Ուղիղ եթեր
Հինգ ապացույց, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է ոչ թե Հայաստանի, այլ միայն իր պաշտոնի մասին
copy image url

Հինգ ապացույց, որ Նիկոլ Փաշինյանը մտածում է ոչ թե Հայաստանի, այլ միայն իր պաշտոնի մասին

Ներքին 1 տարի առաջ - 21:30 25-09-2023
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման հինգ տարիներն ուղեկցվեցին պատերազմներով, տեղային էսկալացիաներով, տարածքային և մարդկային մեծ կորուստներով, ինքնիշխանության գահավիժմամբ և զանազան այլ կորուստերով։ Այս ամենի հետ մեկտեղ իշխող քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որևէ կերպ չի պատրաստվում ինքնակամ հրաժարվել իշխանությունից, քանի որ վերջիններիս համար իշխանությունը դարձել է սեփական անվտանգության երաշխավորը։

Ինչպես պնդում են բազմաթիվ գործիչներ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տա, և իր քաղաքական ուժը խորհրդարանում չի աջակցի վարչապետի պաշտոնում որևէ այլ գործչի ընտրությանը, եթե անգամ փողոցներում հարյուր հազարավոր մարդիկ հայտնվեն, ովքեր կպահանջեն իր հրաժարականը։ Միևնույն ժամանակ չի բացառում, որ ներքին և արտաքին հուժկու ճնշման դեպքում Նիկոլ Փաշինյանն իր թիմով հանդերձ փախուստի կդիմի երկրից, սակայն այդ ժամանակ նույնպես հրաժարական չի տա, որպեսզի հաջորդ իշխանությունը, որը պետք է բախվի Փաշինյանի կառավարման հետևանքով ստեղծված լրջագույն խնդիրների հաղթահարմանը, ունենա նաև լեգիտիմության խնդիր։

Հիշեցնենք, որ դեռևս 2018 թվականի իշխանափոխության օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվեր վարչապետ, վերջինս մի առիթով հայտարարեց՝ «կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»։ Այդ օրերին այս հայտարարությունն ուշադրության չարժանացավ, քանի որ Հայաստանում համատարած էյֆորիայի մթնոլորտ էր տիրում, սակայն Փաշինյանի հետագա գործողություններից պարզ դարձավ, որ վերջինիս համար վարչապետի աթոռն այնքան կարևոր է, որ ինքը որևէ պարագայում չի հրաժարվի նրանցից, անգամ եթե բախվենք մի իրավիճակի, երբ Հայաստանն այլևս վարչապետ չի ունենա։

Oragir.News-ը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված հինգ քայլեր, որոնք փաստում են, որ վերջինս մտածում է ոչ թե Հայաստանի, այլ միայն իր պաշտոնի մասին.

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բացահայտել մարտի 1-ի գործը, իսկ երբեմն էլ պնդում էր, որ այն բացահայտված է, սակայն առ այսօր հայտնի չէ, թե ովքեր են 10 սպանությունների հեղինակները։ Այս գործի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 27-ին Յուրի Խաչատուրովին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար պաշտոնը, մեղադրանք առաջադրվեց՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ-ում սահմանադրական կարգը տապալելու համար, քննիչի կողմից ներկայացվեց կալանքի միջնորդություն, սակայն դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց Խաչատուրովն ազատ արձակվեց և վերադարձավ իր պարտականությունների կատարմանը։

ՀԱՊԿ-ի, ինչպես նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում Հայաստանի քաղաքացիները տարբեր վերաբերմունք ունեն, սակայն Հայաստանի իշխանությունների այս քայլը, երբ մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարին, ուղիղ հարված էր կազմակերպության հեղինակությանը, որի հետևանքները զգացնել կտան հետագայում։ Ավելի ուշ ՀՀ-ն Խաչատուրովին հետ կանչեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնից, սակայն այդպես էլ չկարողացավ հասնել նրան, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվի ՀՀ ներկայացուցիչն այն դեպքում, երբ ևս մեկուսկես տարի այդ պաշտոնը պետք է պատկաներ ՀՀ-ին։

Ամենևին չցանկանալով ներգրավվել քրեական գործի մանրամասների մեջ՝ կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը նախ պետք է հետ կանչեր Խաչատուրովին, գլխավոր քարտուղարի պաշտոնում կարողանար նոր թեկնածու նշանակել, որից հետո միայն արդեն նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեր, ինչը չէր վնասի կազմակերպության հեղինակությանը և անդամ երկրների՝ հատկապես ՌԴ-ի հետ հարաբերություններին։

Տավուշյան դեպքերը՝ նոր Սարդարապատ

2020 թվականի հուլիսին Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց Տավուշի մարզի նկատմամբ, որին հայկական զինված ուժերը արժանի հակահարված տվեցին, հետ շպրտեցին թշնամուն, ինչպես նաև դիրքային բարելավումներ իրականացրեցին։ Այդ ժամանակ, ի տարբերություն 44-օրյա պատերազմի, հայկական ուժերի ողջ գործողությունները համակարգում էր գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանը։

Տավուշյան իրադարձությունները Նիկոլ Փաշինյանի և իր ողջ քաղաքական թիմի կողմից սկսեցին ներկայացվել որպես նոր Սարդարապատ, որը մենք չէինք կարող ունենել, եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլիներ։ Արդեն օգոստոսի 28-ին Սարդարապարտի հուշահամալիրում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, որտեղ 1 հոգի՝ կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացավ Ազգային հերոսի կոչման, Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողներ պարգևատրվեցին «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողներ՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

Անշուշտ հայրենիքի պաշտպանության գործում ներգրավված զինծառայողները պետք է պարգևատրվեին, սակայն դա չպետք է տեղի ունենար համատարած լուսաբանմամբ և գովասանքով, ինչը էլ ավելի պետք է մեծացներ թշնամու ախորժակը՝ ամեն գնով վրեժխնդիր լինել ունեցած կորուստներ համար։ Պարգևատրման արարողությունից մեկ ամիս անց՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը նախաձեռնեց Արցախյան 44-օրյա պատերազմը, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայության համար, իսկ այդ գործողությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանը «միայն մոդերատորություն» էր իրականացնում։

44-օրյա պատերազմն ավելի լավ պայմաններով դադարեցնելու առաջարկներից հրաժարում

Արցախյան 44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ չափազանց ծանր պայմաններով։ Պատերազմի ողջ ընթացքում՝ այդ թվում նաև հայտնի փաստաթղթի ստորագրումից ժամեր անց Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, որ հայկական կողմը հաղթելու է, իսկ թշնամու առաջխաղացման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Միևնույն ժամանակ պատերազմի ավարտից հետո հայտնի դարձավ, որ պատերազմի ողջ ընթացքում եղել են ռազմական գործողություններն ավելի վաղ և ավելի լավ պայմաններով դադարեցնելու հնարավորություններ, սակայն Հայաստանի վարչապետը հրաժարվել է ընդունել դրանք՝ վախենալով, որ իրեն դավաճան կանվանեն։ Բոլորովին չցանկանալով տուրք տալ դավադրությունների տեսություններին՝ կանդրադառնանք այդ առաջարկներից միայն մեկին, որը եղել է ՌԴ նախագահի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, և որը հաստատել են անձամբ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը։

Ռուսաստանի նախագահը 44-օրյա պատերազմից օրեր անց հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ին իրեն հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել, որպեսզի վերջինս դադարեցնի ռազմական գործողությունները 7 շրջանները ստանալու դիմաց, Շուշի քաղաքը մնար հայկական վերահսկողության տակ, իսկ Ալիևի միակ պայմանը եղել է այն, որ փախստականները վերադառնան Շուշի։ Փաշինյանը մերժել է ՌԴ նախագահի այս առաջարկը՝ պնդելով, թե դա սպառնալիք է պարունակում Հայաստանի և Արցախի համար։

Կարծում ենք՝ չնայած Փաշինյանի հայտարարությանը, թե այդ պարագայում Շուշին կունենար 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն, այնուամենայնիվ հայկական վերահսկողության և ռուս խաղաղապահների առկայության դեպքում շատ քիչ փախտականներ կհամաձայնեին վերադառնալ քաղաք, կամ այդպիսինները առհասարակ չէին լինի։

Այս իրավիճակում եթե Փաշինյանը մտածեր պետական շահի, այլ ոչ թե իր սեփական վարկանիշի մասին, ապա կընդուներ ռուսական առաջարկը և կդադարեցներ պատերազմը՝ հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ հոկտեմբերի սկզբից արդեն ակնհայտ էր, որ իրավիճակը տանելու է անխուսափելի պարտության։ Այս դեպքում հայկական կողմը կունենար ավելի քիչ տարածքային և մարդկային կորուստներ, ինչպես նաև ավելի շուտ վերականգնվելու հնարավորություն։ Սակայն զոհերի թիվը նույնպես չէր անհանգտացնում Փաշինյանին, քանի որ ինչպես նա հետագայում հայտարարեց՝ պատերազմն ավելի շուտ դադարեցնելու դեպքում կունենայինք նույն պատկերը՝ պարզապես առանց զոհերի։

Սեփական իշխանության պահպանում ցանկացած գնով

2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքական ուժեր պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ պնդելով, որ պարտված ղեկավարը պետք է օր առաջ հեռանա, քանի որ վերջինիս պաշտոնավարումը կհանգեցնի նոր կորուստների և զիջումների։ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան այս կոչերի պնդեց, որ հանրությունը չի պահանջում իր հրաժարականը և առաջարկեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, որոնցում իրեն հաջողվեց հաղթանակ տանել։

Փաշինյանի իշխանության օրոք Ադրբեջանը 2021-2022 թվականներին մի քանի անգամ ներխուժեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ, օկուպացրեց նվազագույնը շուրջ 150 քառակուսի կմ տարածք, իսկ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը լեգիտիմացրեց Արցախի նկատմամբ Բաքվի հետագա գործողությունները, քանի որ միջազգային բոլոր դերակատարներն արդեն պնդում էին, որ Ադրբեջանը գործում է սեփական տարածքում, որը ճանաչվել է նաև Հայաստանի կողմից։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից 2 ամիս անց Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ սեպտեմբերի 19-ին հերթական ագրեսիան իրականացրեց Արցախի դեմ, որի արդյունքում հաջողվեց տիրանալ փաստացի ողջ Արցախին։

Ադրբեջանական թեզերի սպասարկում

Հայաստանի վարչապետը 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունն արդարացնելու նպատակով պարբերաբար խեղաթյուրում է նաև Արցախի հարցով բանակցային գործընթացի բովանդակությունը և հրապարակ է նետում ադրբեջանական մի շարք թեզեր, որոնք շատ հաճախ չեն համապատասխանում իրականությանը։

Օրինակ Նիկոլ Փաշինյանը շատ հաճախ հղում է կատարում է 1993 թվականին ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված չորս բանաձևերին և պնդում, որ դրանով «Հայաստանը ճանաչվել է որպես օկուպանտ, իսկ Արցախի տարածքը օկուպացված»։ Նշենք, որ այս բանաձևերը ոչ թե Հայաստանին են կոչ անում զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, այլ Արցախի հայկական ուժերին, ինչպես նաև դրանք վերաբերում են ոչ թե նախկին ԼՂԻՄ տարածքին, այլ հարակից շրջաններին, որոնք ռազմական գործողությունների հետևանքով հայտնվել էին հայկական կողմի վերհսկողության տակ։

Փաշինյանի կողմից նման հայտարարությունները հնչեցվում են ներքաղաքական համատեքստում, սակայն Ադրբեջանն ակտիվորեն օգտագործում է դրանք՝ սեփական օրակարգը առաջ մղելու համար։

Ամենից շատ դիտված

19:00 Գումար, փաստաթղթեր, ամեն ինչ վառել են, դա միայն թուրքը կաներ. Այնթապում տան դուռը փակել և հրկիզել են
12:03 Ամերիկացի տղամարդը 20 տարի միտումնավոր ենթարկել է իրեն աշխարհի ամենամահացու օձերի խայթոցներին. BBC
11:13 Մոսկվայում ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև՝ Հայաստանին նսեմացրին․ Ոսկան Սարգսյան
20:40 Ինչ գուզեն, թող ըսեն. սոխ եմ կերել, որ սիրտս մրմռա. Սարատակի նախկին գյուղապետը՝ քրգործի մասին
21:15 Աննան Դուբայներում միլիոններ ա ծախսում, իսկ մեզ Նիկոլն ասում ա՝ եկամուտդ որտե՞ղից ա. լոռեցի
21:25 Լավ չեն ապրի, Նիկոլից կդժգոհեն, դժգոհելու տեղն աշխատեք. սարատակցի
16:56 Եռատոնի օրը կարող էիր մեզ խնայել․ Հասմիկ Պապյանը քննադատել է Ջուլիանային ադրբեջանցու հետ երգելու համար
22:16 Պայթյուն՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայում. կա տուժած
22:00 Խոշտանգել և նվաստացրել են Լիլիթ Աղեկյանին. փաստաբան
13:26 «Մարտի 1»-ի համար պատասխան տվողը Փաշինյանը պիտի լինի, բայց վրեն չի վերցնում. հարցում