Եթե ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի դիվանագիտական
հայտարարությունը մեկնաբանենք այլ՝ ավելի ժողովրդական լեզվով, ապա ստացվում է՝ եթե գարնանն էսկալացիա չլինի, ապա ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
«Իրենց վրա հիմա որևիցե հույս դնելն իմաստ էլ չունի։ Իրենք էլ են ասում, որ մենք եկել ենք ասելու, որ մեզ վրա հույս չդնեք։ Իրենց միսիան լրիվ ուրիշ է։ Իրենք, ըստ էության, ևս մեկ անգամ այս հայտարարություններով ապացուցում են իմ կողմից առաջ քաշված թեզն առ այն, որ իրենց տեղակայումը Եղեգնաձորում խնդիր ունի ոչ թե դիտարկելու և կանխելու հայ-ադրբեջանական լարվածությունը, այլ դիտարկելու Իրանի սահմանն ու տարածքը՝ ԱՄՆ-ի հետ փոխանակվելու հետախուզական տվյալներով»,- ասաց նա։
Այս առումով, փորձագետը պատահական չի համարում ԱՄՆ դեսպանի կատարած առաջին այցը մարզ ու հնչեցրած հայտարարությունը։ «Նա հայտարարեց, որ իրենք ունեն ընդհանուր նպատակներ, և այդ հարցում կարող են միմյանց հետ գործակցել։ ԱՄՆ դեսպանատունը ԵՄ դիտորդների հետ ի՞նչ ընդհանուր նպատակ կարող է ունենալ։ Եթե իրենք այս հարցին պատասխանեն, ապա մենք կհասկանանք՝ ճիշտ էր մեր դատողությունը, թե՝ ոչ։ Քանի որ այս պահին այդ պատասխանը չկա ու չի էլ կարող լինել։ Իրենք էլ լավ գիտեն իրենց իսկական առաքելությունը։ Խոսել այդ դիտորդների մասին, հույս ունենալ, թե նրանք կարող են որևէ բանով օգնել՝ ոչ միայն միամտություն է, այլև այդ հանձնարարության պահից սկսած, ամեն ժամ Հայաստանի տարածքում նրանց գտնվելը վտանգ է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար և նրանք օր առաջ պետք է հեռանան Հայաստանից»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից հնչող հայտարարություններին՝ Արցախում ԵՄ փաստահավաք առաքելություն տեղակայելու վերաբերյալ՝ միջազգայնագետը տեսակետ հայտնեց, որ դա որևէ ազդեցություն չի ունենա առկա իրավիճակի վրա։
«Իրենք կանչում են՝ մտածելով, թե կարող են ազդել աշխարհաքաղաքական ուժերի ու կենտրոնների որոշումներ վրա։ Իրենց խելքով մտածում են, թե ռուս խաղաղապահներին այնտեղ կարող են փոխարինել եվրոպացի, ոչ մի բան անող, տարօրինակ մարդկանցով, որոնք հեռադիտակից բացի ուրիշ ոչինչ չունեն։ Դա միամտություն է, եթե չասեմ՝ դիտավորություն։ Սրան հետո անդրադարձ կկատարվի՝ դիտարկելու համար, թե որն էր այդ միամտության պատճառը։ Բայց նորից եմ ասում՝ ՀՀ գլխին սպառնալիք է կախված։ Այդ սպառնալիքը գեներացնողնրից մեկն էլ հենց ԵՄ դիտորդներն են»,- ասաց նա։