Ուղիղ եթեր
Գայլաձուկը, կարապներն ու խեցգետինը
copy image url

Գայլաձուկը, կարապներն ու խեցգետինը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 15:00 08-06-2022
Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչու մեզ՝ հայերիս, այդպես էլ չի հաջողվում պետություն կայացնել: Դե այնպիսին, էլի, որը կանխատեսելի ու երաշխավորված ապագա կունենար, այնպիսին, որը դրացիների նախանձը կշարժեր ու աշխարհի տարբեր ծագերում «ծվարած» իր տարագիր որդիների ետդարձի փարոսը կդառնար: Ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, այս էլ որերորդ անգամ հայտնվում հայրենազրկման վտանգի շեմին, ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի կամ ո՞ր թերացման համար: Հնարավո՞ր է՝ մի ազգ, որը հպարտանում է իր հինգհազարամյա պատմությամբ, պետության կայացման հարցում այդքան ապաշնորհ լինի:

Լավ, ի վերջո, որտե՞ղ է թաքնված գաղտնիքը, որտե՞ղ պիտի փնտրել թնջուկի պատասխանը: Նախորդ հրապարակումներից մեկում նշել էի, որ ըստ իս՝ առաջ շարժվելու պարտադիր պայմանը իրականության վերաբերյալ ճշմարիտ պատկերացում կազմելն է, այլ կերպ՝ մեր ամբողջ պատմությունը աուդիտի ենթարկելը, «ցորենը թեփից» զատելը, պատմության ընթացքին ու պատմական անցքերին գնահատական տալը: Ու քանի դեռ մենք մերժում ենք պետականաշինության համար առանցքային նշանակություն ունեցող այս մոտեցումը, մենք դատապարտված ենք ձախողման, մենք մեզ համար բախտորոշ, ճակատագրական պահին կրկին սայթաքելու ենք:

Քավ լիցի, նպատակս բնավ էլ մեր ազգի անցյալի փառավոր էջերի վրա ստվեր գցելը չէ: Ինձ առավելապես զարմացնողը, չգիտես ինչու, ամենայն տքնաջանությամբ գաղտնի պահվող պատմական որոշակի դեպքերի հետ կապված քար լռությունն ու դրանց վրա աչք փակելն են: Ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, այդքան սիրում պատմությունը և ոչ երբեք գնահատականներով, դիրքորոշմամբ ու օրինաչափությունների դուրս բերմամբ առանձնացող պատմագիտությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ, սրբադասված, «բարոյական հաղթանակ» տարած Վարդան Մամիկոնյանին բոլորն են ճանաչում, իսկ ա՜յ որպես դավաճան ներկայացվող (իրականում դիվանագիտական բացառիկ շնորհով օժտված) Վասակ Մամիկոնյանի՝ հանիրավի ոտնահարված «պատվի ու արժանապատվության» վերականգնման խնդիրը մտահոգել է միայն Դերենիկ Դեմիրճյանին, որի «Վասակ» դրամային թերևս ծանոթ են բանասիրական ֆակուլտետի ուսանողները միայն։ Կամ ասենք ինչպես է Հայոց պետականության կորստյան գլխավոր մեղավորներից մեկը՝ դավաճան Պետրոս Գետադարձ կաթողիկոսը, հայտնվել սրբոց պանթեոնում։ Ինչո՞ւ դրան քաղաքական գնահատական այդպես էլ չի տրվում:

Միգուցե հենց դա է պատճառը, որ այդ արատավոր պրակտիկան շարունակվում է նաև մեր օրերում: Որևէ իշխանություն ցայսօր նախորդ իշխանությունների գործելակերպին քաղաքական գնահատական այդպես էլ չի տվել: Չի տվել թերևս իր օրոք դրսևորվելիք «արատների լիմիտից» օգտվելու հեռահար հաշվարկով։ Հետաքրիր է, չէ՞, վերջին երեսնամյակում, օրինակ, իրար հերթագայած իշխանությունները չեն դարձել «նույն գործի» շարունակողները: Յուրաքանչյուր նոր իշխանություն, որպես կանոն, մերժել է նախորդների գործելաոճը՝ սեփական շինարարներին «վստահելով» ապագա կառույցի անկյունաքարի հիմնարկեքը…

«Կարապը, խեցգետինն ու գայլաձուկը» առակը ասես մեր նորօրյա պատմության համառոտագրությունը լինի: Առավել քան ակնառու է ընդհանուր նպատակի բացակայությունը: Այս ֆոնին չարենցյան «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» պատգամը սոսկ բարի ցանկության դրսևորում է միայն, ոչինչ ավելին: Տարօրինակ է, չէ՞, չեղած տեղից ազգ կրթած Աթաթուրքի ֆենոմենը կամ ասենք մեզնից «ավարա» հրեաներին «գործի դրած» Թեոդոր Հերցել և Գոլդա Մեյիր ուսումնասիրելու փոխարեն՝ մենք նորից մեր հայացքն ուղղում են «օրորոցին»…

Լավ, մինչև ե՞րբ, էլի որքա՞ն պիտի սպասենք, որ «մեր երկրէն փախ տա ձմեռ»․․․

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ

Ձեզ գուցե հետաքրքրի