Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 06-11-2026

Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրային գործիչ Դանիել Իոաննիսյանը ուշագրավ հրապարակում է արել։ «Սոցհարցումները հետաքրքիր հակասություն են բացահայտում․ հայ երիտասարդներն ավելի ազատական են, բայց մյուս տարիքային խմբերի համեմատ՝ նաև ավելի ռուսամետ»,- գրել է նա և հարց ուղղել՝ ինչո՞ւ են ազատություն սիրող երիտասարդների շրջանում ռուսամետներն ավելի շատ, քան մյուս տարիքային խմբերում։

Սա առաջին հայացքից իսկապես պարադոքսալ երևույթ է։ Երիտասարդները ծնվել են անկախ Հայաստանում։ Ենթադրելի է, որ նրանք պետք է անկախությունն ամեն ինչից վեր դասեն։ Դրանից զատ՝ երիտասարդների ընկերներն ու եղբայրներն են զոհվել վերջին պատերազմներում հանուն հայ ժողովրդի ազատության։ Նրանք գիտեն, որ Արցախի զավթման, Արցախում հայերի զինաթափման, Արցախից հայերի բռնի տեղահանման, Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածների զավթման ժամանակ Մոսկվան աջակցել է Բաքվին։ Ռուսաստանը չի դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ, 2022-ի սեպտեմբերի 15-ին ՄԱԿ ԱԽ նիստում չի ճանաչել ՀՀ ինքնիշխան իրավունքներն ու դրանց խախտման փաստը։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է երիտասարդը ռուսամետ դառնալ այսօր։

Երիտասարդի աշխարհայացքը ձևավորվում է ընտանիքում, դպրոցում, փողոցում, բուհում, եկեղեցում, քաղաքական քարոզչության արդյունքում։ Փորձենք հասկանալ, թե որտե՞ղ և ինչի՞ արդյունքում է երիտասարդը ռուսամետ դառնում։

Ընտանիքում տատիկ-պապիկները կարոտով են հիշում խորհրդային բռնազավթման տարիները, քանի որ այդ ժամանակ երիտասարդ են եղել։ Նրանց պատմությունների ազդեցությամբ երիտասարդի մոտ կարող է ձևավորվել ռուսամետ դիրքորոշում։ Սա հնարավոր է այն դեպքերում, երբ երիտասարդը երևակայություն չունի, ծնողներն անկիրթ են և ռուսախոս, ՌԴ-ում ապրող հարազատներն ազդում են երիտասարդի աշխարհայացքի ձևավորման վրա։

Փողոցում դոմինանտ են խուլիգանները, քրեական ենթամշակույթի կրողները։ Նրանց այդքան չի հետաքրքրում քաղաքականությունը։ Սակայն ռուսական հատուկ ծառայություններն այս դաշտում ևս ունեն իրենց գործակալներին, որոնց քարոզի ազդեցության տակ ընկնող թույլ երիտասարդը կարող է ռուսամետ դառնալ։

Դպրոցում գրեթե բացառվում է, որ դպրոցում այդ աստիճանի անկիրթ ուսուցիչ լինի, որ ռուսամետություն քարոզի։ Հետևաբար՝ երիտասարդները դպրոցում չեն ռուսամետ դառնում։

Բուհի պարագայում միանշանակ չէ։ ՀՀ-ում կան ռուսական բուհերի մասնաճյուղեր, որտեղ, ենթադրաբար, կարող են ռուսամետություն քարոզել։ Մյուս բուհերում գրեթե բացառվում է, որ նման այլանդակություն քարոզեն։

Եկեղեցում քաղաքական քարոզչություն չկա։ Հոգևորականները մշտապես հանդես են գալիս անկախության դիրքերում։ Ուստի՝ հավատացյալ երիտասարդը եկեղեցում չի ռուսամետ դառնում։

Հարկ է հաշվի առնել, սակայն, որ Հայաստանում մեծ թվով ռուսական գործակալներ կան, որոնց առաջնային թիրախում երիտասարդներն են, քանի որ նրանց աշխարհայացքը ձևավորման փուլում է։ Երիտասարդներին համեմատաբար հեշտ է ազդեցության տակ գցելը և հավաքագրելը, քան հասուն տարիքի մարդկանց, որոնց մեծ մասի աշխարհայացքը ձևավորված է, և նրանց տարհամոզելը բարդ է։ Երբ երիտասարդները մեծանում են, նրանց մի մասը կարողանում է դուրս գալ ռուսական քարոզի տակից։ Սրանով էլ բացատրվում է, որ երիտասարդների շրջանում ռուսամետ դիրքորոշում ունեցողներն ավելի շատ են, քան տարիքային այլ խմբերում։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ երիտասարդները ռուսամետ են դառնում թիրախավորված քաղաքական քարոզչության արդյունքում։

Երիտասարդների շրջանում ռուսամետությունը ազգային անվտանգության ռիսկ է պարունակում։ ՌԴ-ն իմպերիալիստական նկրտումներ ունի, ձգտում է վերականգնել երբեմնի ազդեցության գոտիները։ Այսօր էլ ռուսական շուկան փակում են հայկական ապրանքների առաջ, Մոսկվան սպառնում է թանկացնել գազը և այլն։

Ի վերջո՝ երիտասարդների ռուսամետությունը ուղիղ թելադրվում է քաղաքական գործիչներից։ Ընդդիմադիր երկու խմբակցություններին հանդիմանում են ռուսական շահեր սպասարկելու մեջ։ Նրանք շատ փող ունեն։ Երիտասարդների մեծ մասը շատ է ծախսում, փողի կարիք ունի։ Այս առումով բնական է երիտասարդի հետաքրքրությունը ռուսամետ այս ուժերի հանդեպ։ ՔՊ-ն էլ շատ հարցերում ռուսամետ դիրքորոշում է արտահայտում։ Երիտասարդն էլ կրկնում է ԱԺ կուսակցությունների խոսույթն ու ինքն էլ ռուսամետ դիրքերում կանգնում։


Թաթուլ Մկրտչյան