Գյունթեր Գրաս։ Գաղտնիք չէ, որ Գյունթեր Գրասը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Միշտ նշվում էր, որ նա ծառայել է ՀՕՊ-ում, բայց վերջերս հարցազրույցներից մեկում գրողը անակնկալ խոստովանեց, որ եղել է Վաֆեն էսէսի անդամ։ Այս բացահայտումը միանշանակ չընդունվեց, քանի որ էսէսականների զորամիավորումն ի սկզբանե զինված ուժերի մաս չի եղել, այլ նացիստական կուսակցության միավոր և աչքի է ընկել իր ծայրահեղ դաժանությամբ:
Գրողը մասնակցել է մի շարք մարտերի և 1945թ-ի ապրիլի 20-ին վիրավորվելուց հետո գերեվարվել ամերիկացիների կողմից՝ հայտնվելով ռազմական բանտում։ Ազատվել է 1946-ի ապրիլին։
Գրել սկսել է 1950-ականներից։ Գրասի ստեղծագործության հիմնական թեման Երկրորդ համաշխարհային պատերազմն է և դրա ազդեցությունը Գերմանիայի և գերմանացի ժողովրդի վրա, ներառյալ նացիստական ռեժիմի հիմքում ընկած գաղափարական դատողության քննադատումը:
Կուրթ Վոնեգութ։ 1943-ի հունվարին Վոնեգութը զորակոչվել է բանակ: 106-րդ հետևակային գումարտակի հետ մասնակցել է Պայթյունի ճակատամարտին, իսկ 1944-ին գերեվարվել ու տեղափոխվել Դրեզդեն։ Սրանք անջնջելի հետք են թողել նրա ստեղծագործական կյանքի վրա և լավագույնս արտահայտվել «Սպանդանոց համար հինգ» վեպում ու մի շարք այլ ստեղծագործություններում:
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր։ Սելինջերը բանակ զորակոչվել է 1942 թ.-ին, զբաղվել է ռազմագերիների հարցաքննությամբ: Մասնակցել է նաև Պայթյունի ճակատամարտին։ Նա կիսով չափ հրեա է, կիսով չափ իռլանդացի, գուցե հենց այդ պատճառով պատերազմը նրա վրա շատ մեծ հետք է թողել և հետտրավմատիկ սթրեսի պատճառով կարճ ժամանակով հոսպիտալացվել է։
Նա առաջիններից էր, որ մտավ Գերմանիայի Դախաուի նոր ազատագրված համակենտրոնացման ճամբար՝ անձամբ ականատես լինելով Հոլոքոստի սարսափներին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է եղել նաև անգլիացի մանկագիր
Ռոալդ Դալը՝ ծառայելով թագավորական օդուժում (RAF): Նա դարձել է կործանիչի օդաչու, ապա հետախույզ՝ հասնելով գնդի հրամանատարի պաշտոնակատարի կոչմանը։
Հայ գրողները 2-րդ համաշխարհայինումՎահագն Դավթյան։ 1940-1942թթ․ Դավթյանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Սմոլենսկում հայտնվել է շրջափակման մեջ և հրաշքով փրկվել։ Երկու անգամ վիրավորվել է: Առաջին անգամ թեթև, իսկ երկրորդ անգամ արկի պայթյունից ծնկի վնասվածք է ստացել: Տեղափոխվել է Մագնիտագորսկ՝ զինվորական հոսպիտալ: Վեց ամիս բուժվելուց հետո, վերքն այդպես էլ չի լավացել և ուղարկել են տուն։ 1942-ին հասել է Երևան։ Դավթյանի համար պատերազմը այլևս անցյալ էր։
Պարգևատրվել է «Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի» շքանշանով։
Համո Սահյան։ 1941-45թթ.-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ռազմաճակատում գրել է «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությունը, որը շատ սիրվել է իր ժամանակակիցների կողմից։ Սահյանը եղել է Կասպիական նավատորմի 2-րդ կարգի նավաստի։
Բաղիշ Հովսեփյան։ 1940-1943թթ․ ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Նա այն եզակի հայ գրողներից է, որ իր ստեղծագործություններում ոչ թե փառաբանում է պատերազմն ու հերոս լինելու փառքը, այլ ներկայացնում է մարդուն իր անկեղծ ապրումներով ու ողջ մնալու անասելի երազանքով։ Նրա լավագույն երկու վեպերն են «Սերմնացանները չվերադարձան», «Դու հասկացա՞ր ինձ»։
Արմինե Մուրադյան