վրա
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ