Oragir.News-ի զրուցակիցն է Արմավիրից երիտասարդ ռեժիսոր, սցենարիստ, բայց արդեն մեծ հաջողություննրի հասած Նարեկ Հակոբյանը, ով այն եզակիներից է, որ մշակույթի հանդեպ արմավիրյան ծանրացած կարծրատիպերին զոհ չգնալով՝ չի լքել ծննդավայրը՝ այդքան մոտ լինելով մայրաքաղաքին, այլ մնացել է Արմավիրում և խթանում է մշակութային կյանքի զարգացումը։
Նարեկը քսանչորս տարեկան է, բայց արդեն հասցրել է լինել տասնյակից ավել մասայական հանդիսությունների, շոու նախագծերի, տեսահոլովակների ռեժիսոր։
Որպես մշակութային աշխարհին մոտ կանգնած անձ, որ ապրում և ստեղծագործում է Արմավիրում, Նարեկից
Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե ինչն է պատճառը, որ Արմավիրում մշակութային կյանքը վերելք չի ապրում։
-Ի՞նչն է պակասում Արմավիրին մշակութային քաղաք դառնալու համար։-Առաջին պայմանը, ըստ իս, մեր ստեղծագործ երիտասարդների մոտիվացիան Է: Երկրորդը՝ աջակցությունը, որ քաղաքը կարողանա ազատվել հնամենի մտածողությունից և նոր քայլեր ձեռնարկի:
-Ինչպիսի՞ առանցքային մշակութային խնդիրների են բախվում արմավիրցիները:-Միանշանակ, թատրոնի բացակայությունը, մշակութային ժամանակակից միջոցառումների բացակայությունը, երիտասարդության շրջանակներում հանդիպում ներկայիս արվեստագետների և մշակույթի ազդեցիկ գործիչների հետ։
-Որո՞նք են Արմավիրում մշակութային կյանքի զարգացման առաջ կանգնած մարտահրավերները և դրանք հաղթահարելու Ձեր տեսլականները։-Կարծում եմ, պետք է հաշվի առնել, որ բավական երկար ժամանակ քաղաքն ունի դրամատիկական թատրոնի կարիքը: Իսկ հուրախություն մեզ՝ մենք ունենք տաղանդների այն բանակը, ովքեր կարող են ստանձնել և վերականգնել թատերական կյանքը: Բայց այս ամենը պետք է պետական աջակցության շնորհիվ լինի:
-Ի՞նչն է պատճառը, որ պետական աջակցությունն ուղղակի աննկատ անցնում է Արմավիրի մշակութային կյանքը զարգացնելու կողքով:-Ըստ իս, չկարևորելով այն փաստը, որ Արմավիր քաղաքն ունի բոլոր հնարավոր պայմանները՝ մշակութային, թատերական կամ կինո համայնք դառնալու, ինչպես նաև պատրաստի կադրերի հանդեպ անուշադրությունը, տեղեկատվության բացակայությունը։
-Արդյո՞ք հանրային հետաքրքրության պակասն է Արմավիրում մշակութային միջոցառումների բացակայություն պատճառը:-Չեմ կարծում, ամեն ինչ սկսվում է փոքր քայլերից: Մենք ինքներս ենք դարձել անհետաքրքիր մեր մշակույթի հանդեպ: Եթե մենք կարևորենք և գործենք, հանրային հետաքրքրությունը կսևեռենք մեր քաղաքի վրա:
-Ինչպիսի՞ քայլեր եք նկատում մարզում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով:-Ինձ համար առավել կարևոր փաստ է, որ շատերն արդեն իսկ կարևորում են արվեստի բնագավառում կրթությունը:
-Որպես ակտիվ մշակույթի ոլորտի մարդ՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում ձեր իսկ ծննդավայրում մշակութային կյանքին զարկերակ տալու համար:-Սկսում եմ կրթությունից։ Դասավանդում եմ հաղորդակցական կենտրոնում դերասանական արվեստ և աշխատանք տեսախցիկի հետ առարկաները: Փորձում եմ, երեխաններին ժամանակակից և դասական կինոյի ու թատրոնի աշխարհին ծանոթացնել: Կարծում եմ, ստացվում է, որովհետև բավականին հետաքրքիր շարժ ունենք: Մշակութային ծրագրեր, որոնք իրականցնում եմ հենց քաղաքում նպատակ են հետապնդում նորովի ներկայացնել առաջին հերթին տվյալ միջոցառման վերաբերող այն կողմերը, որոնք չեն արվել, կամ երբեք չեն մտածել այդ ուղղությամբ: Չեմ ձգտում լինել առաջինը, ոչ էլ նոր հեծանիվ եմ հորինում․ առաջարկում եմ հեծանիվի իմ տարբերակը:
-Արդյո՞ք Արմավիրի շուրջ ծանրացած կարծրատիպերն են երիտասարդներին ստիպում ավելի քիչ լինել մշակութային կյանքի շուրջ:-Դժվար հարց է, որովհետև կարծրատիպերը, որոնց ես եմ առնչվել՝ «ախպերս մեր քուրը դերասան չի, կամ տղու գործ չի․ էդ ինչ կապիկությունա, որ գանք անենք», կամաց-կամաց վերանում են մարզում։ Մշակութային կյանքի շուրջ ծանրացած ամենախնդիր առաջացնող հարցերը ստեղծվում են մտածելակերպից։
Խոսքը եզրափակելով երիտասարդ ռեժիսորը ցանկացավ հիշեցնել և տեղեկացնել, որ Արմավիր քաղաքն ունի մեծ հեռուստատեսային տաղավար, որտեղ այս պահին իրականացվում են երկու մեծ համայկական նախագծեր՝ «Ես ուժեղ եմ» շոուն, որտեղ մրցում են հաշմանդամություն ունեցող տաղանդավոր անհատները և «Բեյբի» շոուն։