«Նախորդ մեկ տարին, երկու տարին հիմնականում դիտարկել ենք դատաիրավական համակարգի բարեփոխումները՝ ամեն մի շերտով առանձին։ Այս անգամ, քանի որ նախատեսվում է բժշկական ապահովագրական համակարգ, և դա իրականում լուրջ բարեփոխում է առողջապահական համակարգում, որոշեցինք, որ հենց այդ ուղղությամբ կաշխատենք»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ նախագահ, «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Թիֆլիսում կայացած «Առողջապահական համակարգի բարեփոխումներ, բժշկական ապահովագրություն» թեմայով աշխատաժողովին, որին մասնակցել է նաև ինքը։
Հարցին, թե համակարգի ներդրման վրացական փորձն այլ է, հարց է առաջանում, թե ինչով է պայմանավորված այցը և ինչ արդյունք կտա, պատասխանեց. «Ընդհանրապես բոլոր ծրագրերի դեպքում՝ անկախ թեմայից հիմնական նպատակն այն չէ, թե Վրաստանում բարեփոխումների տեսանկյունից ինչն են հաջողվել, իսկ իրենք այս ամբողջ պրոցեսը, որ առողջապահանկան համակարգում բարեփոխումներ են սկսել, արել են դեռևս 2004 թվականից։ Այսինքն՝ իրենք տասնհինգ տարվա բավական փորձ են կուտակել։ Մեզ համար կարևոր է նաև դիտարկել չհաջողված փորձը, այսինքն՝ որ դեպքում են սխալ ուղղությամբ գնացել, որ դեպքում են ձախողել, այսինքն՝ կարելի է ասել, որ նույն սխալ ճանապարհով չգնանք»։
Աբրահամյանի խոսքով՝ առվելապես նպատակն այն է՝ սովորենք իրենց սխալներից, որովհետև իրենք արդեն տասնհինգ տարվա վերլուծության փորձ են ունեցել. «Հնարավորություն են ունեցել և կարող են ասել՝ գիտե՞ք, այս դեպքում այսպես արեցինք, չաշխատեց, գոնե առողջապահական տեսանկյունից կարող եմ ասել, որ իրենք դա արել են, ու իրենք դա տեսնում են, թե ինչքան սխալ էր, դա դեռևս 2000-ականներին՝ այսինքն մինչև Սահակաշվիլին, ամբողջ ամբուլատորական համակարգի և ամբողջ առողջապահական համակարգի ութսուն տոկոսը մասնավորեցրել էին ու տեսան, թե դա ինչ սխալ էր ու երբ մեզ ներկայացնում էին, 1990-ականների տարբեր էտապները, հասկանալի էր, որ այն իրավիճակում, որ իրենց առողջապահական համակարգն էր, որ հետո ներդրվեց համընդհանուր ապահովագրական համարակարգը, իրենք շատ ավելի վատ վիճակում են եղել, բայց հաջողել են։ Բայց մենք այդ սխալը չենք արել։ Որոշ միտում ու մոտեցում կար նախկինում ու հինգ տարի առաջ, որ բավական ակտիվորեն պետք է մասնավորեցման պրոցես տարվի, ու լավ է, որ այս աշխատաժողովի ժամանակ հասկանալի դարձավ, որ դա սխալ ճանապարհ է։ Այսինքն՝ մեկնարկային պայմանների տեսանկյունից ՀՀ-ն ավելի լավ վիճակում է։ Իրենց մոտ դեղերի գների գնագոյացման հարցում բավական բարեփոխումներ արել են, և մենք այստեղ իսկապես սովորելու բան ունենք իրենցից, նաև պատճառը, որ իրենց մոտ դեղերի հասանելիությունը շատ ավելի էժանացել է, այսինքն՝ պետությունն իր վրա բեռ է վերցնում, որ դեղերն ավելի հասանելի լինեն, իրենք բավական լուրջ հաջող փորձ ունեն, և մենք այդ պատճառով իսկապես սովորելու բան ունենք։ Ե՛վ նախարարության, և՛ ԱԺ ներկայացուցիչներն այդ մասով իրենցից տվյալներ փորձեցին հավաքել, և հետո արդեն կհասկանան, թե ոնց են այդ գործընթացն իրականացնելու»։