Դրամաշորթությունը առցանց տիրույթում ավելանում է․ խոսում է մասնագետը
copy image url

Դրամաշորթությունը առցանց տիրույթում ավելանում է․ խոսում է մասնագետը

Ներքին 2 տարի առաջ - 22:21 01-06-2022

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

Վերջին շրջանում շատ են այն դեպքերը, երբ մարդիկ List.am-ով ապրանք վաճառելիս կամ տուն վարձակալությամբ տալիս կանգնում են ֆինանսական կորուստների առաջ։ Պոտենցյալ «գնորդը» կամ «վարձակալը», հիմնականում WhatsApp-ով, կապ է հաստատում ապրանքի կամ բնակարանի տիրոջ հետ ասում, որ այդ պահին բավականին հեռու է գտնվում, երկրում չի կամ հեռավոր մարզից է, չի կարող կանխիկ ինչ-որ փոխանցում անել, պահանջում է տվյալներ անկանխիկ փոխանցման համար, այդ թվում՝ բանկային քարտի համար, որոնք ձեռք բերելու դեպքում կարողանում է քարտից գումար հանել։ Այս թեմայի շուրջ զրուցելու համար Oragir.news-ը կապ հաստատեց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում, անդրադառնալով առկա խնդրին, ասաց. «Վերջին շրջանում շատ են խաբեության դեպքերը։ Մարդիկ կան՝ ինչ-որ բան են ծախում և այլն, բայց լինում է նաև հակառակը՝ իրենք են ինչ-որ բան վաճառում, կապի են դուրս գալիս մարդկանց հետ, փորձում են քննարկել, թե ոնց ապրանքը փոխանցեն և ստանան։ Գրեթե միշտ այդ մարդիկ ներկայանում են այնպես, որ հեռու են չեն կարող հասնել, դրանից հետո մարդուն ուղարկում են հղում՝ անկանխիկ վճարվող ինչ-որ ծառայություն, որ փոխանցում են իրականացնում, տարբեր հղումներ են ուղարկում, որոնք կարող են լիարժեք չլինել, քանի որ իրականում կեղծ են։ Ամբողջ իմաստն այն է, որ մարդիկ հղումով գնան, լրացնեն տվյալները, որոնց մեջ են մտնում նաև բանկային քարտի տվյալները։ Տարբեր հղումներ են ուղարկվում, որոնք իրականում կեղծ հղումներ են։ Մարդկանց թվում է, թե վճարում են անում, բայց իրականում միայն քարտային տվյալներ են մուտքագրում։ Դա ուղարկողի կեղծ էջն է, որը, այդ տվյալներն օգտագործելով, հետագայում գումար է հանում քարտից»։

Փորձագետը մեզ հետ զրույցում ասաց, որ հասարակությունը բավականին զգույշ պետք է լինի։ Երբ իրենց ինչ-որ հղում են փոխանցում, որտեղ պետք է լրացնեն տվյալներ, լավ կանեն ստուգեն։

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր նման խնդրի են բախվել, փորձագետն ասաց. «Քաղաքի կեսը տուժել է, ուղղակի որպես կանոն գրեթե ոչ ոք չի ուզում խոսել և խոստովանել, որ անուշադիր է եղել»,- ասաց փորձագետը։