Յո՞ երթաս…
copy image url

Յո՞ երթաս…

Միտք Ներքին 2 տարի առաջ - 17:52 03-06-2022
«Դիմադրություն» հռչակված շարժման ներկայացուցիչների՝ անհնազանդների տներում կռիվ է ընկել…

Ընտանիքի կանայք փնովում են իրենց անճարակ, անվճռական ամուսիններին, ամուսինները՝ համբերություն չունեցող կանանց: Տան երեխաներն էլ անասելի հոգնել են թե՛ իրենց ծնողների անպտուղ, անիմաստ վեճերից, թե՛ դրա դրդապատճառ միահեծան Նիկոլի «պնդաճակատությունից»: Ապաշնորհ, անկամ, հողատու, յոթ երկրի լրտես և դավաճան որակումներին արժանացած վարչապետի տապալման ժամանակացույցը բողոքավորների կողմից անհայտ պատճառներով «վերանայվում» է։ Այդ իսկ պատճառով էլ անորոշությունից թևաթափ կանայք մտադիր են հանդես գալ ամուսիններին ուղղված «Արի՛ տուն» պահանջով…

Երեխաների նման՝ անվերջության միտող անիմաստությունից հոգնել է նաև արդեն տևական ժամանակ կյանքի բնականոն ռիթմից և ուղուց շեղված, շոգ ու տապին Սարյան փողոցում գոյացող, պարբերական դարձած խցանումներում հայտնվող, կրիայի վարք դրսևորող հանրային տրանսպորտի աշխատանքից անասելի դժգոհ ժողովուրդը: «Մինչև ե՞րբ է շարունակվելու այս մազոխիզմը»,- հուսադրող պատասխան լսելու ակնկալիքով փորձում են տեղեկանալ վերջիններս:

Ֆրանսիայի հրապարակն էլ իր հերթին է սկսել նյարդայնացնել հարակից շենքերի բնակիչներին: Հիգիենայի հետ կապված խնդիրների պատճառով այն սկսել է հիշեցնել միջնադարը, երբ անասելի մեծ էր համաճարակի բռնկման վտանգը: Հիգիենայի հետ կապված խնդիրներից զատ՝ հարակից շենքերի բնակիչները սկսել են նեղսրտել նաև թե՛ մասնակիցների նույնաբնույթ, խիստ վերացական ելույթներից, թե՛ դրանցում նկատվող, խորհրդային ժամանակներին պատշաճող, չարդարացված պաթոսից: Անվերջ վերադարձի նմանվող մղձավանջը սկսել է հունից հանել անգամ ամենահավասարակշիռներին:

Իսկ մարդկանց գերակշիռ մասին մի բան է հետաքրքրում՝ ինչն ինչով և ինչու է փոխվելու, որն է «գործողների» մերժման հստակ այլընտրանքը: Կոնկետ ի՞նչ քայլերի, ներքին ի՞նչ ռեսուրսների հաշվին: Առաջարկվող այլընտրանքը մեր երկրի ինքնիշխանության համար վտանգներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Ի վերջո, շարժման «ուղեղային կենտրոնին» չի՞ մտահոգում արդյոք վարկաբեկված նախկինների «արթուն ներկայությունն» իրենց շարքերում: Վերջիններիս «փառահեղ» վարկն ու երբեմնի իմիջը որքանո՞վ են նպաստում շարժման հաջողությանն ու հաղթանակին: Չէ՞ որ հայտնի է, որ շատ հաճախ առաջարկվող «դեղամիջոցները» բուն հիվանդությունից ավելի վտանգավոր են լինում: Արդյո՞ք սա այդ դեպքն է:

Շատերին հետաքրքրում է նաև, թե ինչպիսին է Ռոբերտ Քոչարյանի կամ, ասենք, Ազատիչի դեմքի արտահայտությունը՝ Իշխան Սաղաթելյանի՝ ժողովրդին տված թալանվածը լումա առ լումա վերադարձնելու խոստումը լսելիս… Շարժման «ներին» ինքն իր տված խոստման իսկությանը հավատո՞ւմ է… Դիտորդ-վերլուծաբանների դիտարկմամբ՝ շարժումը մոտ է ինքնասպանությանը, եթե, իհարկե, չգտնվի ասպարեզից արժանապատվորեն հեռանալու տարբերակը: Նրանք կարծում են՝ «բետոնին» պարտվելուց խուսանավելու և դեմքը փրկելու համար «մի մուշտի» է անհրաժեշտ: Այդ դեպքում արդեն բողոքավորների ցանկալի քանակի ապահովման խնդիր էլ չի առաջանա, ու «հարցը» կտեղափոխվի իրավական հարթություն: Ինչպես կասեին ռուսները, «концы в воду…»:

Ձեզ գուցե հետաքրքրի