Ուղիղ եթեր
Անկարան չի հրաժարվել նախապայմաններից. հայ-թուրքական գործընթացը կրկին փակուղում է
copy image url

Անկարան չի հրաժարվել նախապայմաններից. հայ-թուրքական գործընթացը կրկին փակուղում է

Արտաքին 1 տարի առաջ - 23:00 22-12-2023

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Անկարան չի հրաժարվել նախապայմաններից. հայ-թուրքական գործընթացը կրկին փակուղում է

Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի մեկնարկից շուրջ երկու տարի է անցել, այնուամենայնիվ կողմերը դեռևս չեն կարողացել տեսանելի արդյունքներ արձանագրել և հասնել լիակատար կարգավորման։ Այս գործընթացի շրջանակներում արձագրված միակ շոշափելի արդյունքը երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների վերսկսումն էր, ինչպես նաև օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումը, որոնք առավելապես բխում էին բիզնես շրջանակների շահերից։

Ավելին՝ երկու երկրները հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, ովքեր նախորդ տարի 4 հանդիպում անցկացրեցին, վերջինը՝ 2022-ի հուլիսի 1-ին, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հայ-թուրքական ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն առայսօր այդ պայմանավորվածությունը նույնպես չի հաջողվել կյանքի կոչել։ ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը պետք է կայանար 2022 թվականի սեպտեմբերին, սակայն նույն թվականի սեպտեմբերի 13-14-ը տեղի ունեցած ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով այն չեղարկվեց և առայսօր նոր հանդիպում տեղի չունեցավ։

Գաղտնիք չէ՝ Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերի 24-ին առաջին երկրներից մեկն էր, որը ճանաչեց ՀՀ-ի անկախությունը, սակայն հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատել՝ հիմնականում շարունակվող Արցախյան հակամարտության հետևանքով։ Արդեն 1993 թվականի ապրիլին, երբ հայկական ուժերն Արցախում ազատագրեցին Քարվաճառը՝ նախկին ԼՂԻՄ կազմի մեջ չընդգրկված 2-րդ խոշոր շրջանը, (առաջինի՝ Բերձորի դեպքում արձագանքն անհամեմատ ավելի մեղմ էր, քանի որ միջազգային դերակատարների, այդ թվում՝ Թուրքիայի մոտ կար կոնսենսուս, որ ՀՀ-ն պետք է Արցախի հետ ցամաքային կապ ունենա, իսկ ամենակարճ՝ Գորիս-Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհն անցնում էր Բերձոր քաղաքի կենտրոնով), Թուրքիան փակեց հայ-թուրքական ցամաքային սահմանը, որը չնայած որոշակի խափանումներին 1991-1993 թվականներին գործում էր։

Հայ-թուրքական սահմանը շարունակում է փակ մնալ առայսօր։ Նախորդող 35 տարիների ընթացքում այն բացվել է 2 անգամ՝ 1988 և 2023 թվականներին, երբ երկու երկներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները միմյանց հումանիտար օգնություն տրամադրեցին։

Նախորդող տարիներին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մշտապես 3 նախապայման էր առաջ քաշում. Արցախի հարցում Ադրբեջանի օգտին միակողմանի զիջումներ կատարել, հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության գործընթացից, ինչպես նաև վերաճանաչել 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որով Հայաստանի ինքնիշխան տարածքի մի զգալի հատված օտարվել է Թուրքիային և ձևավորվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող ներկայիս սահմանները։ Այս նախապայմանները տարիների ընթացքում երբեք չեն փոխվել, սակայն դրանցից առաջնահերթ Անկարայի համար եղել է Արցախի հարցում Ադրբեջանի օգտին միակողմանի զիջումներ կատարելը։

Թվում էր, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան ցավալի իրադարձություններից հետո, երբ Արցախն ամբողջությամբ բռնակցվեց Ադրբեջանին, իսկ ՀՀ-ի օրվա իշխանություններն այս իրողությունը որևէ կերպ չեն առարկում, ավելին՝ պարբերաբար վստահեցնում են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան պետք է որոշակի քայլեր ձեռնարկեր՝ ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց՝ Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Նա համոզմունք էր հայտնել, որ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պատմական շանսը մեծացել է՝ շեշտելով, որ Թուրքիան բավարարված է երկու երկրների միջև ավելի մեծ վստահության հասնելու համար ձեռնարկվող կոնկրետ քայլերով և հույս ունի, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կստորագրվի: Ֆիդանը չէր մոռացել անդրադառնալ նաև Հայոց ցեղասպանության հարցին՝ պնդելով, թե, իբր այդ մասին պնդումները համառորեն օրակարգ բերելու մի շարք երրորդ երկրների փորձերը կխաթարեն կարգավորման գործընթացը։

Ինչպես բազմիցս պնդել ենք, թուրքական կողմի նախապայմանների կատարումը, ոչ միայն չի նպաստում գործընթացի կարգավորմանը, այլ նաև հանգեցնում է նոր նախապայմանների առաջքաշմանը։ Ներկայումս Թուրքիան չի շտապում կարգավորել իր հարաբերությունները ՀՀ-ի հետ, քանի որ սպասում է հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը պետք է օրինականացնի 2020-2023 թվականներին ադրբեջանական ագրեսիաների հետևանքով Արցախի ամբողջական բռնազավթումը և Ադրբեջանի կազմում հայտնվելը։ Անկարայի և Բաքվի օրակարգում է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի գործարկումը, որի շուրջ քննարկումները վերջին շրջանում կրկին ակտիվացել են, չնայած ՔՊ-ականների այն հավաստիացումներին, թե այս հարցը դուրս է եկել օրակարգից։

Այսպիսով՝ փաստենք, որ Թուրքիան չի հրաժարվել ՀՀ-ին ներկայացվող նախապայմաններից, իսկ հայ-թուրքական կարագավորման գործընթացը կրկին փակուղում է։ Իրականում Թուրքիան որևէ շահ չունի ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացից, ինչի համար էլ պարբերաբար ձգձգում է այս գործընթացը։ Միևնույն ժամանակ Անկարայում շատ լավ հասկանում են, թե այս հարցը որքան կարևոր է տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մտադրություն ունեցող ՀՀ իշխանությունների համար, ուստի այն շարունակում են օգտագործել՝ վերջիններիս նկատմամբ լրացուցիչ ճնշումներ գործադրելու և զիջումներ կորզելու համար։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն