Ներքին 3 տարի առաջ - 14:52 22-06-2023

100-500 հազար դրամ ՝ «Ազգային», «Համազգային», «Տարվա բժիշկ» կոչման համար

Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ֆեյսբուքյան իր էջում օրերս գրել էր․

«Ո՞նց կարող են բժշկին շնորհել տարվա բժիշկ տարօրինակ և ոչ մի հիմնավորում չունեցող «կոչումը», եթե նույն այդ բժիշկը ՇՄԶ հավաստագրի քննությունը երկու անգամ տապալելուց հետո է կարողացել հանձնել, քանի որ բավարար վերապատրաստումներ կամ ՇՄԶ կրեդիտներ չի ունեցել։ Այստեղ օրենսդրական կարգավորման կարիք կա...»։

Գրառման ներքո բժիշկների դիտարկումները բավական հետաքրքրական են օգտատերերից մեկը նշել է, որ տարեկան առնվազն 3 նման հրավեր է ստանում՝ 100 000-500 000 դրամ միջին արժողությամբ։ Մեկ այլ օգտագեր նշում է․ ««Համազգային», «Ազգային», «Հայկական», «Համահայկական», «Ամենաերիտասարդ», «համա-եսիմինչ» «ամենա-եսիմինչ» ու այլ համընդհանուր հասկացություններ գործածելը պետք է վերահսկվի՝ մարդկանց մոլորության մեջ չգցելու համար։ Երևի փաթեթը SMM ծառայություն և տեսահոլովակ էլ ա ներառել»։

Oragir.News-ի հետ զրույցում Հայաստանում «Որակի նշան» մրցանակաբաշխությունն իրականացնող «Որակ» ընկերության ծրագրերի ղեկավար-պատասխանատու Էլեն Կարոյան ասաց, որ այս տարի նման երկու միջոցառում է անցկացվել, որոնցից մեկը 2 օր առաջ՝ Ֆիլհարմոնիկում է եղել, իսկ իրենք կազմակերպած մրցանակաբաշխությունը եղել է «Դվինում», որի ընթացքում նվիրյալ բժիշկներն են մրցանակ ստացել։

«Մենք 7-8 բժշկի ենք հանձնել «նվիրյալ» կոչումը, նրանց մեջ Արտավազդ Բագրատովիչն է եղել, Համլետ Գրիգորիչը, Ֆանարջյան Ռուբենը։ Բնականաբար, կարզմակերինչները ծախսեր ունեն, որ հոգում են, բայց զանգեք՝ Արտավազդ Բագրատովիչին, Համլետ Գրիգորիչն ու հարցրեք՝ կազմակերպությունը ձեզանից 1 դրամ վերցրե՞լ։ Եթե կոմերցիա լիներ՝ հնարավոր է, բայց մեզ մոտ կոմերցիա չէ։ Նայեք, թե մեր մոտ, ովքեր են ստացել մրցանակ, եթե որևէ մեկը վատ բժիշկ է՝ ոչինչ չեմ ասի։ Ինչ վերաբերում է ՇՄԶ հավաստագրին՝ իրենց հարցրեք, ինչ արժեն այդ սեմինարները։ Օրինակ, Ռուսաստանում մեկ նման միջացառումի անցկացումը 35-40 հազար դոլար է, ու նույնպես բավական մեծ ձևաչափով է լինում։ Մենք ստեղծում ենք հանձնաժողով, որում ներգրավված են տարբեր մասնագետներ, իրենք են քննարկում ու որոշում, թե ով է արժանի։ Ընդ որում, մենք ավելի շատ երիտասարդներին ենք խրախուսում, քան տարիների փորձ ունեցող բժիշկներին, որովհետև բժշկությունը դիմանիկ զարգացող գիտություն է»։

Նա ընդգծեց, որ իր համար զարմանալի է, որ բժիշկները մինչ աշխատանքի անցնելը, քննություն չեն տալիս, ինչպես ամբողջ աշխարհում է։ «Այդ ՇՄԶ կրիտերիաներով չի որոշում՝ իրենք լավ բժիշկ են, թե վատ։ Ամեն դեպքում, եթե հարցը սեմինարներին մասնակցությունն է, մարդը կարող է գումար չունի , որ այդ սեմինարներին կարողանա մասնակցել»։

Կարոյանն ասաց, որ որոշել են այլևս բժիշկների մրցանակաբաշխությունը չանել, որովհետև դա «անշնորհակալ գործ է»։ Կարոյանի դիտարկմամբ՝ նման միջոցառում անցկացնելու համար մեծ գումարներ է պետք, իսկ մենք մեր հովանավորող ընկերությունների միջոցով են դա անում։

«Ժամանակին մտածում էինք, որ բժիշկները շատ մեծ լսարան ունեն, այն ժամանակ ճանաչելիության խնդիր էինք լուծում, միաժամանակ, մեր առաքելությունը բժիշկներին ներկայացնելն է, մենք բժշկին ներկայացնում էինք, բայց գումար չէինք վերցնում։ Մինչդեռ, երբեմն բժիշկները իրենց մասին ֆիլմ են ուզում ու զարմանում, թե ինչի՞ պետք է վճարեն իրենց ֆիլմի համար։ Իսկ երբ այցելուն գնում է բժշկի մոտ՝ ինչու է վճարո՞ւմ, անգամ պետպատվերի կոնսուլտացիայի համար են բժիշկները գումար վերցնում, բոլորն էլ լավ գիտեն, թե որքան են վճարում։ Իսկ մենք աջակցում ենք նաև մարզային բժիշկներին»։

Նա ընդգծեց, որ միջոցառումը, որի մասին գրել էր Վանեսյանն, իրենք չեն կազմակերպել, բայց բժիշկներ կան, որ այդ միջոցառմանը իրենց գովազդն են արել։

«Իրենք մել էլ են խնդրել, որ իրենց մեր մրցանակաբաշխությանը ներգրավենք, անգամ բժշկական կոնտրոններից մեկից պատրաստ էին 1-1,5 մլն դրամ տան, միայն թե դառնան, բայց մեզ մոտ միայն լավագույններն են դառնում։ Մենք մրցանակներ չենք վաճառում, մենք միայն տալիս ենք այն մարդկանց, ովքեր արժանի են։ Մենք ինքներս սա արել ենք մեր ռեյտինգի համար։ Մեր հնարավորությունները ներում են Դուբայում, Փարիզում նման միջոցառումներ անել, մենք դա անում ենք մեր սպոնսերների հաշվին։ Ամեն դեպքում՝ բժիշկներին, որ նման բաներ են գրում՝ թե 150 000-600 000 են վճարում, մեկը լինի, նման բան գրող բժիշկներին հարցնի, իսկ այդ սեմինարներն ի՞նչ արժեն։ Իմ կարծիքով՝ սեմինարին մասնակցությամբ բժշկին չեն որոկավորում, ես արտերկրում շատ ծանոթ բժիշկներ ունեմ, ու իրենք էլ ծիծաղում են, ասում են՝ բժիշկը քննությունով պետք է բժիշկ որոկավորվի, ոչ թե սեմինարաների մասնակցելով։ Իսկ բժիշկի կոնսուլտացիան ինչ արժի, իսկ վիրահատությունն ինչ արժի, դա էլ թող գրեն»։

Մեզ հետ զրույցում Նարեկ Վանեսյանն ասաց, որ տարբեր գայթակղիչ անուններով՝ «ազգային բժիշկ», «համազգային բժիշկ», «լավագույն բժիշկ», անվանումներով բազմաթիվ մրցանակաբաշխություններ են իրականացվում։

«Այստեղ խնդիրը մեկ կազմակերպության հետ չէ, այլ ավելի շատ բուժաշխատողների խրախուսման համակարգի կանոնակարգման և համակարգմանն է վերաբերում։ Պետք է իրականում պարգևոտրվեն արժանի բուժաշխատողները։ Այսինքն, ոչ թե բժիշկը պետք է պարգևատրվի նրա համար, որ ինքը բարձրագույն բժշկական կրթություն ունի և աշխատում է այսինչ հիվանդանոցում, այլ բժիշկը պետք է պարգևատրվի, եթե առանձնահատուկ ինչ-որ բան է արել, օրինակ, առանձնահատուկ գիտական հետաձոտություն է արել, պացիենտների մեծ քանակի է սպասարկել, կամ իր մոտ մահացությունը քիչ է, կամ կրկին այդ խնդրի վերադառնալը, եթե երկարատև և խրոնիկական հիվանդացության դեպքերին չի վերաբերվում, քիչ է։ Բայց բժշկից փող վերցնել, որ նրան պարգևատրել՝ թղթով, հետո արդ թուղթը տանել՝ կպցնել պատին, անկեղծ ասած՝ դա գիտակից բժիշկների դեպքում պատվաբեր չի։ Միգուցե, հիմա շատերը նեղանան, բայց դա ճիշտ չէ։ Մյուս կողմից էլ՝ սա պացիենտներին մոլորեցնող գործընթաց է»։

Նա նշեց, որ երբեմն փաթեթի մեջ մտնում են նաև զուգահեռ SMM ծառայություն, վիդեո ծառայություն, փողոցում պաստառների ծառայություն է մատուցվում։

«Հիմա պատկերացնեք մի անձի, ով կարիք ունի որակյալ բուժօգնություն ստանալու, ու նման պաստառի հանդիպում, հետն էլ ստացել է՝ ասեք, «Ազգային որակ», «Ազգային բժիշկ» կամ «Համազգային եսիմինչ», սա մարդկանց մոլորության մեջ է գցում։ Արդյունքում ֆինանսական հնարավորություններ ունեցող բժիշկը կարող է նման մրցանակներ գնել ու պացիենտներին մոլորության մեջ գցել։ Մյուս տեսանկյունից էլ որպես առողջապահության կազմակերպիչ ասեմ, որ բնական է, որ բուժաշխատողները շարունակաբար խրախուսման կարիք ունեն։ Բայց, եթե պետք է փողով առնեն այդ մրցանակը, ապա ավելի լավ է այդ գումարը ներդնեն իրենց կրթության, շարունակական մասնագիտական կրթության վրա»։

Վանեսյանն ընդգծեց, որ խնդրին համակարգային լուծում է պետք տալ ու դրա համար առողջապահության նախարարությանը առաջարկներ կներկայացնեն։

«Առողջապահության նախարարությունը առողջապահական միությունների և ասոցիացիաների հետ պետք հիմնադրեն մի գործընթաց, որի շնորհիվ կստեղծվի մի համակարգ, որը կնպաստի որպեսզի անշահախնդիր կերպով համակարգի աշխատողները պարգևատրվեն։ Շատ երկրներում կա նաև հետևյալ մեխանիզմը, երբ որևէ բժիշկ ցանկություն ունի դիտարկվելու պարգևատրվողերի մեջ, ապա ստանդարտ գումար է վճարում, որպեսզի իր հայտը դիտարկվի, օրինակ, այդ հայտը կարող է լինել 10 000-20 000 դրամ, որով վարձատրվելու է այդ հայտը դիտարկող աշխատանքային խումբը։ Ես կարող էի լռել, եթե այդպես լիներ, բայց երբ ասում են՝ արի քեզ մրցանակ տանք, ու բուժաշխատողնի հետ կնքում են վճարովի ծառայությունների պայմանագիր՝ օրինակ, տեսանկարահանման պայմանագիր, ստացվում է բուժաշխատողը փող է տալիս, որ իր իրեն պարգևատրեն, իր հետ կապված վիդեո նկարեն, հետո էլ այդ վիդեոն ցույց են տալիս կամ պարգևներն ի ցույց դնում։ Հասկանում եմ, որ բուժաշխատողները միգուցե գնահատանքի կամ դրվատանքի կարիք ունեն, կամ գուցե նաև շատերն ուզում են մարքետինգային տեսանկյունից դա կազմակերպել։ Իրականում, որպես ոլորտի կազմակերպիչ՝ գտնում եմ, որ անհրաժեշտ է, որ ադեկվատ համակարգ լինի, որը կգնահատի բուժաշխատողի մասնագիտական որակները, որի արդյունքում էլ բժշկին կշնորհեն նման բան, բայց տարբեր մասնավոր կազմակերպությունների կողմից մրցանակներ շնորհելը բժիշկների կողմից էլ դրանք ի ցույց դնելը կարծում եմ այնքան էլ ազնիվ չի։ Մենք պատրաստվում են նման առաջարկ ներկայացնել առողջապահության նախարարությանը, իսկ գործընթացը առողջ հիմքերի վրա դնելու համար նրանց աջակցության կարիքը կարծում եմ՝ կա»։