Ֆրանսիացի գրող, փիլիսոփա, դրամատուրգ, էսսեիստ Ալբեր Կամյուն (1913-1960) ամուսնացած է եղել երկու անգամ, բայց այս փաստը նրան երբեք չի խանգարել, որ սիրտն անընդհատ փոթորկվի նորանոր սիրային հարաբերություններով։
Գրողի առաջին կինը եղել է՝ Սիմոնա Իեն։ Կամյուին հաջողվել է Սիմոնային խլել ֆրանսիացի պոետ Մաքս-Պոլ Ֆուշեից։ 1934-ին նրանք ամուսնացել են, սակայն մեկ տարի անց բաժանվել, քանի որ բավական չէր, որ Սիմոնան թմրամոլ էր, նաև սիրային արկած էր սկսել ինչ-որ բժշկի հետ։

Հաջորդ բախտորոշ կինը, որին Կամյուն հանդիպել է, Կրիստինա Գալինդոն է։ Ակնհայտորեն գեղեցիկ, սևահեր այս աղջիկը, առանց վարանելու նստելով իր գրամեքենայի առջև, սկսեց տպել սիրելիի առաջին ձեռագրերը։ Այս հանգամանքը շրջադարձային եղավ Կամյուի գրական կյանքում։
Կամյուն երբեք չի կարողացել անտեսել իր շրջապատում գտնվող գեղեցիկ կանանց՝ Ժաննա Սիկար, Մարգարետ Դոբրեն և այսպես շարունակ։ Նրա կյանքը լի էր խաչաձև ու բուռն սիրային արկածներով։ Կանայք էլ իրենց հերթին առիթը բաց չէին թողնում նրա կողքին հայտնվելու համար։ Գրողը դարձել էր իր ժամանակի Դոն Ժուանը։ Շուտով նա հանդիպեց Ֆրանսինա Ֆողին, և կատարելությունը կարծես շոշափելի դարձավ։ Սլացիկ հասակով, ընդգծված այտոսկրերով և զուսպ այս գեղեցկուհին, որ նաև հիանալի դաշնակահարուհի և մաթեմատիկոս էր, միանգամից գերեց Կամյուին։ 1940-ին նրանք օրինականացրին իրենց հարաբերությունները։

Կամյուի պես փոթորկահույզ տղամարդն առերևույթ հանդարտվեց, թեև հետագա նամակների բացահայտումից պարզ դարձավ, որ անգամ ամուսնությունից օրեր առաջ նա կրքոտ նամակագրական կապ է ունեցել ոմն Իվոնի հետ․«Կարծես որոշել եմ կյանքս կործանել,- գրում էր նա,- նկատի ունեմ պատրաստվում եմ ամուսնանալ Ֆ․-ի հետ»։
1942-ին Ֆրանսինան մեկնեց Ալժիր՝ պատերազմի թեժ տարիներին մնալով այնտեղ։ Նրանց հարաբերություններն այդ ընթացքում գնալով սառեցին։ Ահա այդ ժամանակ էլ՝ 1944թ․ մարտի 19-ին, 30-ամյա Ալբեր Կամյուն հանդիպում է 21-ամյա դերասանուհի Մարիա Կազարեսին։ Սա թերևս Կամյուի և համաշխարհային գրականության համար ճակատագրական հանդիպում էր։ Նրանց միջև բռնկվում է բուռն սիրավեպ։

Ռոբերտ Զարեցկին Կամյուին նվիրված իր գրքում գրում է․ «1944թ․-ի հունիսի 6-ի առավոտյան դաշնակիցներն անցան Նորմանդիայի սահմանը, և հենց այդ գիշերը Ալբեր Կամյուն ու Մարիա Կազարեսն անցկացրին միասին»։ Շուտով վերադարձավ Ֆրանսինան, Կամյուի կյանքում ամեն ինչ խառնվեց իրար։ Կնոջն ուղղված նամակներից մեկում նա գրում էր․ «Դու իմ քույրն ես, դու շատ նման ես ինձ, բայց չէր կարելի ամուսնանալ քրոջ հետ»։ Կազարեսը վերջնագիր ներկայացրեց՝ կա՛մ նա, կա՛մ Ֆրանսինան, սակայն, շուտով իմանալով, որ Ֆրանսինան հղի է, հեռացավ Կամյուից։ 1945-ին լույս աշխարհ եկան Ալբերի ու Ֆրանսինայի երկվորյակները՝ Կատրինն ու Ժանը։
Շուտով պատերազմն ավարտվեց, երեխաներն օր օրի մեծանում էին, և նա վայելում էր օրեցօր ավելացող փառքը։ Կարծես ամեն ինչ իդեալական էր, բայց․․․ չկար Մարիան և, ուրեմն, չկար ոչինչ։
Չորս տարի անց՝ 1948-ի հունիսի 6-ին՝ Սեն-Ժերմեն պողոտայում, ճակատագիրը նորից հատեց Կամյուի և Կազարեսի ճանապարհները, հատեց, որպեսզի սիրեն իրար ավելի հասուն ու ավելի կրքոտ սիրով՝ Բարև, Մարիա՛։ Բարև, Ալբե՛ր։ Ինչպե՞ս էիր այս ամբողջ ընթացքում։ Խնդրում եմ՝ գնանք իմ բնակարան։
Սիրավեպը նոր թափ առավ, իսկ Ֆրանսինան, իմանալով դրա մասին, ընկավ խոր ընկճախտի մեջ՝ փորձելով անգամ ինքնասպան լինել, թեև նրանք պայմանավորվածություն ունեին, որ ամուսնական կարգավիճակը չի ազդելու իրենց ազատ կյանքի վրա։ Կամյուն ստիպված եղավ մնալ կնոջ կողքին, բայց մտքերն ու մարմինն ամեն հնարավոր պահի Մարիայի գրկում էին։
Այդ օրերից ի վեր Կամյուն ու Կազարեսը գրեթե ամեն օր գրում էին իրար, խոսում աշխատանքի, ընկերների ու իրենց հարաբերությունների մասին։ Շուրջ 850 նամակ՝ յուրաքանչյուրը թաթախված ամենագեղեցիկ ապրումներով ու սիրով, որ երկու մարդ կարող էին տածել միմյանց հանդեպ, կիսել ամենաերջանիկ ու ամենատխուր պահերն իրար հետ։ 1957-ին, երբ Կամյուն դարձավ Նոբելյան մրցանակակիր, շտապեց հեռագրել Արգենտինա մեկնած Մարիային․ «Երբեք քո կարիքն այսքան շատ չեմ ունեցել։ Քո Ալոնսո»։ Կամյուի վերջին նամակը Կազարեսին թվագրված է՝ 1959-ի դեկտեմբերի 30, որտեղ նա գրում է, որ անհամբեր սպասում է իր վերադարձին, ցանկանում է Մարիայի հետ ճաշել, հետո ամեն ինչ թողնել մի կողմ ու ամուր սեղմել նրան իր կրծքին։
Կամյուն գնացքի տոմսեր էր գնել իր և ընտանիքի համար, սակայն, վերջին պահին մտափոխվելով, ընտանիքին ուղարկում է գնացքով, իսկ ինքը Միշել Գալիմարի հետ ճամփա ընկնում մեքենայով։ 1960-ի հունվարի 4-ին՝ վերադարձի ճանապարհին, նրանք ավտովթարի են ենթարկվում։ Ալբեր Կամյուն տեղում մահանում է։ Ահա այսպես անժամանակ կտրվում է մեծ գրողի կյանքի թելն, ու ավարտվում է ամենագեղեցիկ սիրային նամակագրությունը։
Շատ տարիներ անց Մարիան Կամյուի՝ իրեն ուղղված նամակները հանձնում է գրողի դստերը՝ Կատրինին։ Վերջինս ժողովում է նրանց նամակագրությունը (1944-1959), գիրք կազմում, անգամ ներածություն գրում և 2017-ին տպագրում։ Դուստրը մի առիթով նշել է․ «Նրանց նամակներն աշխարհը դարձնում են ավելի մեծ ու լուսավոր, իսկ օդը՝ ավելի թեթև, և դա միայն այն պատճառով, որ նրանք կան»:
Հանուն արդարության՝ հարկ է ավելացնել, որ չնայած 15-ամյա սիրո և նամակագրության, կանայք շարունակել են պտտվել Կամյուի շուրջ ու գերել նրան։ Նա մտերիմ հարաբերություններ է ունեցել Կատրին Սելերսի, Պատրիսիա Բլեյքի, ոմն կնոջ հետ, որին նամակներում նա անվանում է՝ Մի: Եվ այսպես շարունակ։
Հ․ Գ․Մի առիթով, երբ Սարտրին հարցրելեն, թե որն է Կամյուի՝ նրա ամենասիրելի գործը, նա առանց վարանելու պատասխանել է՝ «Անկումը», որովհետև այդ վեպի հերոսը հենց ինքը՝ Կամյուն է։ Կամյուի կինն էլ նշել է, որ իր լավագույն ստեղծագործության համար Կամյուն հենց իրեն է պարտական։ Նրանք, ովքեր գիտեն «Անկում»-ի սյուժեն, զուգահեռներ կանցկացնեն գրողի կյանքի հետ և կհասկանան, թե ովքեր են թաքնված կամուրջից նետվող կնոջ ու նրան փրկել չհասցնող փաստաբանի հետևում և թե ինչպիսի ապրումներ են ուղեկցել Կամյուին Ֆրանսինայի ինքնասպանության փորձից հետո։
Արմինե Մուրադյան