Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:51 13-01-2023

Իրավաբանությունը «Մայրաքաղաքային» աղցան չէ․ դատախազությունը 2 նույնական իրավիճակներում տարբեր կերպ է վարվում․ Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր իր պաշտպանյալի մեղադրանքին, որն առաջադրվել էր մինչև նոր քրեական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը: Նա նշել էր, որ դեկտեմբերին գործն ուղարկվել է դատարան, սակայն այն պետք է քննվի արդեն նոր օրենսգրքով սահմանված կարգով:

«Պաշտպանյալիս առաջադրված մեղադրանքը չի փոխվել, այսինքն՝ մեղադրանք նոր օրենսգրքի համաձայն, այն է՝ հսկող դատախազի որոշման հիման վրա, չի առաջադրվել: Փաստացի ստացվում է, որ դատարանը գործը քննելու է նոր օրենսգրքով, սակայն իմ պաշտպանյալը, ըստ նոր օրենսգրքի, չի հանդիսանում մեղադրյալ, քանի որ այդ նոր օրենսգրքով մեղադրյալ է համարվում այն անձը, ում նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, այսինքն՝ կայացվել է դատախազի որոշում: Այս տարօրինակ վիճակը շտկելու նպատակով միջնորդել եմ դատարանին իմ պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն դատարանը տեխնիկական պատճառներով դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլ ամիս»:

Աթանեսյանը նաև նշել էր, որ պարզաբանման համար դիմում է ներկայացրել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք պարտադիր չէ, որ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո բոլոր մեղադրյալներին առաջադրվի նոր մեղադրանք, այն է՝ դատախազի կողմից կայացվի որոշում քրեական հետապնդում հարուցելու մասին, որպեսզի դատարանը իրավասու լինի քննել նման անձի վերաբերյալ քրեական գործը:

«Ի զարմանս ինձ՝ դատախազությունը պատասխանեց և հստակ դիրքորոշում արտահայտեց, որ իմ կողմից նկարագրած դեպքերում, այսինքն՝ երբ անձը որպես մեղադրյալ է ներգրավվել մինչև 01.07.2022թ,՝ նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրը, և դրանից հետո նրա մեղսագրված արարքում ծավալի փոփոխություն չի եղել կամ հանցավոր արարքի սանկցիան չի մեղմացվել, ապա դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման կայացման անհրաժեշտությունը բացակայում է»:

Աթանեսյանը նաև հայտնել է, որ իր մեկ այլ գործով դատախազը գործել է վերոհիշյալ պաշտոնական դիրքորոշմանը ուղիղ հակառակ և 01.07.2022թ. հետո իր մեկ այլ պաշտպանյալի նկատմամբ, կայացրել է որոշում՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

«Հիմք ընդունելով դատախազության պաշտոնական դիրքորոշումը՝ միջնորդություն ներկայացրի գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանին՝ արդեն մյուս գործով դատախազի կայացրած որոշումը վերացնելու մասին: Այդ միջնորդության պատասխանը ևս ստացա: Եվ գիտեք ի՞նչ են մոգոնել: Դատախազության բարձրաստիճան մի պաշտոնյա, ամբողջությամբ անտեսելով իմ միջնորդության բովանդակությունը, գրել է, որ իմ միջնորդությունը դիտարկում է բողոք և այն չի քննարկում, քանի որ դատախազի խնդրո առարկա որոշումը ես հուլիս ամսին արդեն բողոքարկել եմ և բողոքս մերժվել է»:

Փաստաբանը նշել էր, որ այդ որոշումը իրոք բողոքարկել է, բայց այլ հիմքերով և այն իրոք մերժվել է, իսկ դատարանը հրաժարվել է քննել համապատասխան բողոքը:

Բայց այդ ամենը որևէ կապ չունի այն հանգամանքի հետ, որ ըստ գլխավոր դատախազության հսկող դատախազը նկարագրված իրավիճակում չի կարող կայացնել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում: Իրավիճակից հասկանալի է, որ գլխավոր դատախազությունը պարզապես խուսափում է պատասխանելուց և սեփական սխալն ընդունելուց»:

Oragir.News-ի հետ զրույցում Աթանեսյանն ասաց, որ խնդիրն այն է, որ միևնույն իրավիճակում դատախազությունը տարբեր կերպ է տեսնում, այս իրավիճակում, երբ դեպքերը իրավաբանական առումով նույնն են։ «Մի մի դեպքում որոշումը դատախազությունը կայացնում է, մյուս դեպքում՝ չի կայացնում։ Իրենք էլ ասում են, որ պետք չի կայացնել, բայց արդեն կայացրած որոշումը չեն վերացնում։

Այսինքն, հստակ քաղաքականություն չկա, եթե լիներ, կարելի էր քննարկել՝ լավն է, թե վատն է որոշումը, ճիշտ է, թե սխալ է, բայց չկա դիրքորոշում։ Սեղծված իրավիճակն աղետալի է, բացարձակ հասկանալի չէ՝ ինչ են անում ու վատն այն է, որ գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ։ Ինչո՞ւ նույն խնդրի վերաբերյալ նույնական չի դատախազության դիրքորոշումը»։

Նա նշեց, որ խնդիրը ողջամտության ճգնաժամի մեջ է․ «Չկա ողջամտություն, դիրքորոշումները պետք է լինեն նույնական հստակ և պետք է կատարվեն բոլոր դեպքերում։ Եթե դա չկա, մենք գործ ունենք կառավարման անկման հետ, իսկ դա խոսում է ողջամտության ճգնաժամի մասին»։

Դիտարկմանը, թե դիրքորոշման փոփոխությունը կարող է պայմանավորված լինել դատախազության ղեկավարի փոփոխությամբ, նա նշեց, որ «անձ» բառը չէի կիրառի։ «Անձը՝ մարդ է, որն ունի կարծիք, գիտելիքներ, դիրքորոշումներ, հենց անձի բացակայության խնդիրն է այս ամենի պատճառը։ Կարծում եմ, երբ ստանձնում է որևէ գերատեսչության ղեկավարում, այդ գերատեսչությունը մեկ օրում չի ստեղծված, 100 տարի է գործում է և ունի իր ավանդույթները, լավն են դրանք, թե վատն են, այլ հարց է, դրանք շտկելու տեղ կա։ Ի վերջո, կա քաղաքականություն, կա սահմանադրական առաքելություն, որ այդ մարմինը իրագործում է, ու դրա մեջ պետք է լինի հստակ, կանխատեսելի, հասկանալի։ Եթե դա չկա, մենք խոսում ենք կառավարման ճգնաժամի, ողջամտության ճգնաժամի մասին»։

Նա նշեց, որ գործող իշխանության օրոք լուծումներ չի տեսնում, նաև այդ պատճառով է, որ տևական է ժամանակ չի բարձրաձայնել իրավական կարգավորումների խնդիրների մասին․ «Երբ կա ազգային արժեքների, հայրենիքի կորուստ, պետականության քայքայում, դրանք երկրորդ պլան են մղվում, բայց հիմա դրանք այնքան շատ են, որ հնարավոր չէ ղրանց մասին չխոսել։ Այս պահին քանի որ այլևս ժողովուրդն ի վիճակի չէ գլխավոր խնդիրը լուծելու, գոնե պետք է փորձենք յուրաքանչյուրս մեր ոլորտում մեր հարցերը լուծել, բայց բոլոր հարցերի լուծումները մենք տեսնում ենք իշխափոխության և ազգային իշխանության փոփոխության դեպքում»։

Ամենից շատ դիտված