Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 ամիս առաջ - 15:52 05-07-2026

Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան

Այսօր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է։ Սակայն այս տարվա հուլիսի 5-ը դժվար է լիովին տոնական համարել, քանի որ այն ստվերվել է Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշմամբ։

Սահմանադրական դատարանի առաքելությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության գերակայության ապահովումն ու սահմանադրական կարգի պաշտպանությունն է (ՀՀ Սահմանադրություն, հոդված 162 և 164)։ Երեկ ՍԴ-ն ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով հաստատվեցին հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքները։

Այդ որոշմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմտավ Ազգային ժողով, չնայած՝ մինչև որոշ ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը, այն գտնվում էր անցողիկ 4 տոկոսի շեմի վերևում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել մի քանի ընտրատեղամասերի արդյունքները, սակայն չի նշանակել վերաքվեարկություն, ինչը հակասում է Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածին։ Արդյունքում ոտնահարվեցին ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքները (ՀՀ Սահմանադրություն, հոդված 7՝ ազատ, հավասար և ուղղակի ընտրությունների սկզբունքը)։ Ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը լրջորեն խաթարվեց։

Սահմանադրական դատարանը պետք է լիներ վերջին սահմանադրական ատյանը, որը կկանգնեցներ հնարավոր խախտումների ճանապարհին և կվերականգներ ընտրական արդարությունը՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն (ՀՀ Սահմանադրություն, հոդված 61)։ Փոխարենը, որոշումը հաստատեց գործող ստատուս քվոն՝ առաջացնելով լուրջ հարցեր դատարանի անկախության և Սահմանադրությանը հավատարմության վերաբերյալ։

Սահմանադրությունը չի պաշտպանվում միայն տոնական ուղերձներով կամ հանդիսավոր հայտարարություններով։ Այն պաշտպանվում է անկախ դատական ինստիտուտներով, ազատ ու արդար ընտրություններով և պետական մարմիններով, որոնք հավատարիմ են մնում սահմանադրական առաքելությանը։ Երբ այդ ինստիտուտները չեն կարողանում լիովին ապահովել Սահմանադրության գերակայությունը, վտանգվում է ոչ միայն իրավական պետությունը, այլև ժողովրդավարության հիմքը։

Այսօր Սահմանադրության օրն է։ Սակայն հուլիսի 4-ի որոշումից հետո առավել քան երբևէ արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել հենց այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պահպանությունը։ Այս մարտահրավերը պահանջում է ընդդիմության համախմբում և հանրային-քաղաքական պայքար՝ ի շահ իրական ժողովրդավարության և Սահմանադրության գերակայության։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում