Oragir.News-ը ներկայացնում է փետրվարի 4-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Այսօր Աբու Դաբիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից ներկա են եղել Մհեր Գրիգորյանը, Արմեն Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը, ադրբեջանական կողմից՝ Շահին Մուստաֆաևը Ջեյհուն Բայրամովը, Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման ավարտից հետո Փաշինյանի խոսնակը տեսանյութ է հրապարակել: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են շարունակել ուսումնասիրել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ «Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ և համաձայնել պահպանել շփումները՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու նպատակով»,- ասված է կառավարության տարածած հաղորդագրությունում: Այսօր ավելի ուշ Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակաբաշխությանը։ «Զայեդ»-ը ամենամյա, անկախ և միջազգային մրցանակ է, որը շնորհվում է աշխարհի տարբեր երկրներում գործող անհատներին կամ կազմակերպություններին, որոնք օրինակ են ծառայում, համագործակցում են, կամուրջներ հարթում՝ ստեղծելով իրական մարդկային կապեր՝ հաճախ անձնական զոհողությունների գնով։ Մրցանակի դափնեկիրները ստանում են 1 միլիոն ԱՄՆ դոլար:
Հայաստանի նոր սահմանադրության տեքստը պատրաստ կլինի առաջիկա կիսամյակում։ Այս մասին իր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է Սրբուհի Գալյանը։ «Մեր առաջիկա առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։ Դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- նշեց Գալյանը։ Գալյանը նշեց նաև, որ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի անցկացման հետ կապված կոնկրետ ժամկետ այս պահին չկա։ «Մենք ունենք արգելք՝ խորհրդարանական ընտրությունների ու հանրաքվեի միաժամանակյա անցկացման հետ կապված։ Սահմանադրության փոփոխության հանրաքվեն կկազմակերպվի ընտրություններից ուշ, բայց չգիտենք` երբ։ Դա կլինի այն ժամանակ, երբ հասկանանք, որ տեքստը բավարար չափով հանրության հետ կոմունիկացված է»,- ասաց նա։ Գալյանը նաև տեղեկացրեց, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցը Սահմանադրության փոփոխության համատեքստում դեռ չի քննարկվել։ «Հաշվի առնելով եկեղեցու տեղն ու դերը մեր կյանքում և մեր պետությունում՝ կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է լինի։ Ուզում եմ նաև շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից: Եկեղեցու վերաբերյալ սահմանադրական նորմ ունենալը հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա։ Դա չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում: Հուսով եմ՝ այս մեկնաբանությամբ այդ դեբատին վերջակետ կդնենք»,- ասաց նա: Խոսելով Անկախության հռչակագրի մասին՝ Գալյանը նշեց, որ այս հարցի հետ կապված ևս դեռ քննարկում չի եղել։ Նա վստահեցրեց՝ երբ լինի, քաղաքացիներին կներկայացվի, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Սահմանադրության նախաբանում:
Վերաքննիչ դատարանում վերսկսվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը։ Նիստը նախագահում է դատավոր Էդգար Մանասյանը։ Միքայել Սրբազանը հոկտեմբերին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Ուշագրավ է, որ 2020 և 2023 թվականներին Միքայել արքեպիսկոպոսը նմանատիպ հայտարարություններ է արել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին, սակայն այն ժամանակ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները քրեական հետապնդման մեջ տեսնում են քաղաքական դրդապատճառներ: Նրանք հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ է քրեական հետապնդումը հարուցվել միայն 2025 թվականին՝ 2024 թվականին արված հայտարարության համար, այն բանից հետո, երբ վարչապետը սկսել է հետապնդել հոգևորականներին, այդ թվում՝ Աջապահյանին: Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել և ազատ արձակել Սրբազանին, իսկ դատախազությունն էլ գտնում է, որ նրա հանդեպ կայացված դատավճիռը պետք է խստացվի։
Մանրամասները՝ տեսանյութում: