Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 04-03-2026

Իրանի սահմանը փակ է, Փաշինյանն անշարժ գույք չունի, Կոնջորյանը Հակակոռուպցիոն չի կանչվել. Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է մարտի 4-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմի 5-րդ օրը հայ-իրանական սահմանը իրանական կողմից՝ Նորդուզի անցակետից փակ է։ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, թե խնդիրն իրանական կողմում է, տեխնիկական խափանում կա։ Գիշերվանից ցամաքային սահմանը փակ է քաղաքացիների համար, բեռնատարները, սակայն անցնում են։ Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին էական փոփոխություններ չկան։ «Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրական միջինը սպասարկվում է.400-450 բեռնատար։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանի սահման տանող Մեղրի-Ագարակ մայրուղու վրա 3 կիլոմետրանոց հերթ է գոյացել։ Վարորդների խոսքով՝ խցանումը կարող է կապված լինել իրանական կողմի մաքսային ծառայությունների հետ։ «Եթե մաքսային ծառայությունը արդյունավետ լինի, մենք արագ կհաղթահարենք խնդիրը։ Հակառակ դեպքում, մենք կարող ենք այնտեղ ժամերով մնալ կամ նույնիսկ մեկ կամ երկու օրով», - «Սպուտնիկ Արմենիային» ասել է իրանցի վարորդներից մեկը։ Նա նշեց, որ Իրանից տեղափոխում է ամրան և այլ շինանյութեր: Ասաց, որ տեղյակ չէ սննդամթերքի արտահանման հնարավոր սահմանափակումների մասին։ Մեկ այլ վարորդ, որը ցանկացավ անանուն մնալ, ասաց, որ Իրանից Հայաստան ավանդաբար արտահանում են պանիր, կարագ, մածուն և այլ գյուղատնտեսական արտադրանք: Սակայն, ռազմական իրավիճակի և ներքին պաշարներ կուտակելու անհրաժեշտության պատճառով, Իրանը սահմանափակումներ է դրել մի շարք ապրանքների, հիմնականում՝ սննդամթերքի արտահանման վրա։ Նա նաև նշեց, որ Թավրիզի և Թեհրանի որոշ բիզնեսներ ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը, ինչը ազդում է մատակարարման ծավալների վրա։ Վարորդները վստահ չեն, թե ինչպես են այս սահմանափակումները ազդելու հայկական շուկայի վրա։

Նիկոլ Փաշինյանը նախօրեին աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Փաշինյանին դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին: Այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստը: Փաշինյանն ավելի ուշ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, և սա շատ բարձր գնահատանքի է արժանի և արժանանում մեր կողմից», - հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը՝ նկատելով, որ խորանում է նաև Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցությունը, և այն կառուցվում է արդեն իսկ հաստատված ավանդույթների վրա: Նա կարևորել է նաև Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու գործոնը՝ ընդգծելով. «Հայաստանը և Ադրբեջանը հենց այս հենքի վրա են կառուցել և կառուցում խաղաղությունը: Կարծում եմ, որ սա իսկապես մեր տարածաշրջանի համար պատմական հնարավորություն է: Ուզում եմ մաղթել, որ Վրաստանում նույնպես այս խաղաղության տևական արձանագրումը, կարգավորումը տեղի ունենա: Այստեղ պետք է ուղիղ ասել, որ շատ շահագրգռված ենք դրանում, որովհետև տեսնում ենք, որ մեր տարածաշրջանի ոչ հեշտ պատմական ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա: Այդ հնարավորություն հույս ունենք, որ կօգտագործվի»: Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար:

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։ «Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում «Al Jazeera»-ին և «Euronews»-ին՝ պնդելով, թե ԱՄԷ-ում՝ Դուբայում հրթիռակոծության հետևանքով վնասվել է Նիկոլ Փաշինյանին պատկանող անշարժ գույքը։Հայտարարում եմ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։Տեսանյութերում շրջանառվող բոլոր թվերը, «արժեքները», ինչպես նաև իմ՝ վարչապետի խոսնակի անունից ներկայացվող մեկնաբանություններն ամբողջությամբ հորինված են և չեն համապատասխանում իրականությանը»,- նշել է նա։ Խոսնակի փոխանցմամբ՝ նախընտրական այս շրջանում գործ ունենք ապատեղեկատվության մեխանիզմի հետ, որտեղ կիրառվում են մի քանի բնորոշ գործիքներ՝ կեղծ վերագրում հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներին նյութին վստահելիության կեղծ տպավորություն հաղորդելու նպատակով։ «Ինչպես միշտ նույնաբովանդակ նյութերի միաժամանակյա շրջանառումը տարբեր անանուն հաշիվներից, բոտային և կիսաբոտային ցանցերի միջոցով արագացված տարածումը՝ թեմային արհեստական «թափ» հաղորդելու նպատակով է արվում։Այս օրերին արձանագրել ենք համակարգված ակտիվացում՝ նույն տեքստերի, նույն ձևակերպումների և սինխրոն մեկնաբանությունների զանգվածային կրկնությամբ, ինչը վկայում է կոորդինացված տեղեկատվական միջամտության մասին»,- պնդել է Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
15:00 Ընդդիմության պարտության դասը. ինչ փոխվեց հունիսի 7-ին
13:14 Հանդես կգանք հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները. Նարեկ Կարապետյան
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա