Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 22:15 13-10-2023

Համազգային ողբերգություն. ինչու են դատում Վագիֆ Խաչատրյանին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Բաքվի զինվորական դատարանում այսօր մեկնարկել է Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։

Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանի կողմից առևանգվել էր դեռևս հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից։ Խաչատրյանը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պետք է ժամաներ Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատություն իրականացնելու համար։ Նրա հարազատների խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում էր, և վիրահատությունը նրա համար հրատապ անհրաժեշտություն էր։

Ադրբեջանում մեր հայրենակցին մի շարք շինծու և ծանր մեղադրանքներ են առաջադրվել. Խաչատրյանը մեղադրվում է 1991 թվականին «Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում հայկական զինված կազմավորումների կազմում հարձակումներ և ցեղասպանություն իրականացնելու մեջ, որի հետևանքով սպանվել է 25 ադրբեջանցի»։ Արցախի իշխանությունները կտրականապես հերքել էին այս մեղադրանքը՝ նշելով, որ Մեշալի գյուղում նման հանցագործություն չի եղել, իսկ Խաչատրյանը Պաշտպանության բանակին միացել է 1992 թվականից, ուստի չէր կարող ներգրավված լինել իրեն վերագրվող արարքներում։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են Վագիֆ Խաչատրյանի դատավարության կադրերը, որտեղ երևում է, թե ինչ տառապանքների միջով է անցնում 68-ամյա ծերունին։

Բնականաբար Հայաստանում որևէ գիտակից քաղաքացի չէր ակնկալում, որ Ադրբեջանը մարդկային մոտեցում պետք է ցուցաբերեր ապօրինաբար առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ, սակայն նման կադրերի տարածումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է նման կերպ վարվել Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր քաղաքացու հետ, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն կամ մասնակցել է Արցախյան պատերազմներից որևէ մեկով։

Եթե Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալությունը, որը նույնպես դատապարտելի է, Ադրբեջանը հիմնավորում է այն շինծու մեղադրանքներով, որ հիշյալ գործիչները անջատողական գործունեություն են ծավալել, խախտել են Ադրբեջանի սահմանադրությունը և այլն, ու դա ուղղված է նախևառաջ երկրի ներքին լսարանին, ապա Վագիֆ Խաչատրյանի դեպքում ուղերձ է փոխանցվում Հայաստանի բնակչությանը, քանի որ Խաչատրյանի միակ մեղքն այն է, որ նա հայ է, ով ծնվել է Արցախում և առաջին պատերազմի տարիներին պաշտպանել է իր հայրենիքը։

Այսպիսով, Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են հուսահատություն տարածել ոչ միայն Վագիֆ Խաչատրյանի ընտանիքում, այլ նաև ողջ հայ հասարակության շրջանում։ Բաքուն նպատակ է հետապնդում հոգեբանորեն ճնշել հայ հասարակությանը և Վագիֆ Խաչատրյանի օրինակով ու Նիկոլ Փաշինյանի թույտվությամբ ցույց է տալիս, որ յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից և ունեցված առողջական խնդիրներից, եթե պատերազմել է Ադրբեջանի դեմ և պաշտպանել է իր հայրենիքը, ապա ենթարկվելու է պատասխանատվության՝ անգամ տասնամյակներ անց։

Ալիևը վարչակազմը նման քաղաքականությամբ փորձում է Արցախի խնդիրը լուծել նաև երկարաժամկետ հեռանկարում և հասնել նրան, որ անգամ տասնամյակներ անց Հայաստանում որևէ մեկը չվիճարկի Արցախի պատկանելիությունը և տարածքային հավակնություններ չցուցաբերի Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանական կողմը այսկերպ ձգտում է այնպես անել, որ հայ ազգը երկար ժամանակ որևէ կերպ չկարողանա հաղթահարել վերջին տարիներին ստացած հարվածների հետևանքները և չվերկանգնվել, քանի որ այնքան ֆիզիկապես կոտրվելն այնքան վտանգավոր չէ, որքան հոգեբանորեն կոտրվելը, իսկ Ադրբեջանը սեփական օրինակով դա շատ լավ է գիտակցում։

Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանը նաև կկազմակերպի Վագիֆ Խաչատրյանի սրտի վիրահատությունը կամ գուցե արդեն իրականացրել է այն՝ քարոզչական դաշտում օգտագործելու և քաղաքական դիվիդենտներ ստանալու համար։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ այն ամենն ինչ այսօր կատարվում է Վագիֆ Խաչատրյանի և Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված մեր մյուս հայրենակիցների նկատմամբ իրականում համազգային ողբերգություն է։ Այլ կերպ ասած՝ սա հայ ազգի պատիվն է, որը վերջին տարիներին պարբերաբար անարգվում է։

Անշուշտ, ստեղծված իրավիճակի մեղավորները Հայաստանի իշխանություններն են, ովքեր ոչ միայն կատարել են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները, լեգիտիմացրել են Արցախում իրականացված ցեղասպանությունը, այլ նաև իրենց պարտվողական և զիջողական քաղականությամբ թույլ են տվել, որ Ադրբեջանը կամայականորեն ձերբակալի ՀՀ քաղաքացիներին, շինծու քրեական գործեր հարուցի նրանց նկատմամբ և այդկերպ էլ ավելի խորացնի հայ հասարակության շրջանում առկա անկումային տրամադրությունները։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել