Ինչպես հայտնի է, բուհական համակարգում բարեփոխումների անվան տակ Կառավարությունը սկսել է բուհերի վերամիավորման գործընթաց։ Մի քանի օր է՝ Բրյուսովի պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա էին անում, քանի որ տեղեկացել էին, որ շրջանառվող գաղտնի նախագծով նախատեսվում է երեք բուհ միավորել, դրանք են՝ Բրյուսովը, Մանկավարժական համալսարանը և Ֆիզկուլտինստիտուտը։
Oragir.news-ի տեղեկություններով՝ բուհերի միավորումը այսքանով չի ավարտվելու, քննարկվում է նաև տնտեսագիտական համալսարանը ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետին միավորելու հարցը։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանն
Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ նման տեսակետի դիրքորոշման կամ փաստաթղթի մասին տեղյակ չէ։ «Տնտեսագետկանի միավորման թեմայով զրույց դեռևս չի եղել, հետևաբար, ես գնահատականներ չեմ կարող տալ, քանի դեռ կոնկրետ ինչ -որ բան ինձ չի ասվել»։
Անդրադառնալով բուհերի միավորման գաղափարին՝ նա ասաց, որ բուհերի խոշորացումների կարիք կա․ «Բոլորս էլ գտնում ենք, որ բուհական համայնքում խոշորացումների, միավորումների կարիք կա, այստեղ խնդիրն այն է, որ միավորումների ժամանակ անպայման պետք է հստակեցվեն միավորման սկզբունքները։ Մենք նաև ծանոթացել ենք նոր օրենքի նախագծի հետ, որը այս պահին շրջանառվում է։ Այնտեղ նշված է, որ 8 ոլորտային բուհ պետք է լինի։ Հետևաբար, ես կարծում եմ, որ պետք է մասնագիտական քննարկումներ լինեն, որպեսզի մենք հասկանանք, թե որոնք են այն 8 ոլորտները, որոնց շրջանակներում պետք է բուհերը գործեն, ինչ սկզբունքներով միավորումները պետք է տեղի ունենան, արդյոք դա պետք է լինի մասնագիտական ուղղվածության, որոկավորումների ուղղվածության, ինչ ոլորտներում դա պետք է լինի։ Ընդհանուր առմամբ՝ պրոցեսին, կարծում եմ, որևէ մեկը դեմ չէ։ Խնդիրը սկզբունքների հստակեցման ամբողջ պատկերը ձեռքի տակ ունենալ ու այդ գործընթացի մասնակցայնությունն ապահովելու մեջ է»։
Նշենք, որ ավելի վաղ իշխանությունները հայտարարել էր Աշտարակում ակադեմիական քաղաք ստեղծելու մասին, որտեղ պետք է տեղավորվի 8 բուհ, ստեղծվեն ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար անհրաժեշտ բոլոր պայմաններ, բնակելի հատվածներ, հետազոտական կենտրոններ, զբոսայգի, ամֆիթատրոն: Քաղաքը նախատեսված է լինելու մինչև 50 հազար անձի համար և նախատեսվում է տեղակայել ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների և Ռադիոֆիզիկայի ու էլեկտրոնիկայի ինստիտուտների ու հարակից այլ տարածքներում:
Նշենք նաև, որ ակադեմիական քաղաք ստեղծելու ֆոնին բուհերի միավորման, բուհական շենքերի օտարման թեման շարունակվում է մնալ օրակարգային, քանի որ մեկ տարի առաջ հենց Փաշինյանն էր հայտարարել բուհերի վաճառքի և այդ վաճառքից գոյացած գումարով ակադեմիական քաղաք ստեղծելու մասին։ Թերևս դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս կամ այն բուհի փակվելու մասին տեղեկությունների տարածումից հետո սկսում են փնտրել այն գործարարին, ում կվաճառվի բուհի շենքը էլիտար թաղամաս կամ հյուրանոց կառուցելու համար։