ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին:
Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):
Թանգարանային նմուշների հանձնմանը ներկա են գտնվել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բացման խոսքում անդրադարձել է արծաթե իրերի՝ վարույթն իրականացնող մարմնում հայտնվելու նախապատմությանը և նշել.
«Հաշվի առնելով իրեղեն ապացույցների պատմամշակութային կարևորությունը՝ 2023 թվականի փետրվարի 7-ին որոշեցինք իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության հանձնել Հայաստանի պատմության թանգարանին՝ մեր քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ցուցադրության հնարավորություն ստեղծելու համար: Ուրախ եմ, որ Դատախազությունը և Ազգային անվտանգության ծառայությունը համատեղ ներդրում ունեցավ այս կարևոր գործում»:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին, գնահատելի նախաձեռնության և արժեքներն իրենց ճիշտ տեղում ի պահ տալու համար: «Մշակույթի ոլորտում պետական և հանրային հոգածության քաղաքականությունը որոշակի գործողություններ է ենթադրում: Կարծում եմ՝ այսօրինակ աշխատանքներն են, որ փաստում են սրտացավությունը, և սա կարող է դառնալ վարակիչ օրինակ մշակույթի հանդեպ հանրային վարքականոնի ձևավորման առումով: Հաճախ ենք ասում, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բայց այդ թանգարանային միջավայրը մեր առջև լրացուցիչ պատասխանատվություն է դնում՝ պահպանելու և վերարժևորելու մշակութային արժեքները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հատկանշական է, որ Աննա Վարդապետյանը բացման խոսքում թույլ է տվել սխալ։ Նա հոգնակի ենթակայի հետ եզակի ստորոգյալ է օգտագործել։ Եվ այս սխալը չհասկանալով՝ ԿԳՄՍ նախարարության թե ֆեյսբուքյան և թե պաշտոնական էջերով տարածել են։
