Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 17:17 06-05-2022

Կորյունի փողոցը փակ է

Անհնազանդության ակցիայի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գլխավորած երթը նստացույցով փակեց Կորյուն փողոցը։

«Այն մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչի համար է այս պայքարը, մի օր հասկանալու են, որ նաեւ իրենց համար է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մի օր իրենց դուռը չբացեն եւ տեսնեն թուրքի։ Չորս տարվա քաղաքականության արդյունքում այս իշխանությունը քայքայեց Արցախը, բզկտեց Սյունիքը, հիմա չի կշտանում խոսում է Տավուշի ու Արարատի մասին։ Այս պայքարն այն բանի համար է, որ մահաբեր իշխանություն չլինի»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը նաեւ կոչ արեց ոստիկաններին հանրահավաքներին մասնակցող ցուցարարների ճշտգրիտ թվեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։

«Ոստիկաններ, Նիկոլին քիչ թվեր ցույց մի տվեք, որ հանկարծ չվախենա ու դեղեր խմի, այլ իրականն ասեք, ու ասեք՝ Նիկոլ, դու չունես իշխանություն։ Իշխանությունը հայությանն է, որը վռնդելու է դավաճանին»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ այս պահին ընդդիմադիր շարժումը Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով երթ է իրականացնում: