Ուղիղ եթեր
Հատուկ փորված խրամատ, կրակոցի ոչ մի ձայն չլսած․ «Էռատո»-ի պատերազմական արկածները․ 168․am
copy image url

Հատուկ փորված խրամատ, կրակոցի ոչ մի ձայն չլսած․ «Էռատո»-ի պատերազմական արկածները․ 168․am

Ներքին 6 ժամ առաջ - 12:43 21-05-2025
168․am-ը գրում է․

«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո 168.am-ը մի քանի հոդվածներով անդրադարձել է Աննա Հակոբյանի և նրա ստեղծած «Էռատո» ջոկատի՝ մարտական գործողություններին «մասնակցությանը»:

Մենք գրել ենք, որ Աննա Հակոբյանի ջոկատը պատերազմի օրերին Արցախում որևէ մարտական գործողության չի մասնակցել, բայց դա չի խանգարել նրան լինել հրամանատարական կետում, մոնիտորի առջև նստած հետևել այդ պահին ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիաներին, 44-օրյա պատերազմի ընթացքում կարևոր և ճակատագրական օրերին կամ ժամանակահատվածում Աննա Հակոբյանի՝ Արցախում լինելու փաստին։

2023 թվականին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ «Էռատո» ջոկատը, «ինչպես մյուս կամավորական ջոկատները, ներառվել է Զինված ուժերում նոր կազմավորված զորամասերի (ստորա­բաժա­նումների) կազմում, 2020թ. հոկտեմբերի 25-ին հանդեր­ձա­վորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթա­կայության տակ: Ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում»:

Հավելենք, որ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.

«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում: Ի՞նչն է այստեղ վատ, դավաճանությո՞ւն ա: Պետք է գնային սալոններում լինեին, որ ճիշտ լինե՞ր»:

Ավելի վաղ գրել էինք, որ տարբեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի և «Էռատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսի հատվածում, այսպես ասած, ֆիկտիվ խրամատ է փորվել, որն իր վրա մարտական գործողությունների ազդեցություն չի կրել: Այսինքն, Աննա Հակոբյանը հոկտեմբերի վերջին նոր միայն որոշելով ջոկատ ստեղծել, որն էլ նոյեմբերի 6-ին է «մարտական առաջադրանքի» պատրաստ եղել, Արցախում ոչ մի մարտական գործողության ընդգրկված չի եղել, բայց ոչ էլ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի կողմից թիրախավորվող Սյունիքում է ինչ-որ գործողության մասնակցել:

Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ Աննա Հակոբյանը և իր ջոկատը մարտական պատրաստության պարապմունքներ էին անցնում, որից հետո տեղափոխվել էին Սյունիք, նույն ժամանակահատվածում Սյունիքի շուրջ զարգացումներ էին եղել, որոնք շարունակվել էին նաև պատերազմից հետո:

Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 21-29-ը Սյունիքում՝ Մեղրիում է գտնվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ինչի մասին հայտնել էր Քննիչ հանձնաժողովում:

168.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն էլ նշել էր, որ ինքն էլ Սյունիքում 2020-ի հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ համակարգել է ինքնապաշտպանական միջոցառումները:

Վերադառնանք Սյունիքում «Էռատո» ջոկատի «մարտական արկածներին». 44-օրյա պատերազմի օրերին առնչվող մի տեսանյութ էր շրջանառվել, որտեղ «Էռատո» ջոկատի անդամները, ավելի կոնկրետ, նրանցից մեկը՝ զինվորական հանդերձանքով, «մարտական պայմաններում» որոշել էր արձագանքել իրենց հասցեին հնչող քննադատություններին և մեկնաբանություններին:


«Մենք առաջին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ջոկատից ենք, և 15-20 օրվա ընթացքում զորավարժությունների ենք մասնակցել, այնուհետև հսկել ենք մեր առաջնագիծը: Կա թյուր կարծիք, որ մենք մեզ համար հանգստացել ենք, կերել-խմել ենք, այստեղ հավաքվել են էլիտար մարդիկ… Կցանկանայինք նշել, մենք՝ շարքային քաղաքացիներս, նախկինում առնչություն չենք ունեցել առաջին տիկնոջ հետ, ուղղակի Ֆեյսբուքում տեսել ենք կոչը, որ կատարվում է զորահավաք, մեծ սիրով և առանց վարանելու կամավորագրվել ենք, մասնակցել ենք ռազմական գործողություններին՝ նախապատրաստումից հետո»,- տեսանյութում մանրամասնում է ջոկատի անդամներից մեկը՝ նշելով, որ արդեն լքում են իրենց վստահված դիրքը և պնդում, որ Աննա Հակոբյանը միշտ իրենց հետ է եղել:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ, մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»: Եվ ինչպես արդեն նշեցինք, «Էռատո» ջոկատը պատրաստ էր «մարտական առաջադրանք» կատարելուն միայն նոյեմբերի 6-ին:

Իսկ երբ արդեն ստորագրված էր հրադադարի փաստաթուղթը կամ եռակողմ հայտարարությունը, 2020-ի նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը գրառում էր արել, թե չի պատրաստվում լքել դիրքերը:

Ինչ վերաբերում է վերևում հիշատակված տեսանյութում երևացող «Էռատո» ջոկատի անդամին, ապա պարզվում է՝ նա շախմատի ուսուցիչ է՝ Արսինե Մինասյան:

Նա մայիսի 3-ին հյուրընկալվել էր «Իմնեմնիմի» փոդքասթին (1:24:48-ից), որտեղ, ըստ էության, հաստատում է այն, ինչ դեռ տարիներ առաջ գրել էինք, մյուս կողմից՝ հակասում է պատերազմի օրերին հատուկ պատրաստված տեսանյութում իր իսկ պնդումներին:

«Վարժությունների ավարտից հետո հրաման կար դիրքեր գնալու, դա Շուշիի հանձնումից և կապիտուլյացիայից 4-5 օր առաջ էր։ Մեզ հետ թիկնազոր է եղել, Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովված էր, միշտ իր հետ է եղել անվտանգությունը: Մեզ մոտ կապի և ինֆորմացիայի սղության խնդիր կար: Անցնենք դիրքերին: Մենք 30-40 րոպեում հասանք Գորիսից, Տեղ գյուղի դիրքերն էր: Դա առաջնագիծ չէր, մենք տեղավորվեցինք էն դիրքում, որը նախատեսված և վստահված էր մեզ, որ պաշտպանենք էդ դիրքը: Մեզ տրված էր ռացիա, որով միայն գյուղապետին կարելի էր կապ տալ: Ես զինվորների, զինվորականների չեմ հանդիպել, միայն հովիվի: Մեր դիրքերն էր, հովիվն էր, գյուղապետն էլ վերևում էր: Էդ հովիվը մեզ ծաղիկներ էր հավաքում և բերում շատ հանգիստ և սիրուն: Մեզ վստահված էր հսկել դիրքը, շարժի մասին տեղեկացնել, պատասխանատվությամբ դա արել ենք: Մեր դիրքի վրա հարձակում ես չեմ նկատել, բայց պարապ չենք նստել՝ մեկը խրամատն էր բարձրացնում, մյուսը հաց էր սարքում… Ինչ ներկայացվում էր, անկեղծ եղել է, չափազանցված չի եղել, միգուցե այդ պահին դա համարվել է 2-րդ, 3-րդ, 4-րդ, 10-րդ գիծ, ինչ-որ գիծ: Մարտական դիրքերում ոչ մի կրակոց չի եղել բացարձակ, ոչ մի կրակոց: Պատրոնները տեսել եմ, և 80-90 տոկոսով կարող եմ ասել, որ դրանք եղել են ոչ մարտական»,- մանրամասնել է Արսինե Մինասյանը՝ նշելով, որ հավաքագրվել էր մոտ 40 հոգի՝ ուսուցիչ, պատգամավոր, մարմնավաճառ, որ առանց իրենց անձնագրի տվյալները ստուգելու է զենք բաժանվել, Աննա Հակոբյանին էլ բաժին էր հասել դիպուկահար հրացան (СВД- ԴԴՀ։-Մ.Պ.):


«Էռատո» ջոկատի անդամը շարունակել է և ակնարկել, որ իրենք ոչ մի օգուտ չեն տվել, և հանգիստ կարող էին մնալ Երևանում, և, որ իրեն խաբված է զգում, թեպետ ինքն էլ մասնակից է եղել ֆարսին և խաբել, թե առաջնագիծ են պահել և մասնակցել ռազմական գործողությունների:

Գուցե Արսինե Մինասյանը մոռացե՞լ է այս տեսանյութի մասին: Փաստ է՝ ամեն ինչ ի սկզբանե պարզ էր, առնվազն, երբ տանում են հատուկ փորված դիրքեր, որտեղ զինվորականի և պատերազմի շունչ չկա, բայց դու շարունակում ես մնալ այդտեղ: Այն, որ նրան Աննա Հակոբյանի ջոկատ տարել են ազնիվ մղումները, չենք կասկածում, բայցը վերաբերում է հետագային:

Դեռ չենք անդրադառնում Աննա Հակոբյանի նախապատերազմական զինվորական համազգեստով ֆոտոսեսիաներին ու շրջագայություններին զորամասերով՝ խաղաղության կոչերի ներքո:

Սա իրականում զուտ ֆարս չէ, սա հանցագործություն է, երբ ոչնչի համար օգտագործվել են զրահաբաճկոնները, սաղավարտները, զենքերը, այն էլ այն դեպում, երբ դրանից առաջ՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը մարտակոչով էր հանդես եկել և ՀՀ քաղաքացիներին կոչ արել՝ «եթե հանկարծ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, այս մարդկանց խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան»:

Արդյո՞ք սա քննության առարկա է դարձել Քննիչ հանձնաժողովում, այս խայտառակ բեմականացման գաղափարն ու եղելությունն ինչպե՞ս են ընդունել այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարը, ԳՇ պետը:

Ի դեպ, անցած տարի 44-օրյայի օրերին «Էռատո» ջոկատի «ինստրուկտորը» եղած գնդապետ Սասուն Բադասյանին նախ ազատեցին ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից, որին նշանակվել էր պատերազմից հետո:

Իսկ ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի «նախաձեռնությամբ» քրեական գործ հարուցվեց՝ ատեստավորման գործընթացին առնչվող պաշտոնական դիրքի չարաշահումների հետ կապված: Գործը գտնվում է դատարանում:

Իսկ մինչ այդ հավելենք, որ, առհասարակ, կամավորական ջոկատների հետ կապված խնդիրներ են եղել»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում