Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:51 04-05-2023

Մենք ենք այն զնդանը, որն ամեն հարվածից պետք է ամրանա, մինչև թշնամու մուրճը ջարդվի․ Ավետիք Չալաբյան

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մուրճի և Զնդանի արանքում

Երեկ, ելույթ ունենալով ՀՀ Ազգային ժողովում, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ընդունեց, որ "խաղաղության" այն պայմանագիրը, որն իր գլխավորած "կառավարությունն" այսօր բանակցում է Ադրբեջանի (և փաստացի Թուրքիայի) հետ, ընդունելի չի լինելու հայ ժողովրդի մեծամասնության համար։ Փաստացի, նա ընդունեց, որ հայտնվել է թշնամական մուրճի և ժողովրդական զնդանի արանքում, թեև դեռ հույս ունի, որ այդ զնդանը տեղի կտա, և ինքը ևս մեկ անգամ կկարողանա խուսափել իրեն արժանի քաղաքական պատասխանատվությունից։

Այս հայտարարությունը նրա անփառունակ կառավարման 5 տարիների իրական հանրագումարն էր՝ ողջ այդ ընթացքում շաղախված պոռոտախոսությամբ, ամպագոռգոռ խոստումներով, սահման չճանաչող ստերի հեղեղով, իրեն վստահած և ընտրող բազմահազար մարդկանց մոլորեցնող անվերջ մանիպուլիացիաներով, իրենից դուրս "քավության նոխազների" վերջը չունեցող զոհաբերությունների շարանով։ Սա նաև այն հանրագումարն էր, որից հետո ցանկացած իրեն հարգող քաղաքական գործիչ պետք է հրաժարական տար, և անկեղծ ընդուներ, որ իր մոտ չի ստացվել։

Առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանի այս ինքնաբացահայտումը համընկավ նրա վարկանիշի շարունակական անկումը հաստատող հերթական (և առավել արժանահավատ - IRI) սոցիոլոգիական հարցման հրապարակման հետ, որից պարզ է դառնում, որ բնակչության բացարձակ մեծամասնությունը այլևս դեմ է նրա կառավարմանը, համարում է, որ նա ձախողել է երկրի անվտանգության և Արցախյան հարցի հանգուցալուծման հետ կապված իր սահմանադրական գործառույթները, երկիրը տանում է հակաժողովրդավարական ճանապարհով, իսկ նրա կողմից փաստացի զավթված բոլոր պետական հաստատությունները արդեն իսկ մեկը մյուսից ցածր վստահություն ունեն բնակչության մոտ։

Միակ պատճառը, որ բնակչությունը դեռևս հանդուրժում է Փաշինյանի ձախողված կառավարումը, դա համախմբված, կուռ և լայն հանրային վստահություն վայելող ընդդիմադիր բևեռի բացակայությունն է, և դա է դեռ Փաշինյանին թույլ տալիս, թեև դժվարությամբ, բայց շարունակել իր հակազգային քաղաքական գիծը։ Սա մի գերխնդիր է, որը ծառացած է ամբողջ ընդդիմադիր դաշտի, մեր երկրի բոլոր արժանապատիվ քաղաքացիների առջև, և որի լուծումից է կախված ոչ միայն Փաշինյանի և նրա խառնակույտի քաղաքական մայրամուտը, այլև մեր անկախ պետականության պահպանումը, և մեր համազգային նպատակների իրականացումը։

Այս խնդրի լուծումն է, որին պետք է ազնվորեն լծվենք մեզնից յուրաքանչյուրը՝ մի կողմ դնելով մեր անձնական հավակնությունները, մեր եսակենտրոնությունը, փոխադարձ անվստահությունը, ամեն օր և ամեն ժամ աշխատենք իրար հետ՝ ձևավորելու այն նոր արդյունավետ և արդիական, ներառական ու թափանցիկ, և միաժամանակ ազգակենտրոն և նախաձեռնող ուժը, որին կհավատա մեր հանրությունը, և որը նրան հույս և հավատ կտա՝ վերջնական հրաժեշտ տալու Փաշինյանին, և նոր էջ բացելու մեր պետության պատմության մեջ։ Այսօր մենք ենք այն զնդանը, որն ամեն հարվածից պետք է ամրանա, մինչև թշնամու մուրճը ջարդվի, և նրա կամակատարները մեջտեղից վերանան։

Իմ հանձնառությունն է այսօր՝ խոնարհաբար ծառայել այդ նպատակին, և իմ ողջ ուժն ու կարողությունները ներդնել նրա իրականացմանը։ Եթե յուրաքանչյուրս մեզ տեսնենք այդ ժողովրդական զնդանի մաս, մեր մեջ ուժ գտնենք և պատրաստ լինենք դիմագրավել հարվածներին, ամեն հարվածին դիմանալուց էլ ավելի ամրանանք մեր ներսում, մեզ այլևս ոչ մի թշնամի չի հաղթի։ Եթե կարդում եք այս տողերը, և ձեր մեջ տեսնում եք այդ ուժը, գտեք ձեր շրջապատում ձեր նմաններին, միասին սկսեք համախմբվել և գործ անել, և հետո էլ միացեք ձեր նման մյուս խմբերին, մինչև մենք նորից դառնանք ամուր և կուռ, անպարտելի ազգային դարբնոց, որի զնդանի վրա արդեն սեփական մուրճն է զենք կռում, և զինում սեփական բանակը։ Աստված զորավիգ մեր ազգի պայքարող տեսակին»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները

Ձեզ գուցե հետաքրքրի