Ուղիղ եթեր
Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:30 07-07-2022

Ամարաս՝ 4-րդ դար, Մաշտոցի դպրոց՝ 5-րդ դար, իսկ ո՞ւր էր թուրքը, կա՞ր

Ի՞նչ զգացողություն կունենա հայ բանաստեղծը, երբ եկեղեցու սպասավորը, կես քայլ առաջ ընկած, ուղեկցում է մի շինություն՝ կամարե առաստաղով ուղղաձիգ սրահ, և ասում, որ սա է Մաշտոցի հիմնած առաջին դպրոցը: Ձեռքով ցույց է տալիս առաստաղի մեջտեղում ելուստներով գրված հայոց տառերը: Փորձում եմ կարդալ․ խամրած են: Կարծես գրված է՝ Աստված: Չգիտեմ՝ այդպե՞ս է, թե՞ իմ ցանկությունն է. դժվարանում եմ հստակ ընթերցել:

Ուղեկցողիս ասում եմ՝ գնա: Նստում եմ պատի տակ ընկած խոշոր քարին և միտքս ճկում՝ 16 դար ետ գնալ, տեսնել, թե ինչպես են նստել աշակերտները կամ գուցե ծնկա՞ծ են եղել, ինչպես և որտեղ է Մաշտոցը գրել տառերը՝ ուսուցանելով սաներին: Չեմ նախանձում, չեմ էլ խանդում այդ ծնկած ու խոնարհ տղեկներին, բայց ուզում եմ գոնե մեկ րոպե ինձ նրանցից մեկը զգալ: Իրական տեսնել Մաշտոցին ուսուցչություն անելիս, որին աշակերտում եմ ես: Տեսիլքը չի ստացվում, ժպտում եմ, ախր ես Կորյունը չեմ: Բայց ես նրա աշակերտն եմ, և Մաշտոցը 16 դար, առանց բացառության ու խտրության, նրա հետ է, ով առաջին անգամ հայոց տառերն է գրում՝ թկուզ անվարժ, թեկուզ ծուռտիկ-մուռտիկ. դրանից Ուսուցիչը չի նեղանում: Եվ այդ աստվածային պահը տեսիլք չէ, իրականություն է: Արդեն բակում ձեռքս պարզում եմ լուսամուտից ներս և ուղեկցողիս ասում՝ սա է մեր Սրբությունը:

Ուղեկցողս՝ վանքի հսկողն ու պահապանը, ձեռքը պարզում է հորիզոնից էլ վեր և ասում՝ Լուսավորչի սարն է, տեսնո՞ւմ ես դեմքը: Իսկապես, պառկած մարդու կիսադեմով հսկայական քարաքանդակ գլուխ է երևացողը՝ ծնոտը, քիթը, ճակատը: Ասում է, որ Լուսավորիչը երեք օր ճգնել է սարի վրա, աղոթել մեր Տիրոջը և տեսիլք ունեցել, որ հենց այստեղ պետք է կառուցի վանքը: Իսկ հետո, մեր Տիրոջ կամքով, սարը ստացել է Լուսավորչի դիմաքանդակը՝ այս հրաշքը հավերժ վկայելու համար որպես աստվածային իրականություն:

Հետգրության կամ հավելվածի պես ուզում եմ թուրքերին և նրանց մնացուկ ազերիներին փաստել, որ Ամարասի հայկական առաքելական վանքային համալիրը Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մերձակայքում է՝ Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։ Ուզում եմ փաստել, որ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Գրիգորիսը՝ Լուսավորչի թոռը, որ նահատակվել է Աղվանքում քրիստոնեություն տարածելու առաքելության ընթացքում՝ 338թ․-ին։ Իսկ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։
Մի բան էլ հիշեցնեմ. խարխլված եկեղեցին վերականգվել է 1858թ․-ին՝ շուշեցի հայերի օժանդակությամբ, իսկ 1898թ․-ին շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը պատրաստել է Գրիգորիսի նոր տապանաքար։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել