Երևան +10°
copy image url
Մշակույթ 7 ամիս առաջ - 22:08 09-10-2023

Մի ջերմ երեկո՝ որբանոցային տաղտուկ առօրյայից կտրված․ Վահան Տերյան և Գուրգեն Մահարի

Ցեղասպանության սարսափներով անցած մանուկ Գուրիսին ճակատագիրը նախ Էջմիածնի պատերի տակ, ապա որբանոցից որբանոց էր նետել։ Իր բոլոր հարազատներին կորցրած ապագա գրողը դեռ մանկուց աչքի էր ընկնում իր՝ կյանքի հանդեպ ունեցած վառ հավատով, նա կարողանում էր ցավի միջից ծիծաղել։

Գուրգեն Մահարու որբանոցային ջերմ հիշողություններից է հանդիպումը գրող Վահան Տերյանի հետ։

Մի օր նա պատերին հայտարարություն է տեսնում, որում նշված էր, որ Վահան Տերյանը դասախոսելու է Երևանում, իսկ միջոցառման ավարտին մի քանի բանաստեղծություններ կարդա։

«Ուրեմն ոչ միայն Վահան Տերյանը մարդ է, այլև գտնվում է Երևանում, ոչ միայն գտնվում է Երևանում, այլև դասախոսելու է»,- զարմացել էր բանաստեղծական առաջին քայլերն անող պատանին։

Իսկ որտեղի՞ց որբանոցի խոհանոցից հաց գողացած պատանուն տոմսի գումար։

«Ստուգողը մի չար դեմքով, կեռ քթով մարդ է․ կարծես նա ոչ թե տոմսերն է ստուգում, այլ գիշատում։ Ես հուսահատվում եմ։

Կարճահասակ, նիհարուն և թուխ մի երիտասարդ մոտեցավ ստուգողին և հարցրեց․

-Ժողովուրդ կա՞․․․

-Նիչեվո,- պատասխանեց գիշատիչը։

Երիտասարդը վեր բարձրացավ առանց տոմս ցույց տալու, որի համար և արժանացավ իմ նախանձին։ Ինչո՞ւ նրան առանց տոմս կարելի է, իսկ ինձ ոչ։

․․․․Ես հավաքում եմ քաջությունս և մոտենում են ստուգողին, որը կարմիր թաշկինակով այս անգամ սեփական քիթն է գիշատում։

-Տոմս չունի,-ասում եմ ես և չգիտեմ ինչպես շարունակել։
-Հըմ․․․
-Տոմս չունեմ․․․
-Նիչեվո, գնա քնի․․․
-Ես շատ կուզեմ Վահան Տերյանին տեսնել․․․
-Նիչեվո, ներս մտի, բարձրացի բալկոն․․․ Չարություն անես ոչ, հա՜․․․

․․․․Բեմի վրա կանգնած է մի երիտասարդ և խոսում է․ այդ այն երիտասարդն է, որը սանդուղքների մոտ ստուգողին հարցրեց՝ «ժողովուրդ կա՞» և առանց տոմսի վեր բարձրացավ։ Ես անհամբեր սպասում եմ․ ե՞րբ կվերջացնի նա, որպեսզի հերթը Տերյանին հասնի։

Նա չի վերջացնում, իսկ Տերյանը դեռ չկա։

Իսկ նախագահը հանգիստ նստել է։

Վերջապես նա վերջացնում է։
-Հիմա թույլ տվեք կարդալու իմ մի քանի բանաստեղծությունները․․․

Տերյանը, մի՞թե նույն այդ երիտասարդն է եղել Տերյանը։

Նա կարդում է իր հրաժեշտի տողերը, նուրբ, նվագուն և թախծոտ, վերջացնում է, իսկ դահլիճում ոչ մի ծպտուն, և ոչ ոք չի շարժվում տեղից։ Օդում թրթրռում է նրա վերջին նվագը․

Բարի հիշեք ինձ ձեր սրտում, մնաք բարո՜վ, մնաք բարո՜վ․․․

Ձեզ գուցե հետաքրքրի