Ինչպես հայտնել էինք, «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խումբն Արցախի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը մուտքագրել է ԱԺ: Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասել է, որ նախագծի ընդունումն ավելի քան արդիական է ու ունի հետևյալ բացատրությունը. «Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Արցախն իրականում հանդիսացել է միջազգային իրավունքի սուբյեկտ, երկար տարիներ, տասնամյակներ եղել է բանակցային կողմ, եղել են Մադրիդյան սկզբունքներ, ուստի Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, չի կարող պարզապես վերանալ էթնիկ զտման արդյունքում»։
Չալաբյանն ընդգծեց, որ Հայաստանի որևէ իշխանավոր իրականում իրավունք չունի իր որևէ գործողությամբ ամրագրել Արցախում տեղի ունեցած ցեղասպան գործողությունները. «Արցախում ցեղասպանություն է տեղի ունեցել։ Այն, ինչ անում է այսօր Փաշինյանը, դա ցեղասպանությանը հանցակցություն և մաքրագործություն է։
Հայ ազգի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են դրան, պետք է շարունակեն պայքարը, որպեսզի թույլ չտան Փաշինյանին Ադրբեջանի ցեղասպանության արդյունքում ստեղծված իրավիճակը ամրագրել միջազգային պայմանագրերով։ Այն, ինչ արել է Փաշինյանը, ընդամենը հայտարարություններ են, միջազգային որևէ պայմանագիր գոյություն չունի, և մենք պայքարելու ենք նրա համար, որպեսզի այդպիսի միջազգային պայմանագիր գոյություն չունենա։ Եթե գոյություն ունենա նման միազգային պայմանագիր, առաջինը կվերացնի Արցախը որպես հայկական պետություն, միջազգային իրավունքի սուբյեկտ, երկրորդ՝ ճանապարհ կբացի ՀՀ նկատմամբ ագրեսիայի համար։
Եթե մենք ուզում ենք կանխել հայ ժողովրդի մասսայական ցեղասպանությունը և ՀՀ ինքնիշխանության կորուստը, այսօր մենք պետք է շարունակենք մեր պայքարը»։
Նա ասաց, որ չպետք է հավատալ ՔՊ-ի դեմագոգիային, պետք է վերախաղարկել իրավիճակը, վերականգնել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը և դրա բոլոր ճանապարհները գոյություն ունեն, թույլ չտալ, որպեսզի Արցախում տեղի ունեցած ցեասպանությունն ամրագրվի ՀՀ պաշտոնյաների գործողություններով։
Չալաբյանի խոսքով այն, որ Արցախն այս պահին հայաթափված է, դա չի նշանակում, որ այդպես էլ մնալու է: «Իրողությունները կարող են փոխվել, և մենք կարող ենք Արցախի նկատմամբ մեր իրավունքները վերականգնել: Նույն Ադրբեջանը Արցախի հայաթափումից հետո ամենուրեք հայտարարում է, որ ինքն այդ հայաթափման հետ կապ չունի, որ դա Արցախի բնակչության սեփական կամարտահայտությամբ է տեղի ունեցել և որ ինքը պատրաստ է Արցախի բնակչությանն ընդունել:
Հիմա ամենապարզագույն բաներից մեկը, որ պետք է փորձել իրականացնել, դա հետևյալն է. Արցախի բնակչությունը Արցախ վերադառնալու համար պետք է ստանա միջազգային երաշխիքներ՝ սեփական անվտանգության և իրավունքների պահպանման: Այդ իմաստով, ինչքան էլ գործող իշխանությունը փորձի Արցախի էջը փակել, Արցախի էջը բնականաբար փակված չէ, և մենք շարունակելու ենք պայքարը, որպեսզի Արցախի բնակչությունն իրավունք ստանա վերատիրելու իր հայրենիքին։
Օրինակ, այդտեղ կարող են լինել միջազգային խաղաղապահ ուժեր, լինի ՄԱԿ-ի կառավարման մանդատ, լինի Լաչինի միջանցքի նկատմամբ միջազգային վերահսկողություն և այլն: Ըստ էության, այն, ինչ պետք է անեին ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք երկու տարի որոշակի անվտանգության երաշխիքներ ապահովեցին, բայց հետո դե ֆակտո հրաժարվեցին այդ անվտանգության երաշխիքներն ապահովելուց: Հիմա մենք պետք է պայքարենք, որ դա արդեն լինի ՄԱԿ-ի հովանու ներքո, և լինեն այնպիսի երաշխիքներ, որոնք կապված չեն մեկ առանձին երկրի կամայականությունից»,- ընդգծեց Չալաբյանը: