Ի՞նչ պահանջներ էր բերել Լավրովը
copy image url

Ի՞նչ պահանջներ էր բերել Լավրովը

Միտք Ներքին 6 ժամ առաջ - 16:20 21-05-2025
Հայ-ռուսական հարաբերությունները մի քանի տարի է՝ լարված են: Դրանք վատթարացան, երբ Ռուսաստանը հրաժարվեց գնահատական տալ Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Հայաստանը սառեցրեց ՀԱՊԿ-ի հետ գործակցությունը։ Ռուսները հույս են հայտնում, որ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ, իսկ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ անցել են անդառնալիության կետն ու վերադարձ չի լինելու։

Մայիսի 20-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Երևան։ Նրա նախորդ այցը Երևան 3 տարի առաջ էր՝ 2022թ. հունիսին։ Այն ժամանակ նրան դիմավորել էր նախարար Արարատ Միրզոյանը։Իսկ երեկ նրան օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը:

Լավրովի նախորդ այցը եղել էր 2022-ի հունիսին, որից մի քանի ամիս անց 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ագրեսիա սանձազերծվեց։ Տարեվերջին Արցախը ենթարկվեց բլոկադայի, իսկ 2023-ին հայաթափվեց։ Շաբաթներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ դեսպան Կպիրկինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է վարում։ Այս իրադարձություններից հետո Լավրովի այցը ընդհանուր զարմանք է առաջացնում։

Լավատեսների կարծիքով՝ Լավրովն այս այցի ընթացքում հավաստիացնելու է, որ ՌԴ-ն Հայաստանի դեմ հիբրիդային կամ այլ տեսակի պատերազմ չի վարում։ Իսկ հոռետեսները վստահ են, որ Լավրովը եկել է վերահաստատելու, որ Մոսկվան առիթավորվել է Թրամփի մեղմ վերաբերմունքից և Հայաստանից պահանջում է մի շարք ղազագրեր ստորագրել։ Փորձագետները կանխատեսում էին, որ այս հանդիպման գլխավոր ձեռքբերումը լինելու է այն, որ Հայաստանը համաձայնելու է Խաղաղության համաձայնագիրը ստորագրել Մոսկվայում, նրա տարածաշրջանային հեգեմոնությունը ճանաչելով։

Արարատ Միրզոյանը Լավրովի հետ համատեղ ասուլիսում հավստիացնեց, որ հայ-ռուսական օրակարգը չի վերանայվելու, երկկողմ և ԵԱՏՄ շրջանակում հարաբերությունները խորանալու են, իսկ ԵՄ անդամակցության հայտ ՀՀ-ն չի ներկայացրել, չի էլ պատրաստվում, հետևաբար՝ չկա նաև ԵԱՏՄ-ի պայմանագրից դուրս գալու թեմա։ Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ ինքն ու Լավրովը հույս են հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը ոչ հեռու ապագայում կյանքի է կոչվելու։

Լավրովը տեղեկացրեց, որ այս բանակցությունները տեղի են ունենում Փաշինյանի և Պուտինի պայմանավորվածության համահունչ, որոնք պայմանավորվել էին վերականգնել բոլոր ուղղություններով կոնտակտների ռիթմը։ Նա հատուկ ընդգծեց 3+3-ի մասին, հույս հայտնելով, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Երևանում։ ՌԴ ԱԳ նախարարն ակնարկեց նաև, որ հայկական կողմին են փոխանցել հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային օրակարգին վերաբերող մի շարք պահանջներ։ Դրանք վերաբերում են ռուս գործարարներին, ռուսական ներդրումներին, որոնք ենթադրաբար արտոնություններ կստանան։ Արտոնություններ կստանան ռուսական ալիքները, ռուսաց լեզուն կամրապնդի դիրքերը։ Հայաստանն էլ առաջիկա 2 տարում կմերժի Արևմուտքի, ԵՄ-ի մեկնած աջակցության ձեռքը, ներդրումային առաջարկները, մասնավորապես՝ ՀՀ-ն Հարավ-հյուսիս միջազգային ավտոճանապարհի բացման ուղղությամբ շինարարություն չի անի։ Սրանք այն ղազագիր-պահանջներն են, որոնք ակնկալում է Մոսկվան Երևանից։ Եվ ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանը դրանք բոլորն առաջիկայում կաբավարարի, որի դիմաց կստանա Մոսկվայի աջակցությունը 2026-ի ԱԺ ընտրություններում։

Այսպիսով՝ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի 2023-2024-ի անկարկները, թե ՀՀ-ն մտադիր է քայլեր անել անկախության, ժողովրդավարության ամրացման, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ չեն իրականանալու։ Հայաստանն, առվազն՝ մինչև 2026-ի ընտրությունները կմնա ռուսական ուղեծրում։

Պարզ ասած՝ Լավրովի այցն ու նախագահների միջև պայմանավորվածությունների հիման վրա ներկայացված ռուսական պահանջները հիմք են տալիս ենթադրելու, որ Հայաստանը շարունակում է նույն ռիսկային կուրսը, ինչը 2022-ին հանգեցրեց ագրեսիայի։ Նույնպիսի սպառնալիք կանխատեսելի է նաև առաջիկայում։ Եվ ինչպես 2022-ին Հայաստանն ու միջազգային հանրությունը չկարողացան կանխել ՀՀ-ի դեմ ագրեսիան կամ հետ մղել ագրեսորներին, իսկ ՌԴ-ն ու Չինաստանը վետո դրեցին ՄԱԿ-ի բանաձևի վրա, այնպես էլ կանխատեսելի ռուս-թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայի պարագայում Հայաստանն արևմտյան աջակցություն, ենթադրաբար, չի ստանա։ Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանը կարող է վստահ լինել, որ Մոսկվան աջակցելու է իրեն 2026-ի ընտրություններում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված