Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 3 ամիս առաջ - 10:05 04-06-2026

Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունները քննարկում կամ արդեն սկսել են մինչև 55 տարեկան՝ Ռուսաստանից Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին 25-օրյա վարժական հավաքների ներգրավելու գործընթացը։ Թերթը նշում է, որ նպատակն է վերահսկել նրանց մասնակցությունը քվեարկությանը և զսպել մինչև հունիսի 7-ը Հայաստան ժամանող ընտրողների հոսքը։ Հրապարակման մեջ նաև հիշեցվում է ՔՊ պատգամավորի հայտարարությունը, ըստ որի՝ «100 հազար մարդուց 30-40 հազարին վարժական հավաքների կուղարկենք»։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական այցերի ժամանակ հյուրասիրությունների կադրերը նախապես կազմակերպվում և վերահսկվում են։ Աղբյուրների պնդմամբ՝ մինչև վարչապետի մոտենալը սեղաններն ու ուտեստները ստուգվում են անվտանգության և տեսանելիության տեսանկյունից, ինչից հետո միայն թույլատրվում է նկարահանվող հյուրասիրությունը։ Թերթը նշում է, որ այս կերպ ձևավորվում է «ժողովրդական սեղանի» բեմադրված պատկեր։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է ԿԳՄՍ նախարարության 2023 թվականի սեպտեմբերի 11-ի N1790-Ա/2 հրամանը, որը դարձել է հանրային քննարկման թեմա. Նախարարությունը պարբերաբար հերքում է դպրոցների փակման մասին տեղեկությունները՝ դրանք որակելով ապատեղեկատվություն, մինչ ոլորտի մասնագետներն ու Ազգային կրթության խորհրդի ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնում ծրագրի հետևանքների վերաբերյալ։ Հրամանով կազմված ցանկում ներառված են 232 դպրոց՝ նախատեսված կրթական ցանցի վերակազմակերպման և կրթական պայմանների «բարելավման» գործընթացում։

«Ժողովուրդ»-ի ուսումնասիրությամբ, ըստ նույն հրամանի՝ Արագածոտնում ներառված է 24, Արարատում՝ 4, Արմավիրում՝ 7, Գեղարքունիքում՝ 15, Լոռիում՝ 47, Կոտայքում՝ 9, Շիրակում՝ 48, Սյունիքում՝ 48 դպրոց։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի նախընտրական գործունեության իրավաչափությանը վերաբերող հարցերին։ Թերթի փոխանցմամբ՝ ԿԸՀ-ն շրջանցել է այն հարցը, թե արդյոք թեկնածու Փաշինյանը քարոզարշավի ընթացքում օգտվել է պաշտոնեական կարգավիճակից բխող տեղեկություններից և սահմանափակվել է այլ թեմաների վերաբերյալ պարզաբանումներով։ Հրապարակման հեղինակները պնդում են, որ հանձնաժողովը խուսափել է Փաշինյանի գործողություններին իրավական գնահատական տալուց։

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կողմից 10 հազար դրամով կենսաթոշակները բարձրացնելու որոշումից հետո Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, թե որոշել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել:

Մեզ հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ արդեն հունիսին մանկապարտեզների աշխատակիցները բարձր աշխատավարձ են ստանալու։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ ՔՊ-ի Կոտայքի քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի ընտանիքն ակտիվացրել է ընտրական աշխատանքները մարզում։ Հրապարակման համաձայն՝ Սևակ Միքայելյանն աշխատում է համայնքային կառույցների հետ, իսկ Մեխակ Միքայելյանը հանդիպումներ է ունենում բիզնես ներկայացուցիչների հետ։ Թերթի աղբյուրները պնդում են, որ Միքայելյանների ընտանիքը մտահոգված է հատկապես Հրազդանում ընտրությունների արդյունքներով։

«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ իշխանություններն իրավապահների ձեռամբ ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով ընտրակաշառքի վերաբերյալ հնարովի ձայնագրություններ են տարածում, մենք ահազանգեր ենք ստանում, որ ՔՊ-ական մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու գործին։

Ավելին, տեղեկություններ ենք ստացել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, օրինակ, մի անծայրածիր ցանկ է կազմել: Մեկի վիրահատության հարցն է լուծում, մյուսի՝ կրթաթոշակի, երրորդի՝ սոցիալական կարիքների, բազում մարդկանց է աշխատանքի տեղավորում։

Առհասարակ, ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն եւ այդ ճանապարհով է փորձում քաղաքացիների քվեները ստանալ։

«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ու համակիրների մեծ մասը, սահմանամերձ Ոսկեպարից բացի, տներ ունեն նաեւ Իջեւանում, Երեւանում, Աբովյանում, Ռուսաստանում, այլ վայրերում։
Նրանք այնքան էլ չեն անհանգստանում, որ ԽՍՀՄ-ի ինչ-որ շրջանում անկլավ հանդիսացած, նախկինում ադրբեջանաբնակ Վերին Ոսկեպարի տարածքը Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին կհանձնի, եւ այդ դեպքում կյանքը Ոսկեպարում կվատթարանա կամ անհնարին կդառնա, ու իրենք ստիպված կլինեն հեռանալ հայրենի գյուղից։

Նրանք ապրելու այլ հնարավորություններ ունեն եւ առանձնապես տարբերություն չեն տեսնում` Տավուշո՞ւմ կապրեն, թե՞ Կրասնոդարում կամ Աբովյանում:

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
22:19 5 երեխայից 1-ը՝ սեռական բռնության զոհ․ ինչպես կանխարգելել ու պաշտպանել երեխային․ խորհուրդներ մասնագետից
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
23:46 Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց պատի կառուցումը
22:11 Մի պահ կարող է թվալ, թե Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ն տպարան է
22:41 Գեղարոտում շարունակում են հաշվառել աղետի պատճառած վնասները՝ կարկուտը բերքն է տարել, քամին՝ շենքերի տանիքները