Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2023 թվականի մայիսի 14-ին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Բուրսա քաղաքում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Էրդողանը առանձնահատուկ գոհունակություն է հայտնել երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպելու հնարավորությունից, ովքեր, նրա խոսքով, Թուրքիայի պետության և ժողովրդի հույսն է։ «Տեսնելով մեր երիտասարդության տեսլականը՝ մենք անհամբեր սպասում ենք մեր ապագային»,- ասել է նա։
Թուրքիայի ղեկավարը ընդգծել է, որ երկրի համար շատ կարևոր է շարունակել զարգացնել իր հաջողություններն ու առաջընթացը։
«Մենք պետք է ավելի շատ աշխատենք և պայքարենք «թուրքական դարաշրջանը» կառուցելու համար, որը որպես ժառանգություն ենք թողնելու ձեզ։ Երախտապարտ եմ Ամենակարողին, որ մենք կողք կողքի քայլելու ենք ձեր՝ մեր երիտասարդության, նրա ներկայացուցիչների հետ, ովքեր առաջին անգամ կմասնակցեն մայիսի 14-ին կայանալիք ընտրությունների քվեարկությանը»,- հայտարարել է Էրդողանը։
Վերջինս նշել է, որ իրենց ակնկալիքները երիտասարդներից, ովքեր առաջին անգամ են քվեարկելու առաջիկա ընտրություններում, հիմնված են այն բանի վրա, որ նրանք աշխարհը և երկիրը տեսնում են լավագույն լույսի ներքո՝ ելնելով իրենց ներուժից։
Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել այն մեկ ամիս շուտ անցկացնել։ Որպես հիմնավորում նշվում է, որ հունիսին ուսումնական հաստատություններում քննական շրջան է, ինչպես նաև գյուղական բնակավայրերում ակտիվ գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացվում, որոնք կարող են ազդել ընտրությունների մասնակցության ցուցանիշի վրա։ Սակայն իրականում մի շարք փորձագետների պնդմամբ՝ Էրդողանն այս քայլով փորձում է ընդդիմությանը զրկել ընտրություններին լավ նախապատրաստվելու հնարավորությունից։