copy image url
Խոսք Ներքին 8 ամիս առաջ - 18:49 29-07-2023

Ադրբեջանը նախ թույլատրել է, ապա առևանգել Վագիֆ Խաչատրյանին

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

Ինչպես հայտնի է, Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետում առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։

Քիչ առաջ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշել է, որ Խաչատրյանը «միջազգային հետախուզման մեջ է»։

«Սպանել է ազգությամբ 25 ադրբեջանցու, 14 հոգու պատճառել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, 358 ադրբեջանցու արտաքսել օրինական բնակության վայրերից»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Խաչատրյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103 (ցեղասպանություն) և 107 (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։

Oragir.News-ի զրուցել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։

- Դուք նշել էինք, որ Բերձորի միջանցքով քաղաքացիներին տեղափոխելուց առաջ համաձայնեցնում եք քաղաքացիների տվյալները։ Խոսքը նաև ադրբեջանակա՞ն կողմի մասին է։

- Մենք համաձայնեցնում ենք բոլոր ներգրավված կողմերի հետ, որոնք կապ ունեն այդ անձանց տեղափոխման հետ։ Համաձայնեցումը վերաբերում է հենց անմիջապես իշխանութուններին։ Իհարկե, ադրբեջանական կողմը նույնպես տեղեկացված է լինում։

- Երբևէ եղե՞լ է, որ ադրբեջանական կողմը համաձայնություն չտա կամ մերժի որևէ կոնկրետ անհատի տեղափոխումը։

- Մենք չենք կարող մեկնաբանել մեր և որևէ իշխանությունների ներկայացուցիչների միջև երկխոսության բովանդակային ընթացքը, բայց կարող եմ ասել, որ մինչև օրս նախնական համաձայնություններ ձեռք բերելու արդյունքում կարողացել ենք մարդկանց ապահով կերպով տեղափոխել Լաչինի միջանցքով, լինեն նրանք բուժառուներ, թե ժամանակին, երբ մենք տեղափոխում էինք մարդկանց, որոնք պետք է վերամիավորվեին իրենց ընտանիքի անդամների հետ։ Այսինքն, մենք բոլոր իշխանությունների հետ ձեռք ենք բերում համաձայնություններ՝ նաև տրամադրելով տվյալներ մարդկանց մասին, որոնք պետք է տեղափոխվեն, ինչը թույլ է տալիս ապահովել մարդասիրական գործողությունների անվտանգ ընթացքը։

- Այս անգամ ևս այդ ընթացակարգը պահպանվե՞լ է։

- Այո՛, դա վերաբերում է մեր բոլոր գործողություններին, անխտիր բոլորն ունեն համապատասխան ընթացակարգեր, բոլորի մասին չեմ կարող շատ բովանդակային մանրամասնել, բայց բայց գոնե հիմնականը եղել է։ Պայմանավորվածություն ձեռք բերելը հենց ծառայում էր այդ նպատակին, որպեսզի կարողանանք ամեն ինչ սահուն կերպով կազմակերպել։ Մինչև օրս դա հնարավոր է եղել։

- Այսինքն, իրենք թույլ են տվել քաղաքացու տեղափոխումը, այնուհետև առևանգե՞լ։

- Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել։ Չեմ ուզում, իմ բառերը որևէ կերպ օգտագործվեն։

- Իսկ ձեր ներկայացուցիչներին որևէ կերպ պարզաբանե՞լ են իրենց գործողությունները, ի՞նչ է տեղի ունեցել անցակետում։

- Ես հասկանում եմ, որ այդ ամենը մեծ հետաքրքրություն ունի, բայց մենք չենք կարող այդ առումով հանրային քննարկում կազմակերպել և բնականաբար, զերծ մնալով բովանդակային մասով որևէ բան ասելուց՝ մենք բոլոր տեսակի հարցերը, խնդիրներին ուղղում ենք ներգրավված կողմերի իշխանություներին, ոչ թե դրանք քննարկում ենք հանրային հարթակում։

- Հաշվի առնելով այս նախադեպը՝ Կարմիր խաչը հաջորդիվ հանձն առնելո՞ւ է քաղաքացիների տեղափոխությունը, սա ձեզ համար ի՞նչ ազդակ է։

- Աշխատելու ենք էլի կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով հարցերը քննարկելով իշխանությունների հետ։ Հետագա քայլերը, աշխատանքի ձևաչափը ինչպես կշարունակվի ու ինչ հարցեր, ինչպիսի լուծում կստանան՝ չեմ կարող ասել, այս պահին ավելին, քան ասում ենք չենք՝ կարող ասել, բայց մեր հետագա քայլերը կհասկանանք ըստ իրավիճակի։