Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները Հայաստանի համար անկեղծության փորձություն են: Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Անկարայում լրագրողների և դիվանագետների հետ կայացած տարեվերջյան ամփոփիչ հանդիպման ժամանակ։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ներկայումս գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ «Եղբայրական Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, որը կարող է լինել երկու երկրների միջև»,- ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվում է։ Նա միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Անկարան այս հարցում համերաշխ է Բաքվի հետ։
Անդրադառնալով Արցախում առկա այսպես կոչված բնապահպանական խնդիրներին՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ Թուրքիան այս հարցում, ինչպես ցանկացած այլ հարցում, աջակցում է Ադրբեջանին։
«Ադրբեջանական հողերի հարստությունը յուրացնելու փորձն անընդունելի է»,- եզրափակել է նա։