Ներքին 2 տարի առաջ - 14:02 22-12-2023

Արցախը չի կարող առանց արցախցիների. զգում եմ՝ Արցախն էլ մեզ է կարոտում

Արցախյան վերջին պատերազմը «խմբագրեց» շատերի երազանքներն ու նպատակները։ Չեղարկվեց նաև Տաթևիկի ու Հրանտի հարսանիքը։

«Մեր հարսանիքն ավելի վաղ պիտի տեղի ունենար, բայց քանի որ բլոկադայի պատճառով հարազատներս չէին կարող մասնակցել, անընդհատ հետաձգում էինք։ Վերջապես որոշեցինք՝ սեպտեմբերի 23-ին հարսանիք անենք»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Տաթևիկը։

«Սեպտեմբերի 15-ին հերթական անգամ Հրանտի հետ ոտքով իջանք հանդիսությունների սրահ՝ վերջնական պայմանավորվելու։ Բայց զինվորական նշանածս ստացավ զանգ՝ «Տագնապով ներկայանալ զորամաս»։ Իմ ներքին ձայնն այդ պահին հուշեց, որ հարսանիքս այս անգամ ևս չի կայանալու»,- ասում է Տաթևիկը։ Նախաամուսնական տրամադրությամբ Տաթևիկը սեպտեմբերի 19-ին փորձել է առանց Հրանտի լուծել տարոսիկների, դաշտային ծաղիկներից պատրաստված փնջեր պատվիրելու ու հարսանեկան սանրվածքը որոշելու հարցը։ Բայց այդ օրը սկսել է պատերազմը։

Այդ օրերին տիրող քաոսին բազմիցս ենք անդրադարձել մեր նախորդ նյութերում։ Հավելենք, որ Տաթևիկն այդ օրը ևս ապրել է նույն դաժան զգացողությունները, ինչպես հազարավորները։ Բարեբախտաբար, մեկ օր տևած արյունալի պատերազմից վերադառնում են Հրանտն ու Տաթևիկի զինվորական հայրը, բայց պարզվում է դա ամենը չէր, ինչով անցան արցախցիները։ Առջևում ավելի դաժան փորձություն էր սպասվում նրանց։

«Սեպտեմբերի 25-ի ահասարսուռ օրը, հավաքեցի մեր տան բոլոր բժշկական պարագաներն ու Հրանտի հետ գնացի հիվանդանոց, որտեղ աշխատում էր եղբայրս։ Վառված մարդիկ ցավից էին գոռում, մյուսներն անզորությունից»,- հիշում է Տաթևիկը, ում խոսքով՝ այսօր իր խիղճը հանգիստ է, քանի որ արել է իրենից կախված հնարավորը։

Տաթևիկի խոսքով՝ չնայած այդ օրերի ապրումներին՝ իր կյանքի ամենադաժան օրը համարում է երկօրյա գաղթի ճանապարհը։

«Դա իմ կյանքի ամենասարսափելի 2 օրն էր, մինչև հասանք Հայաստանի Հանրապետություն։ Այլևս հարսանիք կազմակերպելու սիրտ չունեինք։ Պարզապես Ստեփանակերտում գրված դիմումն օրինականացրեցինք՝ Երևանի Աբովյան 9 հասցեում։ Ստացանք Տիրոջ օրհնությունն ու պսակադրվեցինք Տաթևի վանքում»,- պատմում է Տաթևիկը, ում խոսքով՝ չի կարողանում առանց Արցախի ապրել, ինչպես բոլոր արցախցիներն ու զգում է, որ Արցախն էլ արցախցիներին է նույն ձևով կարոտում։

Ամենից շատ դիտված

18:00 Սարյան փողոցում 3․5 մլն դոլարանոց տուն կա՞․ Մհեր Գրիգորյանն ու հայկական «լվացքատունը»
10:10 ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում, համար մեկ է տրվել, ՔՊ-ի ծպտյալ ռուսամետները ուրախ են․ Մամուլ
17:01 Pregomesh խանութի վրայից պիտի հանվի մեծ խաչը, այլապես՝ կտուգանվենք. Սիրուշո
13:00 Հնարավո՞ր է իշխանափոխություն անել հետընտրական ցույցերի արդյունքում
23:28 ՔՊ-ն փորձում է Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրիի քաղաքապետ
23:35 Մենք միայն երջանիկ կլինենք, ես կոչ եմ անում չգալ խորհրդարան, կոչ եմ անում ընդդիմությանը չվերցնել մանդատները. Ռուբինյան
12:48 Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին
14:15 Հայտնի են դերասան Խաչատուր Հունանյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրն ու վայրը
20:02 Բաքվում Արայիկ Հարությունյանի պաշտպանը խնդրել է «անմեղ ճանաչել» նրան
12:17 Ընտրողն իրավունք ունի հասկանալու, թե ինչ են պատրաստվում անել իր քվեով ստացված քաղաքական մանդատի հետ. Արփինե Հովհաննիսյան