Oragir.news-ի տեղեկություններով՝ դոլարի փոխարժեքի աննախադեպ անկման պատճառով բանկերը դադարեցրել են նորակառույցների շինարարության վարկավորումը։ Բանն այն է, որ վարկավորումն է իրականացվում դոլարի համարժեք դրամով, մինչդեռ շինանյութի արժեքը չի նվազել։
Արդյունքում կառուցապատող ընկերությունների կազմած նախահաշվարկներում և ընթացիկ ծախսերում մոտավորապես 20 տոկոսով շեղում է արձանագրվում։ Ուստի ոչ միայն ընկերություններն են խուսափում վարկ վերցնելուց, այլև բանկերն են խուսափում են վարկավորում իրականացնելուց, քանի որ գիտակցում են, որ վարկառուի համար բավական ծանր բեռ է լինելու, ու ընկերությունները չեն կարողանալու իրականացնել վարկի սպասարկում։
Oragir.news-ը խնդրի առնչությամբ պարզաբանում խնդրեց Կենտրոնական բանկից։ Մեզ հայտնեցին, որ նորակառույցների շինարարության վարկավորման դադարեցումը համատարած բնույթ չի կրում։ Խոսքը մասնավոր դեպքերի մասին է։ Բանն այն է, որ կան կառուցապատողներ, որոնց դոլարային վարկային բեռը բավական մեծ է, ու այդ պարտքը սպասարկելու խնդիր կա, ուստի բանկերը դադարեցրել են նման կառուցապատողների հետագա վարկավորումները։ Մեզ վստահեցրին, որ սա համակարգային բնույթ կրող երևույթ չէ։