Ներքին 2 տարի առաջ - 13:41 15-02-2024

Մոսկվան ահաբեկո՞ւմ է Հայաստանին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-յին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին սահմանային սրացումներին։ Նրա խոսքով, ցանկացած հակամարտության փուլային որևէ «թեժացում», իհարկե, չի նպաստում երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը, սակայն այսօրինակ միջադեպերը հիմք ընդունել և տալ խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մասին «կատեգորիկ գնահատականներ»՝ նույնպես ողջամիտ չէ։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի շրջանակներում հայկական կողմի գործունեության պասիվացմանը, ռուս պաշտոնյան նշել է այդ կառույցի առաջարկած ռազմատեխնիկական օժանդակության մերժումը Հայաստանի կողմից։

Գալուզինը խոսել է նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող վիճակի և զարգացումների հեռանկարների մասին։ «Մեր սկզբունքային դիրքորոշումն է՝ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար տարածաշրջանը հարազատ տուն է։ Ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան կամ ԵՄ անդամ պետությունները չեն հանդիսանում նման երկրներ։ Հետևաբար, հակաարդյունավետ ենք համարում Հարավկովկասյան տարածք այդ պետությունների ներքաշումը, ինչով, ցավոք, վերջին ժամանակներին զբաղված է Երևանը։

Անդրկովկասում Արևմուտքի շահերը ոչ թե խաղաղության հաստատմանն են ուղղված, այլ այնտեղից Ռուսաստանի դուրսմղմանը և մեր սահմաններին անմիջապես մոտ գտնվող տարածքում լարվածության լրացուցիչ օջախի ստեղծմանը», նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ ակնարկելով, որ նման դեպքերում, երբ Ռուսաստանն իր անվտանգության նկատմամբ սպառնալիք է զգում, դա կարող է հարուցել այդ սպառնալիքի աղբյուրը վնասազերծելու անհրաժեշտություն։

«Մենք տեսնում ենք, որ աշխարհի և ոչ մի տարածաշրջանում, որտեղի գործերին միջամտել են Միացյալ Նահանգները կամ իր արբանյակները ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից, խաղաղություն և կայունություն այդպես էլ չի հաստատվել, ավելին՝ տեղի են ունեցել պետականությունների փլուզումներ, քաոս և ապակայունացում։ Օրինակները շատ են՝ Բալկաններ, Իրաք, Լիբիա, Սիրիա, Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներ․․․», ընդգծել է ռուս բարձրաստիճան դիվանագետը՝ փաստորեն հասկացնելով, որ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականության շարունակման դեպքում նմանօրինակ զարգացումներ հնարավոր են նաև Հայաստանում։

Տիգրան Աթանեսյան