Բելառուսի ԱԳՆ-ն ընդամենը արձագանքեց ՀՀ մեղադրանքին, ինչը վկայում է վատ կատարված կամ առհասարակ չկատարված «տնային աշխատանքի» մասին․ քաղաքագետ
copy image url

Բելառուսի ԱԳՆ-ն ընդամենը արձագանքեց ՀՀ մեղադրանքին, ինչը վկայում է վատ կատարված կամ առհասարակ չկատարված «տնային աշխատանքի» մասին․ քաղաքագետ

Ներքին 2 տարի առաջ - 13:56 03-11-2022
ՀՀ ԱԳՆ-ն և՛ բավականին թույլ էր արձագանքել, և՛ այն պետք է տեղի ունենար դիվանագիտական խողովակներով, և ո՛չ թե որպես դեկլարատիվ հայտարարություն։

Oragir.News-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 31-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի արած հայտարարությունների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ արձագանքին։

«Սովորաբար, հատկապես այսպիսի դեպքերում, հարաբերությունների պարզումը տեղի է ունենում դիվանագիտական խողովակների միջոցով։ Կարծում եմ, որ այդպես շատ ավելի արդյունավետ ու պտղաբեր կլիներ՝ այն իմաստով, որ որոշակի շոշափելի արդյունք կարող էր և տալ»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետի դիտարկմամբ, Բելառուսի նախագահի արած հայտարարությունն ավելի բազմաշերտ էր՝ հիմնված միջպետական հարաբերություններից բխող հարաբերությունների վրա։

«Այսինքն, սա ոչ թե պարզապես հայտարարություն էր, որին մենք պետք է արձագանքեինք, այլ սա հայտարարություն էր, որի տակ կային խորքային խնդիրներ։ Այդ խորքային խնդիրներն, իմ պատկերացմամբ, պետք է փորձ արվել արձագանքել և լուծել՝ այլ միջավայրում»,- ասաց փորձագետը։

Նա հիշեց ավելի վաղ հայտնած տեսակետն այն մասին, որ Լուկաշենկոյի շուրթերից հնչած հայտարարությունները ՀԱՊԿ անդամ նաև մյուս երկրների տեսակետն էր։ Դիտարկմանը, որ ԱԳՆ հրապարակային հայտարարությունն արվել է ի պատասխան Լուկաշենկոյի նույնպիսի հրապարակային հայտարարություններին, որոնց կարող են հետևել նաև կուլիսային աշխատանքները՝ քաղաքագետն արձագանքեց․ «այդ հայտարարությունը կարող էր արվել երբ արդեն որոշակի աշխատանքներ արված լինեին «կուլիսներում»։

«Հրապարակային հայտարարություն՝ պայմանով, որ արդեն կատարվել է, այսպես ասենք, «տնային աշխատանքը»։ Դա հենց այդ դիվանագիտական խողովակներն էին, որոնց միջոցով պետք է կատարվեր։ Հետո, երբ հնչեր արդեն հրապարակային արձագանք՝ ապա, նաև հակառակ կողմից հնչող արձագանքը մեզ համար շատ ավելի ընդունելի արձագանք կլիներ։

Բայց, դատելով Բելառուսական կողմից հնչած արձագանքից՝ կարող եմ ասել, որ նախապես որևէ աշխատանք չէր տարվել և նրանց ընդամենը արձագանքեցին Հայաստանի կողմից հնչեցված մեղադրանքին։ Իսկ սա արդեն վատ է և վկայում է վատ կատարված կամ առհասարակ չկատարված «տնային աշխատանքի մասին»,- ասաց Արա Պողոսյանը։

Քաղաքագետն անդրադարձավ նաև ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությանը, որտեղ նա հայտարարել էր, թե Լուկաշենկոյի հայտարարությունն այլ շահառու ունի։ «Այսինքն, սա, ըստ էության, իհարկե, խոսում է նաև հարաբերությունների ճգնաժամի մասին»,- եզրափակեց նա։

Նազելի Ստեփանյան