Միտք 4 տարի առաջ - 10:22 19-03-2022

Մանդատ տվողը և մանդատ վերցնողը. երկուսից մեկը պատասխանատվությունից խուսափում է

ՔՊ-ական պատգամավորը հոխորտալու պես ասում է, որ 2021 թվականի հունիսի 20-ին ժողովուրդն իրենց պողպատե մանդատ է տվել, որ Թուրքիայի հետ բարիշեն և Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծեն, որ այդ մասին բացեիբաց հայտարարել են բոլորին և հիմա անում են այն, ինչ ասել են: Իսկ ժողովրդին, երբ առանձին-առանձին հարցնում ենք, ասում են, որ մանդատ չեն տվել Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու համար: Ոչ էլ Հայաստանի ինքնիշխան սահմաններից ներս խուժած թշնամուն պարբերաբար նոր տարածքներ զիջելու և վերջապես բանակ չունենալու, ինքներս մեր անվտանգությունը պաշտպանել չկարողանալու համար: Մանդատ չեն տվել, որպեսզի Հայաստանը Թուրքիային տրամադրեն այնպես, ինչպես թուրքն է ցանկանում՝ անարգել ու անպաշտպան փռելով ոտքերի տակ:

Երկուսից մեկը փորձում է պատասխանատվությունն իրենից հեռացնել: Կամ մանդատ տվողն է երեսպաշտություն անում, կամ՝ մանդատ վերցնողը: Երկու դեպքում էլ աններելի է, քանի որ հայրենիքի, պետության ու պետականության ճակատագիրն է նժարին դրված: Ժողովուրդը մանդատ է տվել թուրքի հետ մտերմանալու, մերձենալու կամ ուղղակի չպատերազմելու համար, բայց գնի համար, թե ինչ ենք վճարելու, և դա ինչ կարժենա, չի սակարկել: Իսկ իշխանությունը տալիս է այն գինը, վճարում է այնքան, որքան ինքն է պատկերացնում կամ իրենից են ուզում դիմացը: Այդ գինն է տալիս և վերջ: Որևէ մեկի հետ չի պատրաստվում քննարկել, քանի որ իրեն օժտել են վճարելու լիազորությամբ, ոչ թե թույլտվություն հայցելու կամ հաշիվ ներկայացնելու:

Ժողովուրդը, որին սովորաբար ասում են իմաստուն, հատկապես, որ իր հավաքական որոշումներում ու վճիռներում չի սխալվում, կարճմիտ ու անհեռատես գտնվեց իր ընտրությունում: Պարտված իշխանությունը, ով և ինչպիսին էլ լինի այն, անգամ՝ Տիգրան Մեծը, որ թագը, այսինքն՝ պետությունն ու պետականությունը, դրեց Լուկուլոսի ոտքերի առաջ, չի կարող ինքնուրույն և իրեն պաշտպանող որևէ քայլ անել: Հայաստանը տալու է այն, ինչ ուզեն Թուրքիան ու Ադրբեջանը, և ինչքան ուզեն: Որևէ տեղ չի կարող հակաճառել կամ հակադարձել և իր կողմից խաղի որևէ կանոն թելադրել, որովհետև դա սահմանված չէ պարտվածին: Այդ պարզունակ նրբությունը պետք է հասկանար ու հաշվի առներ մեր ժողովուրդը մանդատ տալուց առաջ: Եթե գիտակցելով է տվել՝ վատ է, իսկ եթե առանց գիտակցելու է տվել՝ ավելի վատ է:



Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
14:58 Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն