Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:36 25-11-2022

Ալիևը դժգոհում է Իրանի կողմից Ադրբեջանի հետ սահմանին անցկացվող զորավարժություններից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը Ադրբեջանի հետ փաստացի սահմաններին հաճախակի զորավարժություններ է անցկացնում։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը, Ալիևն այս մասին ասել է Բաքվում ընթացող Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովի ընթացքում։

Ալիևը շեշտել է, որ նախկինում երբեք Իրանի հետ հարաբերություններում նման իրավիճակ չի եղել։

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այդքան երկար տարիների ընթացքում դեռ երբեք այսօրվա նման իրավիճակ չի եղել։ Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում անընդմեջ երկու ռազմական գործողություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանին ուղղված այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն հնչել»,- ասել է Ալիևը։

​Վերջինս նշել է, որ իր երկիրը պատասխանել է և առաջիկայում նույնպես կպատասխանի իր դեմ ուղղված ցանկացած քայլի։ Նա նշել է, որ Ադրբեջանը Իրանի կողմից իրականացված զորավարժությունների պատճառով ստիպված եղավ այդ երկրի հետ սահմանին զորավարժություններ սկսել։

Մենք միշտ պատասխանել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Դրա համար էլ մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Վերջինս հավելել է,որ Բաքուն ամեն ինչ անելու է իր քաղաքացիների` այդ թվում նաև Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ Վոլտերը պաշտպանելու համար։ «Նրանք մեր ազգի մի մասն են»,- ասել է նա։

Ալիևը նաև դժգոհել է, որ Իրանի տարածքում գործում են հայկական դպրոցներ, սակայն ադրբեջանական դպրոցներ առհասարակ չկան։

«Իրանում կան դպրոցներ, որտեղ ուսուցումն իրականացվում է հայերենով, բայց չկան դպրոցներ, որտեղ դասերը ադրբեջաներենով են։ Ինչպե՞ս կարող է սա լինել: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ դա միջամտություն է ներքին գործերին, ապա մենք բացարձակապես հերքում ենք նման հայտարարությունները։ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը բյուրեղյա հստակ է՝ մենք երբեք չենք միջամտել և չենք խառնվում որևէ պետության ներքին գործերին»,- ասել է նա։

Ադրբեջանական ղեկավարի խոսքով` իրենք բարձրացնում են Իրանի դպրոցներում ադրբեջաներեն ուսուցման հարցը, քանի որ հակառակ դեպքում Իրանի ադրբեջանցիները, ովքեր խոսում են իրենց մայրենի լեզվով, կորցնում են լեզվի գրական բաղադրիչը, և ադրբեջաներենը մնում է միայն կենցաղային մակարդակում։