Օragir․News-ը զրուցել է Հունաստանում գործող «E.R.A» բարեկամության միության նախագահ Աղավնի Մկրտչյանի հետ։
-Հունաստանում ստեղծեցիք մի կառույց, որը ոչ միայն միավորելու էր երկու ազգերին, այլ նաեւ բարձրաձայնելու խնդիրներ ուներ։- Տիկին Ղազարյան, նախ շնորհակալություն Հայաստան-Սփյուռք հարցազրույցի, «E.R.A» բարեկամության միության գործունեության մասին բարձրաձայնելու համար։ Մեր միությունը հիմնվեց 2007-ին Աթենքում։ Հիմնական նպատակը խորհրդային տարիներին ստեղծված հայկական մշակույթի շուրջը օտարներին համախմբելն էր։ Նշեմ՝ խորհրդային տարիներին ստեղծված հայկական մշակույթը նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիներին քաջ ծանոթ, հարազատ մշակույթ է․ դա է պատճառը, որ մեծ սիրով մասնակցում են մեր միջոցառումներին։ 2017-ին հույն պատմաբան Պատնելի Արապինիսը զանգահարեց միության գրասենյակ․ խնդրեց հանդիպել։ Հանդիպեցինք մի աղբանոց հիշեցնող տարածքում, որը մեր հայրենիքի անունն էր կրում՝ «Արմենիաս»։ Աչքերիս չէի հավատում... պարոն Արապինիսը սկսեց պատմել հրապարակում պայքարած հայերի հերոսական պատմությունը։ Ցավով նշեց, որ հայ հերոսների նկարները չկան, որպեսզի իր նոր գրքում տեղադրի։ Պարոն Արապինիսը խնդրեց ինձ միանալ թաղամասի հույների պայքարին, և վերականգնենք հայ հերոսների արյամբ ներկված հրապարակի պատմությունը։ Իհարկե դիմեցի Աթենքի բոլոր հայկական կառույցներին՝ սկսած ՀՀ դեսպանատնից, հայկական դպրոցից, հայկական եկեղեցուց։ Ցավով եմ հիշում․ սկսեցին քարկոծել, վիրավորել։ Սկսեցինք պայքարել մեր փոքր խմբով, բայց չկոտրվեցինք։ 2020 թվականին հանդիպեցի Աթենքի քաղաքապետի խորհրդականի հետ․ մի քանի օրից հրապարակը բավական մաքրվեց։ Կարծում եմ՝ շուտով հայ-հույն բարեկամության հուշաքար կունենանք։
-Տարիներ շարունակ ահազանգել եք հայկական հրապարակի մասին։ Հայկական ավանդական միջոցառումներ եք կազմակերպել, հարիսա եք պատրաստել,Հունաստանում ապրող հայերին մի տեղում հավաքել։-Հպարտությամբ կարող եմ ասել՝ մենք հաղթեցինք։ Համայնքում ավանդույթ ենք դարձրել «Հիշատակի մոմեր» միջոցառումը․ դեկտեմբերի 7-ին՝ Մուսա լեռան հերոսամարտ, սեպտեմբերի վերջին՝ հարիսայի մատուցմամբ։ Հայկական հրապարակի հին անունը Դուրղութ է․ «Դուրղութի» փառատոն ենք անցկացրել։ Սովետական ֆիլմերից «Երբ գալիս է սեպտեմբերը»․ հայի կերպարն ենք ներկայացրել։ Հայ ազգային երգի տասնօրյակ ենք կազմակերպել։ Աթենք հրավիրել Անդրանիկ Սարկավագ Մանուկյանին։ Համավարակը և 44-օրյա պատերազմը բոլորիս կոտրեց։ Շատ միջոցառումներ չեղարկեցինք։ Նշեմ՝ 44 օրյա պատերազմը ինձ փոխեց։ Ես մինչ պատերազմը մտածում էի, որ սփյուռքում բնակվող ՀՀ քաղաքացի եմ՝ չնայած երկքաղաքացի եմ։ Պատերազմից հետո սկսեցի հայկական շատ հարցերին այլ անկյունից նայել։
-Հունաստանում ապրում եք եւ հանուն Հայաստանի գործում․ առաջադրվել եք Հունաստանի ԱԺ պատգամավորի թեկնածու։ Ձեր ազգի համար ի՞նչ խնդիրների լուծմանը կփորձեք նպաստել։ - Ճակատագրական եղավ ինձ համար, երբ 44-օրյա պատերազմի օրերին իշխող կուսակցության պատգամավոր Կոնստանդինոս Բոգդանոսը մասնակցեց Աթենքի կենտրոնում կազմակերպված ցույցին ու բարձրաձայնեց, որ հայերը մեր բարեկամներն են։ Հենց նույն օրը հայերի բարեկամ հույն ԱԺ պատգամավոր Կոնստանդինոս Բոգդանոսը հրաժարվեց հույն-ադրբեջանական բարեկամության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Մի քանի ամիս առաջ հանդիպեցի հայերի բարեկամին, ով այժմ ԱԺ անկախ պատգամավոր է և «Պատրիդա» կուսակցության նախագահը։ Այժմ «Պատրիդա» կուսակցության անդամ եմ։ Ինձ համար մեծ պատիվ էր իմ կուսակցական ընկերների կողմից գնահատված լինելը, ու ԱԺ պատգամավորության թեկնածուի ցուցակում տեղ գրավելը։ Առաջին հոդվածս՝ որպես ԱԺ պատգամավորության թեկնածու, հայրենիքիս անունը կրող «Արմենիաս» հրապարակի մասին էր։ Հուսամ հայ-հույն բարեկամության հուշաքարը կունենանք։ Մի քանի օր առաջ Կալիթեա թաղապետարանի դահլիճում Սայաթ Նովայի կյանքին և ստեղծագործությանը նվիրված միջոցառում ենք կազմակերպել։ Եկել էին կուսակցական ընկերներս։ ԱԺ պատգամավոր Կոնստանդինոս Բոգդանոսը ոչ միայն հարգեց, մասնակցեց միջոցառմանը, այլ նաև խոսեց հայ ազգի մշակույթի, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մասին։ Հունական թերթում գրվեց մեծ աշուղ Սայաթ Նովայի մասին։ Կարծում եմ սփյուռքից մշակույթով էլ պիտի սկսենք պայքարել։
Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։
