Ներքին 3 տարի առաջ - 16:10 09-11-2022

Շուշիի պատմության թանգարան. հազարամյակները գրկում՝ գերված վկայություն


Շուշիում գտնվող չորս թանգարաններից երեքի՝ պատմության, կերպարվեստի ու երկրաբանության թանգարանների մշակութային արժեքները քաղաքում էին, երբ այն հանձնվեց թշնամուն, և հիմա ադրբեջանցիների ձեռքում են:


Շուշիի պատմության թանգարանն ուներ շուրջ 5000 ցուցանմուշ, որոնցից հնագույնները վկայում էին, որ քաղաքն ունեցել նախապատմական գունեղ, խոսուն պատմություն, որ հայկական է եղել, որ եղել է կենտրոն ու խաչուղի, իշխանական-քաղաքական հանդիպումների վայր ու առևտրային կարևոր հանգրվան:

Շուշիի պատմության թանգարանի շենքը կառուցվել է 19-րդ դարասկզբին՝ որպես ցարական բանակի հայտնի փոխգնդապետ Իսայի Ղարամյանցի տուն: Հետո որոշ ժամանակ հասարակական նշանակության շենք է եղել, որտեղ ապրել են շուշեցի հայտնի գործիչներ՝ ճարտարապետ Սիմոն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտոր, խմբավար Գրիգոր Սյունին, Րաֆֆին: Խորհրդային տարիներին մի պահ եղել է քաղաքի ծննդատունը, հետո՝ արևելյան գորգերի թանգարանը, պատմաերկրագիտական թանգարանը, իսկ հետո՝ Շուշի քաղաքի պատմության թանգարանն էր:

Թանգարանի տնօրեն Աշոտ Հարությունյանն անձամբ էր դիմավորում այցելուներին, ներկայացնում ցուցանմուշներն ու պատմում Շուշիի մասին չտեսնված-չլսված հայտնություններ: Ինքն էլ՝ գիտնական, շարունակ հետազոտում էր Շուշիի անհայտ էջերն ու գրում գիտական հոդվածներ-գրքեր, դրանց հիման վրա ցուցահանդեսներ կազմակերպում՝ «Դարերի հանգրվանը», «Շուշիի հայ բնակչության 1920 թ. մարտյան ցեղասպանությունը», «Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը», «Շուշի քաղաքի հերոսական պաշտպանության 191-րդ տարեդարձը»: Որ աշխարհին ցույց տա Շուշին՝ հայկական, հերոսական, բազմահազարամյա, խոհուն ու գեղեցիկ:

Մենք թանգարանի այցելուն՝ իր հյուրն էինք 2018-ին. ցուցանմուշները համալրվել էին հնագիտական պեղումների գտածոներով: Հնագույն նյութերի սրահում ուշ բրոնզեդարյան, հելլենիստական և միջնադարյան կենցաղային իրեր էին՝ պղնձե կաթսա, կուժ, սափորներ, կշեռքներ, զենքի մնացորդներ, դեկորատիվ կիրառական արվեստի իրեր, զարդեր և այլն:

Շուշիի պատմության թանգարանում «Հարսանիք լեռներում» ռազմական գործողությունների մանրակերտն էր, որի մոտ Աշոտ Հարությունյանը պատմում էր Շուշիի համար ազատագրական պայքարի մանրամասները, այստեղ էին նաև պատերազմի ժամանակ գործածված զինատեսակներ, լուսանկարներ, հրազենային բեկորներ:

Թանգարանում շուշեցի մեծահարուստ բարեգործ Թադևոս Թամիրյանցի անկյունը ձևավորված էր 19-20-րդ դարերի կենցաղային իրերով. այստեղ հայելի-առաստաղի պատրանքն էր ստեղծված. առաստաղին հայելային նկարված էր հատակի գորգը: Այս անկյունում լուսանկարվում էին թանգարանի այցելուները՝ իրենց հետ տանելով հազարամյակների ներկայության ու հայոց հերոսական պայքարի զգացողությունը…

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը իմացանք, որ ընկել է Շուշին՝ ընկել-գրավվել-հանձնվել-գերվել… Այնտեղ են մնացել հազարավոր ապացույցները Շուշիի հայկականության, որոնց մի փոքրիկ մասը հիմա կարող եք դիտել այստեղ: Եվ տա Աստված, զորանանք՝ հոգով, ռազմական մտքով ու բազկով, ու կրկնենք այն սխրանքը. գերությունից ազատենք Ճերմակ Մարգարիտը՝ չքնաղ Շուշին:


Կարմեն Մարտիրոսյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում