Մի բան է, երբ միջազգային կառույցներն ուղղակի, այնքան որ իրենց ներկայությունը հաստատելու համար են ինչ-որ բան անում, և այլ բան է, երբ դա որևէ արդյունք է տալիս։
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով եվրոպայի դիտորդական առաքելության այցին՝ արդեն ավելի քան 1 շաբաթ արդբեջանցիների կողմից փակված Բերձորի միջանցք։
«Փաստը մնում է, որ 7 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է։ Միջանցքի բացման ուղղությամբ որևէ գործուն քայլ չենք տեսնում։ Հետևաբար, գնահատականը, միանշանակ, բացասական է։ Հակառակ դեպքում, իրենք միջազգային այն կառույցներն են, որոնք այս ընթացքում հասցրել են կոչեր կամ մեղադրանքներ հնչեցնել։ Ամեն դեպքում, դրանք հեղինակավոր կառույցներ են։ Բայց, փաստորեն, իրենց աշխատանքն անարդյունավետ է։ Հետևաբար, ստացվում է, որ գործիքակազմը ճիշտ չէ, ի վերջո նպատակն ապաշրջափակումը չէ, այլ ուղղակի իրենց ներկայության ֆիքսումն է, ինչով որ իրենք զբաղված են՝ դեռևս ձևական»,- ասաց նա։
Պատգամավորն այս ամենինց հետևություն է անում, որ այդ ուղղությամբ հայկական կողմից ճնշումը բավարար չէ։ «Խոսքը վերաբերում է նաև իշխանություններին։ Թվում է, թե մենք բավականին շատ բան ենք, անում, աղմուկ ենք բարձրացրել՝ Երևանում դեսպանատների ու ՄԱԿ-ի գրասենյակի առաջ։ Նույնիսկ մեր նախկին պետնախարարը, մարդու իրավունքների պաշտպանը, արտգործնախարարը, մեր Հայաստանյան բազմաթիվ գործընկերներ, հանրությունը։ Թվում է, թե ճնշում է գործադրվում, բայց դա միանշանակ, արդյունք չի տալու»,- ասաց նա։
Այս իրավիճակի պատճառն այն է, որ ճնշում չկա Հայաստանի իշխանությունների նկատմամբ։ «Չգիտես ինչու, սկսած ՀՀ-ում գտնվող Արցախի ներկայացուցիչներից, բոլորը շրջանցում են Հայաստանի իշխանություններին։ Սա շատ նման է նաև 44-օրյա պատերազմին, երբ Հայաստանի իշխանությունները, մասնավորապես, վարչապետն ինչ-որ բունկերներից ուղիղ եթերներ էին մտնում, ինչ-որ կոչեր էին անում։ Բայց որևէ գործողություն, ինչ պարտավոր էր, պետք է աներ իշխանությունը՝ չէր անում։ Արդյունքում գրանցվում էր, որ իբր թե ամեն բան արվեց իշխանության կողմից, բայց տեսեք՝ միջազգային հանրությունը լուռ է»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ միջազգային հանրությունը կար և որոշակի քայլեր ձեռնարկում էր մինչև 2018 թվականը։ «Մինչև 2018 թվականը մեր գործերն ամենևին էլ վատ չէին գնում։ Այն ժամանակ ընթացող գործընթացը գնում էր ճիշտ ճանապարհով, ճիշտ ժամանակներում,ամեն ինչ նորմալ էր ընթանում։ ՉԵմ ասի, թե մենք շատ կարճ ժամանակ հետո էինք ունենալու մեր այն ակնկալիքները, որ ունեինք, բայց ամեն դեպքում այդ ընթացքը հաստատուն էր։ 2018 թվականից այդ միջազգային հանրությունը, որն այն ժամանակ կարողանում էր և՛Ալիևի, և՛ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրել, չգիտես ինչու հիմա մտափոխվել է։ Հիմա այլևս բացարձակ ճնշում չի գործադրում»,- ասաց նա։
Ընդհակառակը, պատգամավորը շեշտեց, որ այսօր եթե անգամ որևէ ճնշում էլ գործադրվել է՝ հայկական կողմի վրա է բանեցվել։ Մասնավորապես սա առավել ակնհայտ է դառնում, երբ կոչերը հնչում են երկկողմանի հանդարտեցման մասով։
«Իսկ թե ինչ պետք է անեին Հայաստանում՝ ես կշրջանցեմ իշխանություններին, որովհետև իրենք որևէ բան չեն պատրաստվում անել։ Բայց հանրությունը մեծ անելիք ունի։ Ինքը կարող է հիմա պահանջատեր լինել։ Ինչպես մենք այստեղ մեր ԱԺ հայտարարությամբ պահանջ դրեցինք Հայաստանի իշխանությունների առջև՝ որպես թիվ 1 պատասխանատու՝ անմիջապես անցնելու գործողությունների, այնպես էլ հանրությունը պետք է ոչ թե իր հիմնական ուժերը կենտրոնացնի տարբեր երկրների դեսպանատների կամ ՄԱԿ գրասենյակի առջև, այլ պետք է լինի Կառավարության, ԱԺ առջև՝ պահանջելով իշխանություններից՝ աշխատել»,- ասաց նա։
Մետաքսե Հակոբյանն այս առումով հիշեց դեռևս օրեր առաջ Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ «Երևի թե հանրությանը թվում է, թե ինքը լիարժեք բացատրություն տվեց տիրող իրավիճակին։ Բայց ինքն ասում էր այն նույն խոսքերը, ինչ ասում է արդեն 2 տարի։
Այսինքն, ինքը նկարագրել է անցած երկու տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները։ Հետո սկսեց կարդալ այն բոլոր իրադարձությունները, որ տեղի էին ունեցել։ Վերջում նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը չի հարգում իր ստորագրությունն ու չի կատարում պահանջները։ Ինքը բացարձակ չխոսեց այն մասին, որ այս իրավիճակի թիվ 1 պատասխանատուն ինքն է։ Այդ եռակողմ հայտարարության տակ, ընդ որում, միանձնյա որոշմամբ ստորագրությունը դրել է ինքը։ Հետևաբար, այս իրավիճակի հանգուցալուծման գլխավոր պատասխանատուն նաև ինքն է։
Իհարկե, եթե ինքն իրենից որևէ բան ներկայացնում է՝ արդեն իսկ 1 շաբաթը բավական էր, որ կարողացած լիներ եռաչափ հարթակում հավաքվեին ու, ի վերջո, արձանագրած լինեին՝ արդյո՞ք չեղյալ են հայտարարվել եռակողմ հայտարարությունը։ Թե՞ իրենք այլ պայմանավորվածություն ունեն կամ այլ մոտեցումներ են ունենալու այսուհետև։
Ամեն դեպքում, առ այսօր որևէ բան չի արվել։ Դա նույնն է, երբ մենք անընդհատ միջազգային հանրությանը կոչ ենք անում հումանիտար ճգնաժամից փրկելու համար ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, բայց մոռանում ենք ՀՀ իշխանության կողմից չճանաչելու փաստը։ Այս համատեքստում և՛ պատերազմական իրավիճակում, որը մենք խայտառակ ձևով անցանք, և՛ ճգնաժամային իրավիճակներում, հումանիտար ճգնաժամի դեպքում, չճանաչված պետությունների ճանաչումը փրկություն է հումանիտար աղետից։
Այս պարագայում մենք էլի դժգոհում ենք միջազգային հանրությունից, նեղվում ենք, թե ինչու մեր անկախությունը չեն ճանաչում՝ այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունների մոտ նույնիսկ այդ միտքը սարսափ է առաջացնում։ Հետևաբար, նստել ու միջազգային հանրությունից սպասել- ինչ-որ արձագանքի՝ միամտություն է»,- ասացնա։
Արցախցի պատգամավորի գնահատմամբ՝ արցախցի մեր հայրենակիցներն այսօր շրջափակման մեջ են հենց Հայաստանի իշխանությունների ձեռքով, կատարած քայլերի ու անգործության արդյունքում։