Որպեսզի մենք հասկանանք թե ինչ միջազգային արձագանք ենք ուզում, ապա մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ինչ արձագանք է տալիս, որի հիման վրա կողմնորոշվում է նաև միջազգային հանրությունը։
Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Բերձորի միջանցքում անցած օրերին շարունակվող իրավիճակին միջազգային հանրության կողմից տրվող արձագանքին։
«Իմ կարծիքով շատ վտանգավոր է Հայաստանի իշխանության դիրքորոշումը։ Իրենք սա դիտարկում են որպես մարդու հումանիտար խնդիր և, ըստ էության, այդ հումանիտար խնդրի տրամաբանությամբ են ամբիոն տալիս։ Հանդես են գալիս այն տրամաբանությամբ, որ խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։ Առաջին հայացքից թվում է, թե հենց այդպես էլ կա, բայց իրականում Ադրբեջանը չի ասում, որ պետք է փակի Լաչինի միջանցքը։ Ադրբեջանն ասում է, որ քանի որ այնտեղ ահաբեկիչներ են գնում, քանի որ այնտեղ զինված ուժեր են գնում, քանի որ այնտեղ Ադրբեջանի հանքերն են օգտագործվում՝ ուզում եմ վերահսկողություն անել։
Ասում է՝ համաձայնեք վերահսկողությանը, և ես կբացեմ ճանապարհը։ Այսինքն, Ադրբեջանը փաստացի ձայնակցելով Հյաստանի այդ դիրքորոշմանը, փորձում է հիմնավորել, որ եթե Հայաստանն ընդունում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ուրեմն եթե Ադրբեջանի մաս է, ապա Ադրբեջանի հանքերի աշխատանքը պետք է վերահսկի ադրբեջանական կողմը։ Իրենք ասում են, որ մենք պետք է վերահսկենք, որ այնտեղ հումանիտար ու էկոլոգիական խնդիր է»,- ասաց նա։
Իր խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշման հետևանքն է Ադրբեջանի այս գործելաոճը։ «Եթե օրինակ Հայաստանը նշեր, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի մաս, Ադրբեջանը հայտարարեր, որ չէ, Լեռնային Ղարաբաղը պիտի լինի Ադրբեջանի մաս՝ այդ երկու ծայրահեղ գնահատականների պարագայում միջազգային հանրությունը կոչ կաներ որպես արբիտր։
Այսինքն, ռուսները կասեին՝ գիտե՞ք ինչ, քանի որ դեռ վիճելի է ՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է թե ոչ՝ ես պետք է արբիտրություն անեմ, ամերիկացիները, եվորոպացիները։ Ես ուղղակի ապշած եմ այս իշխանության․․․ ասել, որ սրանք անգրագետ են․․․ ես դեռևս չեմ ուզում գնահատական տալ։ Այս մարդկանց մտածողությունը լրիվ ուրիշ դաշտում է գտնվում»,- ասաց նա։
Երվանդ Բոզոյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանը կանգնած է շատ ծանր և վտանգավոր հետևանքների հեռանկարի առջև։
«Կարծում եմ, որ այդ հումանիտար աղետը կարող է բերել Ղերաբաղի կործանման։ Հայաստանի իշխանության պահվածքն ինձ հուշում է, որ իրենց գլխավոր նպատակը հետևյալն է՝ եթե Ղարաբաղի հետ ինչ-որ բան պատահի, ապա դրա պատասխանատվությունը չպետք է կրի Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Այսինքն, իրենք արդեն պատրաստ են դրան։ Պարզապես իրեն պատրաստվում են հիմնավորել, որ դրա մեղավորը ոչ թե իրենք են, այլ, ասենք, ռուսական կողմն է։
Ոնց որ բոլոր հարցերում իրենք նախկին իշխանություններին էին մեղադրում, նույն ձևով այս հարցում են հանդես գալու»,- ասաց նա։
Քաղաքագետի ձևակերպմամբ՝ խնդիրն այն է, որ Հայաստանի ներկա իշխանություններին վաղուց պետք է այլընտրանք ձևավորվեր, ինչն այդպես էլ չեղավ։ «Ընդդիմադիր դաշտում էլ, կարծում եմ, որ անձնական, ներիշխանական, ներանձնական ու ներկուսակցական շահերը կերել են իրենց։ Ըստ էության, հայ ժողովուրդը մնացել է մեն-մենակ իր խնդիրների հետ։ Սա է հարցը»,- ասաց նա։
Խնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման չփոխվելու դեպքում քաղաքագետը լավատես չէ հայկական կողմի հաջողության հարցում։
«Բայց Հայաստանի դիրքորոշումը չի փոխվի, որովհետև այս մարդկանց մտածողությունն այդպիսին է։ Այսպես ասեմ․ պատկերացրեք, որ ինչ-որ բան ձեզ է պատկանում։ Եթե Հայաստանի իշխանությունները համարում են, որ հանքերը պատկանում են Ադրբեջանի իշխանությանը, և Ադրբեջանն ունի լեգիտիմ իրավունք է վերահսկելու այդ հանքերը։ Որովետև իրեն են պատկանում։ Հարց է առաջանում․ իսկ ինչի՞ Ադրբեջանը պետք է իրավունք չունենա պահանջել, որպեսզի այդ հանքերի աշխատանքի վերահսկողությունն իրականացնի»,- ասաց նա։
Քաղաքագետի բնորոշմամբ, հայ հասարակությունը պետք է ավելի գրագետ մոտենա իրավիճակին։ Նա տեսակետ հայտնեց, որ այժմ տեղի ունեցող իրադարձությունները շատ տրամաբանական են։ «Հայաստանն է տվել այդ հնարավորությունն Ադրբեջանին։ Այսինքն, նրանք տեսեք ինչպես են ստորաբար մեղադրում ռուսական կողմին, իբր թե ռուսական կողմը չի իրականացրել իր առաքելությունը։ Դա ուղղակի ստորություն ու անբարոյականության ծայրահեղագույն վերջին աստիճանն է։ Քաղաքականության մեջ շատ պարզ խնդիր կա։ Ռուսական կողմն արբիտրի գործառույթ պետք է կատարի Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Մինչև հիմա այդպես է եղել։ Եթե Հայաստանը հրաժարվում է կողմ լինելուց, եթե Հայաստանը հայտարարում է, որ համաձայն է Ադրբեջանի հետ։ Հարց կարող եմ տալ, Ռուսաստանն այդ պարագայում ի՞նչ պետք է անի»,- ասաց նա։
Իր խոսքով՝ ընդդիմությունը ևս չի կարողանում գործադրել անհրաժեշտ գործիքները՝ ստեղծված իրավիճակի վրա ազդելու համար։ Քաղաքագետը սա ամոթալի իրավիճակ է բնորոշում։ «Աշխարհում ոչ մի ժողովուրդ ինքն իրենով չի միավորվում։ Ժողովրդի մեջ ծնվում են առաջնորդներ, մարդիկ, որոնք ուղղորդում են ժողովրդին։ Եթե այդպիսի մարդիկ հիմա լինեին մենք կտեսնեինք դա։ Մարդիկ չեն հասկանում, որ Ղարաբաղից հետո գալու է Զանգեզուրի խնդիրը, հետո գալու է Հայաստանի խնդիրը, ընդ որում, շատ ավելի առարկայական նկարագրեմ, թե ինչ արագույամբ Հայաստանը կարող է կործանվել։
Կոպիտ ասած, եթե մենք Ղարաբաղը հանձնենք, և Ղարաբաղում, Ադրբեջանի վրա, այդ ճնշումն, այսպես ասած, վերացավ, ապա պատկերացրեք, որ Հայաստանի հարավային հատվածից մի բարակ բան է չէ՞ մնում։ Սյունքիը գրավելը տեխնիկայի հարց է դառնալու այդ դեպքում։ Այդպիսի հումանիտար աղետի պատրվակով ադրբեջանական քաղաքացիական շրջանակները կարող են գալ, մտնել Զանգեզուր, ասել, որ օրինակ՝ այնտեղ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վատ է աշխատում, կամ չգիտեմ՝ ինչ է անում։ Հայկական կողմն էլ կասի՝ ինչ է, ուզում եք պատերա՞զմ սկսենք Ադրբեջանի հետ»,- ասաց նա։
Քաղաքագետը հայտարարեց, որ Սյունիքը կորցնելու դեպքում Հայաստանի միակ սահմանը կլինի Վրաստանի հետ։ «Այդ դեպքում Ռուսատասնն ու Իրանը պաշտոնապես ձեռքերը կլվանան Հայաստանից։ Եվ այս մնացած Հայաստանը, բառի բուն իմաստով, մեն-մենակ կմնա Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ, և մենք կտեսնենք, թե ինչ է կատարվել 100 տարի առաջ՝ 1915 թվականին։ Իհարկե, միջազգային հանրությունը կջղայնանա, կդատապարտի, բայց կդատապարտի արդեն պոստ- ֆակտում Հայաստանի նոր ցեղասպանությունից հետո»,- եզրափակեց փորձագետը։