Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:56 24-10-2023

Մեզնից ոչ ոք կարծիք չհարցրեց, բոլորս անգործ մնացինք. արցախցի ուսուցիչ

Շարունակելով ներկայացնել Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների արհեստների մասին լուսաբանումների մեր շարքը՝ Oragir.News-ը զրուցել է ստեփանակերտցի Լիլիթ Բարսեղյանի հետ, որը, լինելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, ավագ լաբորանտ, զբաղվում է ձեռագործ մանկական խաղալիքների պատրաստմամբ:



«Փոքր հասակից էի հետաքրքրված ձեռագործ ինչ-որ աշխատանքների պատրաստմամբ: Ինչ վերաբերում է բուն գործելուն, սկսեցի հետաքրքրվել ավելի մեծ տարիքում. սկսեցի գործել 2020 թվականի պատերազմից հետո: Այդ ժամանակ երեխայիս խնամքի արձակուրդում էի։ Տանն էի, ունեի ազատ ժամանակ և պատերազմից ու հոգեբանական ծանր ապրումներից հետո կարիք էի զգում ինչ-որ բանով զբաղվելու, որ մտքերս ցրեմ: Պատահական ինտերնետում տեսա ձեռագործ խաղալիքներ և որոշեցի ինքս էլ փորձել: Սկզբում մտածում էի երեխաներիս համար ինչ-որ բան գործելու մասին: Փորձեցի: Թեպետ թերություններս շատ էին, շարունակեցի նույն արջուկին ավելի գեղեցիկ տարբերակով ստեղծել: Վերջում, երբ պատրաստի վիճակում աշխատանքս նկարեցի և տեղադրեցի ինտերնետում, իմ ծանոթներից մեկը այն գնեց: Այսպես ինքնաբերաբար ստացվեց բիզնեսի առաջացումը: Եվ սկսեցի: Դա դարձավ իմ փոքրիկ բիզնեսը: Իմ ամբողջ կյանքում ապրել եմ Ստեփանակերտում: 2020 թվականից հետո իմ հայաստանյան պատվիրատուներից շատերը ամեն անգամ հարցնում էին, թե արդյո՞ք դեռ Արցախում եմ: Ասում էի՝ այո, իհարկե, մեր տունը էդտեղ է: Բլոկադայի ընթացքում հումքի պակաս ունեի: Խաղալիքներ կային, որոնց պատվերները վերցնել չէի կարողանում. չունեի նյութերը, թելերը: Ինչքան հումք տանը ունեի, բավարարվում էի դրանով. հումք ձեռք բերելը անհնարին էր այդ շրջանում: Դրա համար էլ պատվերներ գրեթե չէի գրանցում: Հայաստանում արդեն իսկ 5 պատվեր եմ ունեցել, ուղարկել եմ փոստով: Ընտանիքիս 10 անդամների հետ վարձով բնակվում եմ Կոտայքի մարզում: Երկու բալիկ ունեմ: Արցախում երկու տեղ էի աշխատում՝ Արցախի պետական համալսարանի Մանկավարժության և հոգեբանության ամբիոնում որպես ավագ լաբորանտ և այս ուստարվանից համատեղությամբ դասավանդում էի Անանիա Շիրակացի ճեմարանում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Ցավոք, դասավանդելուս գործընթացը կիսատ մնաց»:



Հարցին՝ ինչ վերաբերմունք ունի այն հարցի շուրջ, որ Արցախի պետական համալսարանը լուծարվել է, ասաց, որ իրենց կարծիքը հարցնող չեղավ, բոլորն էլ անգործ մնացին:

«Դե, իրականում, մեզնից ոչ ոք կարծիք չհարցրեց, և ոչ էլ որևէ բան կարող ենք փոխել. բոլորս անգործ մնացինք: Սկզբնական շրջանում կարծում էինք, որ հնարավոր է ԵՊՀ-ին կից բացվի Արցախի պետական համալսարանը, բայց, ցավոք, մեր հույսերը չարդարացան: Այդպիսի որոշում չկայացվեց, և բոլորս առանց գործի մնացինք: Հակառակ դեպքում պատրաստ էինք շարունակել աշխատել հարազատ բուհում մեր մասնագիտությամբ: Եթե առաջարկ լինի Արցախի պետական համալսարանից, կգնամ իմ հիմնական աշխատանքին, բայց եթե դպրոցներում էլ լինի, կփորձեմ իմ գիտելիքներով կիսվել սաների հետ: Մտածում էին Հայաստանում վերաբացել նաև Անանիա Շիրակացի ճեմարանի Արցախի մասնաճյուղը, բայց, ցավոք, դեռ այդպիսի որոշում չկա: Դեռ բոլոր մասնագետները մնացել են դրսում: Ասել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են։ Ուսումնասիրել եմ նաև նախարարության ստեղծած հարթակը, սակայն բոլոր մոտակա դպրոցներում, ցավոք սրտի, չկա հայոց լեզվի ուսուցչի թափուր հաստիք: Բայց, միգուցե, հետագայում կլինի: Դիմել եմ, գրանցվել եմ, տվյալներս ունեն իրենք, բայց այս պահին առաջարկ չկա»:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
23:54 ՈւԵՖԱ-ն Եղիշե Մելիքյանի մասնակցությամբ հումորային հոլովակ է հրապարակել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
23:20 Իսրայելը չի բացառել՝ Flydubai-ի ինքնաթիռի օդաչուն փորձել է այն ուղղել դեպի երկնաքեր՝ բախման նպատակով
22:41 Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
22:58 Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որի մոտ հայտնաբերել են թմրամիջոցի փաթեթներ. ՆԳՆ