Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:56 20-05-2022

Պանիկովսկիների և կորեյկոների հայրենիքը

«Չէ՛, չէ՛, Շուրա՛, գնացեք Կիև և հարցրեք, թե ով էր Պանիկովսկին մինչև հեղափոխությունը …»: Հայտնի ստեղծագործության կինոտարբերակի համապատասխան հատվածը հիշեցի՞ք: Ծերուկ գրպանահատի հորդորին անսալով ու պատմական փոքրիկ էքսկուրս կատարելով՝ կարելի է արձանագրել, որ հեղափոխական շրջանները, որպես կանոն, նշանավորվում են «գոլֆստրիմ» հոսանքներով, որոնք ասպարեզ են բերում նորահայտ դեմքերի՝ իրենց՝ չգիտես որտեղից, երբ և ինչպես կուտակած աստղաբաշխական հարստությամբ:

«Օդից փող բռնած» նորահայտ Կորեյկոներն իրենց հայտնությամբ հանրային շրջանակների ուշադրությանը թերևս չարժանանային ու նույն այդ հանրության զարմանքը չհարուցեին, եթե չլինեին «անէությունից» ծլած կորեյկոյատիպ մեծահարուստների՝ հիշողությունը դեռևս չկորցրած ժամանակակիցները: Վերջիններս, որքան էլ ճգնում են մտքներին զոռ տալ, ոչ մի կերպ մտաբերել չեն կարողանում, որ հիշատակածս մարդիկ երբևիցե այդքան ունեցվածքի տեր եղած լինեն:

Դիտորդների հավաստմամբ՝ հետհեղափոխական շրջանները, որպես կանոն, նշանավորվում են մետամորֆոզ զարգացումներով ու աներևակայելի կերպափոխությամբ: Երբեմնի բեռնակիրը, շարքային ոստիկանն ու «Kapшелк»-ի «պարտկոմը» նոր ժամանակներում սկսել են նմանվել հայտնի հեքիաթի մարկիզ Կարաբասներին, հենց ում էլ պատկանում է օդում, ջրում, ցամաքում հանդիպող ամեն ինչ: Վերջիններս իրենց «թամբին» եղած ժամանակահատվածում աջ ու ահյակ պատահած ամեն ինչ իրենցով են արել: Նրանք իրենց «քրտնաջան» թալանի հաշվին ապահովել են անգամ իրենց «իրավահաջորդ» 18-րդ սերնդի երաշխավորված ապագան: Բայց, ինչպես արդեն նշեցի, նրանց ժամանակակիցները շատ լավ հիշում են, թե ովքեր էին նրանք մինչև հեղափոխությունը: Նորահայտ մեծահարուստների երբեմնի դրկիցները շատ լավ են հիշում թե՛ նրանց բուլատե ատամնաշարն ու մգացված ապակիներով «Զապորոժեցները», թե՛ այն շապիկները, որոնցով վերջիններս հայտնվեցին «Մեծ» քաղաքում:

Հետհեղափոխական շրջանում, երբ նրանք հայտնվեցին իշխանության «Պառնասում», նրանց կողմից սեփականաշնորհվեց Երևանի ամբողջ կենտրոնը: Ինձ համար, օրինակ, այդպես էլ հանելուկ է մնում, թե որտեղից նրանց այդքան միջոցներ: Դուք կարո՞ղ եք ասել, թե որտեղից, օրինակ, Ռադիկ Մարտիրոսյանի դասախոս որդուն առնվազն 150-200 հազար դոլար, որ նա կարողանար բնակարան գնել Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերից մեկում: Կամ, ասենք, մի պահ պատկերացրեք, թե ինչ միջոցների տեր պիտի լինես, որ ներկա պահին հետախուզման մեջ գտնվող մագնատներից մեկի նման «Հաղթանակ» զբոսայգու տարածքում (որին ժողովուրդը «Թալանթաուն» անունն է տվել) կառուցած ապարանքի հարևանությամբ գնված երկհարկանի տունը հիմնիվեր քանդես՝ տեղը պուրակ կառուցելու համար…

Իսկ այս կարգի փաստերն ու թալանչիներն անհամար են: Այսպես կարող է վարվել միայն երկիրը թալանած «ասպատակը» կամ, ասենք, պոտենցիալ գաղթականը, քանի որ նրանք իրենց տեր չեն զգում, քանի որ իրական հայրենիքը նրանց համար սոսկ հոշոտման օբյեկտ է, ոչինչ ավելին: Հետևաբար այս տեսակը, համազգային ամնիստիայի ու հրապարակային ապաշխարման փոխարեն, լժեհայրենասիրության միջոցով իշխանափոխության չպիտի հասնի, ազնիվ լինելու դեպքում էլ ազգի սերուցքը համարվող զոհված պատանիների գերեզմանների առջև պիտի նաև խոստովանի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացված սպանդի համար նաև ինքն է պատասխանատու, իր մեղսակցությունն էլ կա: Քանի որ վերջին տասնամյակների ընթացքում հայրենի երկրի սահմանների փոխարեն «ամրացրել» է սեփական ապարանքի պատերը: Ի վերջո, նրանք բոլորն էլ պիտի գիտակցեն, որ երկրի վայրագ հոշոտման հաշվին կուտակած աստղաբաշխական միջոցները դղյակներ ու թանկարժեք մեքենաներ դառնալու փոխարեն պիտի ծառայեին Հայաստան երկրի բարգավաճմանն ու ամրապնդմանը: Միով բանիվ՝ երաշխավորված ապագային:

Հ.Գ. Ավանդապաշտ Անգլիայի երդվյալների դատարանում ձևավորված ավանդույթ էր գործում: Երդվյալները կարևորագույն վճիռներ կայացնելուց առաջ այցելում էին գերեզմաններ ու մտորման համար այնտեղ անցկացնում մի քանի ժամ: Կյանքի անցողիկության ու հավերժի գոյության միտքն էլ նպաստում էր նրանց՝ խղճի մտոք որոշումներ կայացնելուն: Ըստ իս՝ սա ուսանելի պատմություն կարող է լինել կատարվածի դիվայնությունը գիտակցած, իրենց սերունդներին նզովքի չմատնած տեսակի համար…

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան